ԿԻԲԵՌՍՊՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Այսօր կորոշվեն Եվրոպայի առաջնության հայ մասնակիցները Երեկ ՆՓԱԿ-ում մեկնարկեց կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմակերպած որակավորման մրցումների փուլը, որի հաղթողները Հայաստանը կներկայացնեն մարտի 15-28-ը Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ինչպես տեղեկացանք կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանից, մրցումներին մասնակցում են Երեւանից ու մարզերից ժամանած 100-ից ավելի մարզիկներ: Մասնակիցների միջին տարիքը 16-25-ն է, ավելի ցածր տարիք ունեցողները մրցումներին թույլատրվում են մասնակցել ծնողների համաձայնությամբ: Կիբեռսպորտի համաշխարհային կոմիտեի կողմից ներկայացված ցանկից ընտրվել են համակարգչային չորս խաղեր: Դրանցից երեքից (FIFA 07, WarGraft3: The Frozen Throne, Need For Speed: Carbon) կանցկացվեն ընտրական փուլի մրցումներ, իսկ չորրորդ խաղը (Half-Life: Counter Strike: Source) կլինի ցուցադրական, որպեսզի հնարավոր լինի պարզել այդ խաղի նկատմամբ հետաքրքրասիրության աստիճանը: Մրցումների յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իր ուժերը փորձել միայն մեկ խաղում: Մուտքավճարը 3000 դրամ է: Օլիմպիական մրցակարգով անցկացվող մրցումների արդյունքում այսօր հայտնի կդառնան այն երեք երջանիկները, որոնց բախտ կվիճակվի Հայաստանը ներկայացնել Հաննովերում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, որտեղ գլխավոր մրցանակների համար մրցավեճի կբռնվեն 30 երկրների պատվիրակներ: Ընթերցողներին տեղեկացնենք, որ կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան Հայաստանում հիմնադրվել է 2005 թ. դեկտեմբերին: Այնպես որ, այս մարզաձեւը, որը պաշտոնապես արդեն գրանցված է աշխարհի 60 երկրներում, դեռեւս նոր է սկսում արմատավորվել մեր հանրապետությունում: Անցյալ տարի առաջին անգամ կազմակերպվեցին մրցումներ կիբեռսպորտից: Մեր երեք մարզիկներըՙ Արմեն Աբրահամյանը, Արսեն Գյուլգյուլյանը եւ Կարեն Հակոբյանը, որոնք հաղթող էին ճանաչվել որակավորման մրցումներում, առաջին անգամ մասնակցեցին Իտալիայի Մոնձա քաղաքում կայացած կիբեռսպորտի աշխարհի առաջնությանը: Իհարկե, մեր մարզիկների արդյունքները համեստ էին, սակայն հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, պետք է ելույթները բավարար համարել: Ըստ Էդգար Սահակյանի, կիբեռսպորտով զբաղվողների համար առայժմ ցավոտ հարցերից մեկն ինտերնետային որակյալ կապի բացակայությունն է Հայաստանում, ինչը հնարավորություն չի տալիս նրանց մասնակցելու ինտերնետային ցանցով կազմակերպվող միջազգային մրցումներին: Ուստի միակ հնարավորությունն առայժմ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցելն է: Եվ լավագույններին ընտրելու նպատակով կազմակերպվելու են ընտրական մրցաշարեր: Նշենք, որ անցյալ տարի որակավորման մրցումներն անցկացվել են համակարգչային ակումբներում: Առաջին անգամ այս տարի մրցաշարը կազմակերպվել է ՆՓԱԿ-ի ընդարձակ սրահում, որտեղ հնչում էր հաճելի երաժշտություն, երեկոյան կազմակերպվեց դիսկոտեկ մասնակիցների համար, որոնք ապահովված էին նաեւ անվճար սնունդով: Նշենք նաեւ, որ միջազգային մրցումներին մեկնելու ծախսերի 70 տոկոսը հոգում է կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան: Այս տարի բացի Եվրոպայի առաջնությունից, կիբեռսպորտի Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն նաեւ մայիս-հունիսին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը եւ աշնանը տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը: Բնականաբար, այդ մրցումների հայաստանցի մասնակիցներին էլ ի հայտ բերելու համար կանցկացվեն որակավորման մրցումներ: Իհարկե, դժվար է գուշակել, թե հայ մարզիկներն ինչպես հանդես կգան Եվրոպայի առաջիկա առաջնությունում, սակայն Էդգար Սահակյանի կարծիքով մեր մարզիկների ընդհանուր պատրաստվածության մակարդակը բավական բարձր է, տրամադրվածությունն էլ լուրջ է, ինչը հուսադրող է: Ներկայումս աշխարհում կիբեռսպորտում առաջատար դիրքեր են գրավում ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան, Կորեան, Չինաստանը, Ռուսաստանը, Շվեդիան, Նորվեգիան, որտեղ ինֆորմացիոն տեխնոլոգիաները զարգացման բարձր մակարդակի վրա են: Կիբեռսպորտի աշխարհի առաջնություններն անցկացվում են 2000 թ.-ից: Հոկտեմբերին կայացած առաջին մրցաշարում հանդես են եկել 17 երկրների 174 մասնակիցներ: Հաջորդ տարի արդեն որակավորման մրցումներին մասնակցել էին 120 հազարից ավելի մարզիկներ: Իսկ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն անցկացվեց Կորեայում, որին մասնակցեցին 45 երկրների 470 պատվիրակներ: 2003 թ. որակավորման փուլում արդեն հանդես են եկել 600 հազար մասնակիցներ: Իսկ եզրափակիչն անցկացվել է Սեուլի օլիմպիական մարզադաշտում, որին մասնակցել են 55 երկրների 562 պատվիրակներ: Անցյալ տարի առաջին անգամ աշխարհի առաջնությունն անցկացվեց Եվրոպայումՙ Իտալիայի Մոնձա քաղաքում, որում ինչպես արդեն նշել ենք, իրենց նորամուտը նշեցին հայ մարզիկները: Հուսանք, որ կիբեռսպորտի մեր ներկայացուցիչներն այս տարի ավելի հաջող հանդես կգան միջազգային ասպարեզում: |