ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ Այս ամսվա վերջերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մ. Նահանգներ մեկնելու առնչությամբ Բոստոնում հրատարակվող «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Դեֆնի Աբիլը օգոստոսի 26-ին ճեպազրույց է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինս նշել է, որ ՀՀ նախագահը սեպտեմբերի 25-ին ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: «Սա երկկողմ այցելություն չէ, ուստի Մ. Նահանգների առաջնորդների հետ հանդիպումներ չեն նախատեսվում», ասել է նա, ավելացնելով, որ բացի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց, նախագահը այնտեղ հանդիպելու է այլ երկրների իր գործընկերների, ինչպես նաեւ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Նա այստեղ է լինելու ընդամենը երկու օրով», նշել է նա: Պատասխանելով Ռուսաստան-Վրաստան հակամարտության հետեւանքների վերաբերյալ հարցին, դեսպան Մարտիրոսյանն ասել է. «Իհարկե, այս հակամարտությունն իր հետեւանքները կունենա Հայաստանում: 90-ականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքացիական պատերազմ էր տեղի ունենում Վրաստանում, որը արտաքին աշխարհի հետ մեր կապի միակ երկիրն էր: Մեզ մեծապես հետաքրքրում է կայունությունը Վրաստանում: Լարվածությունը շարունակվում է եւ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը հենց նոր ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Դեռ վաղ է մեկնաբանություններ անել դրա հետեւանքների վերաբերյալ: Բայց հաստատ կարելի է ասել, որ տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի է բարդանում»: Անդրադառնալով Հայաստանում Մ. Նահանգների նոր դեսպանի նշանակման խնդրին, պրն Մարտիրոսյանը նշել է. «Դարձյալ մանրամասն մեկնաբանություններ կատարելը վաղաժամ է: Մինչեւ Մ. Նահանգների վարչակազմը չփոխի իր դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում, դեսպանը, ով էլ լինի, շարունակելու է պաշտպանել կառավարության դիրքորոշումը»: Արմեն Մարտիրոսյանը ՄԱԿ-ում ՀՀ դեսպան էր նշանակված նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով, եւ շարունակում է իր պաշտոնում մնալ նաեւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի օրոք: |