AZG Daily #8, 18-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#187, 2001-10-16 > #188, 2001-10-17 > #189, 2001-10-18 > #190, 2001-10-19 > #191, 2001-10-20
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 18-10-2001



Տեղադրվել է` 2008-11-09 14:05:11 (GMT +04:00)

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿ ԻԳՆԱՏԻՈՍ ԱՐՔ. ՄԱԼՈՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատող

Վերջերս մամուլը հրատարակեց հաղորդագրություն, որ ս. թ. հոկտեմբերի 8-ին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը հանդիսավոր արարողությամբ Երանելիների շարքն է դասել Մարտինի հայոց կաթոլիկ առաջնորդ, 1915 թ. ցեղասպանության զոհ դարձած Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին: Կարծում ենքՙ ընթերցողներին կհետաքրքրի, թե ով էր Իգնատիոս Մալոյանը:

Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգապահպանման կարեւոր գործոններից մեկը: Հայ հոգեւորականությունը մեր ժողովրդի համար օրհասական պահերին միշտ նեցուկ է եղել նրան եւ կրել առաջին հարվածը: Բացառություն չէին նաեւ 1915-23 թթ. Հայոց մեծ եղեռնի տարիները, երբ ամենադաժան եւ սարսափելի տանջանքներով սպանում էին հատկապես հայ հոգեւորականներին, որոնք, հավատարիմ մնալով իրենց երդմանը, տաժանակիր մահը գերադասում էին հավատուրացությունից: Կարելի է նման բազում օրինակներ բերել, սակայն մենք կխոսենք Մարտինի արք. Իգնատիոս Մալոյանի մասին:

Մարտինը, Դիարբեքիրի (Տիգրանակերտ) նահանգում, Հայ կաթոլիկ նվիրապետության թեմերից ամենահինն էր, որի գրեթե ողջ հայ բնակչությունը (շուրջ 22000 հոգի) կաթոլիկ էր: 1915 թ. Մարտինի կաթոլիկ հայերի առաջնորդն էր Իգնատիոս արք. Մալոյանը: Նա ծնվել է 1869 թ. ապրիլի 8-ին, Մարտին քաղաքում: Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետոՙ 1883 թ. մտել է Զմմառի պատրիարքական կղերանոցը, որտեղ 1896 թ. քահանա է ձեռնադրվել, ապա վերադարձել ծննդավայր: Որոշ ժամանակ այնտեղ պաշտոնավարելուց հետո անցել է Կ. Պոլիս եւ կարգվել կաթոլիկ պատրիարքարանի քարտուղար, ապա մեկնել Եգիպտոսՙ որպես Ալեքսանդրիայի փոխանորդ: Տարիներ հետո Կ. Պոլիս կանչվելովՙ 1911 թ. հոկտեմբերի 22-ին ընտրվել է Մարտինի արքեպիսկոպոսՙ լիովին նվիրվելով իր թեմի մշակութային եւ կրոնական առաջադիմության գործին:

1915 թ. թուրք ոճրագործները սկսեցին իրականացնել հայերի բնաջնջման իրենց եղերական ծրագիրը. անմասն չմնաց եւ Մարտինի շրջանը: 1915 թ. մայիսի 1-ին Իգնատիոս արք. Մալոյանըՙ այդ տարաբախտ գերապայծառը, կանխատեսելով իր եւ իր հոտի գլխին գալիքը, Մարտինի ասորի կաթոլիկների առաջնորդարանում հավաքում է թեմի տասնհինգ հոգեւորականների, հորդորում նրանց վերակենդանացնել հավատքը, պատրաստ լինել վատթարագույնին: Իսկ հունիսի 2-ին շրջաբերականով դիմում է Մարտինի ասորի կաթոլիկների եպիսկոպոս Գաբրիել Թափունիինՙ հանձնելով նրան իր հոտի խնամքը: Նա գրում էր. «Ես, որչափ որ տկարութիւնս ներեց, ջանացի խոնարհաբար եւ կատարելապէս հնազանդիլ Աստուծոյ Եկեղեցւոյն Գլխուն, Հռոմայ Սուրբ Քահանայապետին, եւ իմ փափաքս է տեսնել, որ եկեղեցականներս եւ ցանկալի հօտս ալ ինձ հետեւին միեւնոյն կատարեալ հպատակութեամբ Առաքելական Սուրբ Աթոռին.»:1

Հունիսի 3-ին քաղաքում սկսվեցին ձերբակալությունները: Գերապայծառը իր տասներկու քահանաների հետ ձերբակալվեց կեսօրից հետո: Երբ նրան շղթայակապ բերում են ոստիկանատուն, Մարտինի դահիճըՙ ոստիկանապետ Մեմտուհ բեյը սկսում է հարցաքննել նրան, ապա, չգոհանալով նրա պատասխաններից, ուժգին ապտակով գետին է գլորում գերապայծառին, իսկ մի այլ գազան էլ սկսում է անխնա գանակոծել: Ապա առաջարկում են հանուն փրկության իսլամանալ: Սրբազանը բարձրաձայն պատասխանում է. «Ո՚չ, ո՚չ, ես երբեք չեմ ուրանար իմ փրկիչս Յիսուս-Քրիստոսը, եւ պատրաստ եմ արիւնս թափել հաւատքիս համար. Հարուածեցէ՚ք, կտոր-կտոր ըրէ՚ք զիս, ես չեմ ուրանար իմ քրիստոնեայ հաւատքս»:2

Սրբազանին առաջնորդում են բանտ, որտեղ նա ենթարկվում է քստմնելի անարգանքների, ամեն տեսակի տանջանքների. գազանաբար գանակոծելուց հետո աքցանով նրա եղունգներն են քաշում. Այդ ամենը գերապայծառը անմռունչ տանում է: Հունիսի 9-ին նրա մորն արտոնվում է տեսակցել զավակին, սրբազանն իր հարազատին չտխրեցնելու համար մի ակնարկ անգամ չի անում իրեն բաժին հասած տանջանքների մասին:

Հունիսի 10-ին, հինգշաբթի օրը, առավոտյան 417 հոգուց եւ 12 վարդապետներից բաղկացած շղթայակապ քարավանը լուռ եւ դանդաղ առաջ էր ընթանում Մարտին քաղաքի մեծ պողոտայով: Քարավանը շրջապատված էր հարյուր քաղաքապահ զինվորներովՙ ոստիկանապետ Մեմտուհ բեյի գլխավորությամբ: Գերապայծառ Մալոյանը, գլխաբաց ու բոկոտն, շղթայակապ, երկաթյա օղակները պարանոցին, կաղնիկաղ, շրջապատված երկու ոստիկաններով, քայլում էր քարավանի հետեւից: Չնայած իր ձեռնակապերինՙ նա կարողացավ իր վերջին օրհնությունը հղել իրենց հովվին ի մահ ճանապարհող հավատացյալ ժողովրդին, իր եպիսկոպոսական քաղաքին:

Մահվան քարավանը, դուրս գալով քաղաքից, աստիճանաբար հալվելով, շարժվում էր դեպի Տիգրանակերտ: Մեմտուհ բեյիՙ իսլամանալու առաջարկը 400-ի կողմից միաբերան մերժվեց. «Պիտի մեռնինք, բայց պիտի մեռնինք Յիսուս Քրիստոսի համար»:3

Երբ եղերաշուք թափորը մոտեցավ Զարզավան բերդին, Այն-Ամարո կոչվող աղբյուրի մոտ Մալոյան սրբազանը, վերջին խոսքի թույլտվություն ստանալով, իր քահանաների հետ շրջեց քարավանի շարքերով, վերջին արձակումը տվեց, գերագույն մխիթարանքներով խրախուսեց մահապարտներին: Հետո արքեպիսկոպոսը մի հաց սրբագործեց, եւ քահանաները սուրբ մասունքը բաժանեցին հավատացյալներինՙ հաղորդելով նրանց: Պատմում են,4 որ սուրբ խորհրդի պահին մի թանձր ամպ է շրջապատել հավատացյալներինՙ նրանց բոլորովին անտեսանելի դարձնելով մահմեդականների աչքին: Աստված հանկարծ հյուսել էր այդ քողը սրբազան իրերը հեթանոսների աչքից ծածկելու համար: Հետագայում, ներկա գտնվող թուրքերը պետք է վկայեն, որ այդ պահին մի զմայլելի բուրմունք են զգացել:

Այս սուրբ արարողությունից հետո Մեմտուհ բեյը քարավանից զատեց երկու խումբ, որոնք առանձին-առանձին դեպի մահ ճանապարհվեցին: Մնացածը (204 հոգի) գերապայծառի հետ շարունակեցին իրենց ճանապարհը: Երկու ժամ քայլելուց հետո նրանք հասան Տիգրանակերտից չորս ժամ հեռու գտնվող խորահատակ մի ձոր, որտեղ Սրբազանին զատեցին, իսկ մնացած բոլորն անխտիր բնաջնջվեցին: Նրանց կրոնական հաստատակամությունը եւ մահը հիացրել էին անգամ այդ ամենին ականատես ավարառու քրդերին:

Գերապայծառին ստիպում են ձի հեծնել եւ գնալ առջեւից: Երբ հասնում են Տիգրանակերտից երեք ժամվա հեռավորության Գարա-Քեուիրյու վայրը, Մեմտուհ բեյը մի անգամ եւս խոստանում է խնայել Սրբազանի կյանքը, եթե նա հավատափոխ լինի:

Ի պատասխան սառը մերժում ստանալով, այդ դահիճը հարձակվում է գերապայծառի վրա, վայրագորեն փորում նրա աչքերը, ապա մորուքից բռնելով գլխատում նրան: Եվ արքեպիսկոպոսն ընկնում է արյան լճի մեջ: Նա մահացած էր. Մարտինի սիրելի եւ քաջ առաջնորդը 46 տարեկան էր եւ 4 տարվա եպիսկոպոս. Ոճրագործները շտապում են Տիգրանակերտՙ բժիշկներին ստորագրել տալու, թե իբր գերապայծառ Իգնատիոս Մալոյանիՙ ճամփորդության ընթացքում վրա հասած մահը սրտի կաթվածի հետեւանք էր.

Սա ընդամենը մեկ օրինակ էր. մի հայ քրիստոնյայի դաժան ճակատագիր: Իսկ Մեծ եղեռնի զոհ հայ հոգեւորականների թիվը հասնում է շուրջ երկու հազարի: Նրանք բոլորն էլ նահատակվել են հանուն հավատի, հանուն ազգի: Այս արժանավոր հայ քրիստոնյա վարդապետին Երանելիների շարքը դասելը Հռոմի պապի կողմից եւս մեկ քայլ էր Հայոց ցեղասպանության դատապարտման գործում:

==========

1. Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985, էջ 277

2. Նազլեան Հովհաննէս արք., Յուշերը Մերձաւոր Արեւելքի 1914-1928 շրջանի քաղաքական-կրօնական դէպքերուն մասին, Պէյրութ, 1960, էջ 368

3. Նազլեան Հովհաննէս արք, «Յուշերը.», էջ 371:

4. Նույն տեղում:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 18-10-2001


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.