|
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 30-06-2009
| Մշակույթ | Տեղադրվել է` 2009-06-30 20:47:18 (GMT +04:00) |
REANIMANIAՙ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Փառատոնաշատ Հայաստանում ստեղծվել է եւս մեկըՙ ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը, որն առաջին անգամ կկայանա հոկտեմբերի 3-6-ը: Ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում փաստեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին , փառատոնի ստեղծման միտքը ծնվել է երեք տարի առաջ, իսկ անունն ընտրվել է ոչ պատահական, քանի որ ReAnimania-ի գլխավոր նպատակը անիմացիոն արտադրության ասպարեզում Հայաստանի փառավոր հեղինակությունը վերականգնելն է: Իսկ մինչ այդ ամենամյա փառատոնը, կազմակերպիչների վստահեցմամբ, անցնելու է համաշխարհային հռչակ ունեցող անիմատորների մասնակցությամբ ու նրանց գործերի ցուցադրմամբ: Արդեն իսկ երկարամյա համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել Ֆրանսիայի հեղինակավոր 50-ամյա «Անսիի» անիմացիոն փառատոնի հետ, որը իր ֆիլմերի ամբողջական հավաքածուն տրամադրել է ReAnimania-ին: Փառատոնի 10-15 ծրագրերի շարքում են մրցութային, ոչ մրցութային, մանկական եւ այլ ծրագրեր: Ցուցահանդեսների, հետահայաց ցուցադրությունների, սեմինարների, վարպետության դասերի շնորհիվ ReAnimania-ի կազմակերպիչները նպատակ ունեն ներկայացնելու անիմացիոն արտադրության լավագույն օրինակներն ու ներկայացնել զարգացման ուղղություններն ու միտումները` համաձայն ժամանակակից անիմացիայի ռուսական, եվրոպական, ամերիկյան դպրոցների համադրմամբ: Տեղեկացման գործառույթից զատ փառատոնը նպատակ ունի նաեւ միավորել հայ անիմատորների, քանի որ Վրեժ Քասունու խոսքով, ներկայում հայաստանյան անիմացիայի դաշտը շատ ավելի լայն ու ընդգրկուն է, քան կարծում ենքՙ անիմատորներից շատերը նախընտրում են անհատական աշխատանք արտերկրից պատվերների հիմքով: Մրցութային ծրագրեին մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է հունիսի 20-ին ու կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը: Արդեն իսկ ներկայացված 18 հայտերից 15-ն ստացվել են արտասահմանի անիմատորներից, 3-ըՙ Հայաստանից, բայց սա վստահաբար հաստատուն տվյալ չի մնաՙ կազմակերպիչներն ակնկալում են այդ թվի կրկնապատկում: «Այս փառատոնը ավելին է լինելու, քան ուղղակի փառատոնը», սա էլ կազմակերպիչների վստահեցումն է, ովքեր ստացել են ՀՀ մշակույթի նախարարության դեռեւս բարոյական, Հայաստանի ազգային կինոկոնգրեսի, «Շուշի» հիմնադրամի աջակցությունը: ReAnimania-ի պաշտոնական գործընկերներն են Հայաստանում հավատարմագրված մի քանի երկրների դեսպանություններ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, Մոսկվա կինոթատրոնը, ԿԱՍՍարտ ստուդիան: Փառատոնի կազմակերպիչները հատուկ ընդգծեցին, որ ReAnimania-ի ծրագրերից միայն մանկականն է առանց ծնողների նախընտրության երաշխավորում երեխաների մասնակցության արդյունավետությունը, քանի որ մնացյալ ծրագրերում ներկայացվելիք ֆիլմերի թեմատիկան կարող են երեխաների համար ինչպես դժվարընկալելի, նաեւ անհարկի ազդեցիկ լինել: |