ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ Ա. Մ. Նման համոզմունք հայտնեց Ռոբերտ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը , մրցույթի հայտարարությունը կտեղադրվի Wall Street Journal կամ Financial Times թերթերում, որից 90 օր հետո հայտնի կդառնա բջջային կապի երրորդ օպերատորի անունը: Մրցութային փաթեթի ձեռքբերման համար ցանկություն հայտնող ընկերությունները պետք է վճարեն 10 հազար եվրո, իսկ այն ընկերությունները, որոնք կանցնեն մրցույթի հաջորդՙ առաջարկների ներկայացման փուլ, պետք է վճարեն 10 մլն եվրո: Հաղթող ընկերությունը 10 օրվա ընթացքում կսկսի իր գործունեությունը: Նրան տրամադրվելու է 15 տարվա գործունեության ժամկետ: Բջջային կապի երրորդ օպերատորին կտրվեն 055 եւ 095 հեռախոսային կոդերը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը , անդրադառնալով ընդունված որոշմանը, նշեց, որ ներկայումս մեր բջջային կապի շուկայում գործում են երկու ընկերություն եւ երրորդ ընկերության մուտքը հնարավորություն կտա հասնելու սակագների նվազեցման եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման: Ռոբերտ Նազարյանը հավաստիացրեց, թե ամեն ինչ կարվի, որ մրցույթը լինի պարզ եւ թափանցիկ: Նա նաեւ տեղեկացրեց, որ գործունեության առաջին երկու տարիների ընթացքում նոր ընկերության ներդրումների ծավալը պետք է կազմի 200 մլն եվրո: |