AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#144, 2009-08-01 > #145, 2009-08-18 > #146, 2009-08-19 > #147, 2009-08-20 > #148, 2009-08-21
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 19-08-2009



Հարցազրույց

Տեղադրվել է` 2009-08-19 23:25:58 (GMT +04:00)

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՏՅԱՆԸ ՆԱԽԱԴԵՊՆ ԷՐ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻ»

Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Հայտնի ցեղասպանագետ, Զորյան ինստիտուտի տնօրեն, Հայաստանի ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Վահագն Տատրյանի եւ թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի համատեղ աշխատությունը` «Ստամբուլում «Իթթիհատ վե Թերաքիի» դատավարության արձանագրությունները» գիրքը, մեծ արձագանք է ունեցել Թուրքիայում: Այս թեմայով պրոֆեսոր Տատրյանը համաձայնեց պատասխանել «Ազգի» հարցերին:


- Պարոն Տատրյան, ինչո՞ւ Թուրքիան գնաց այդ քայլին եւ Առաջին աշխարհամարտից հետո ստեղծեց դատական մի մարմին, որը քննում էր Հայոց ցեղասպանության մեջ մեղսագործ քաղաքական գործիչների գործերը:

- Նախքան քեմալական շարժման սկիզբը եւ զարգանալը, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, Թուրքիան ընկճված եւ հուսահատ վիճակում էր եւ մտավախություն ուներ, որ հայկական ջարդերի կապակցությամբ հաշտության պայմանները շատ ծանր պիտի լինեն իր համար` ոչ միայն որպես պարտված ազգի, այլեւ որպես ոճիրների գլխավոր դերակատար կառավարության: Այս մտավախությամբ, հաշտության պայմանները մեղմելու համար թուրք կառավարությունները 2 տարվա մեջ փորձեցին աշխարհին ցույց տալ, որ այս ոճիրները ընդամենը թուրք հեղափոխական փոքրամասնության գործն էին, եւ թուրք ժողովրդին չպետք է մեղավոր համարել այս կապակցությամբ: Այս առիթով որոշեցին գործնական քայլեր ձեռնարկել, եւ կազմվեց պատերազմական ատյան: Պատեազմական ատյանը մեծաթիվ նյութեր հավաքեց: Ինչպես հայտնի է, հանցագործությունների դեպքում նախաքննական շրջան կա` փաստահավաք, եւ այդ շրջանից հետո որոշում ընդունվեց, որ բավականին փաստեր կան դատը սկսելու համար: Փաստահավաք հանձնախումբը ղեկավարում էր Օսման Մասար անունով նախկին մի կուսակալ: Երկու ամսվա ընթացքում Մասարի այդ հանձնախումբը մեծ թվով փաստեր հավաքեց, հանձնախումբը մեծաթիվ վավերագրեր ձեռք բերեց: Ինչպես ասացի, թուրքերը պարտված էին, տրամադված էին խոստովանություններ անելու, եւ Մասարի հանձնախմբի հավաքած նյութերը հիմք կազմեցին հետագա թուրքական պատերազմական ատյանի ամբաստանագրին:

- Այս դատական գործընթացը փաստորեն սկսվեց 1918-ին:

- Այո, 1918-ի դեկտեմբերին սկսվեց: Դեկտեմբերի 14-ին սուլթանը հրովարտակ արձակեց, որով դատական հետապնդումներ սկսվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական ջարդերի պատասխանատուների նկատմամբ: Այս հրովարտակի հիման վրա կազմվեց պատերազմական ատյանը, որի փաստերով ստեղվեց մարտի ութի լայնածավալ ամբաստանագիրը: Այստեղ կցանկանամ նշել, որ ի տարբերություն անգլիական-ամերիկյան դատական համակարգի, թուրքական դատական համակարգը հիմնված էր ֆրանսիական սիստեմի վրա, ուր ամբաստանյալը իրավունք չունի հետազոտելու դատարանի ձեռքին գտնվող փաստերը: Ֆրանսիական եւ թուրքական սիստեմի մեջ փաստաբանները չկարողացան մոտենալ հավաքված փաստերին, եւ ամբաստանագիրը լի է, մի գեղեցիկ հայերեն բառ ունենք` կլանիչ փաստե:րով:

- Փաստորեն այդ մեղադրական փաստերը բաց արխիվներում էին, եւ դուք կարողացաք ձեռք բերել:

- Ցեղասպանության նման լայնածավալ ոճիրի փաստերն անհետացնելը գրեթե անկարելի է, միշտ մի քանի փաստեր կմնան: Գլխավոր ջարդարար դոկտոր Նազըմը եւ երկրորդը` Բեհադին Շաքիրը, պատերազմի ավարտից մեկ ամիս առաջ փախցրեցին մեծ թվով կարեւոր փաստաթղթեր: Սակայն ոճիրն այնքան մեծ էր, որ չկարողացան անհետացնել բոլոր փաստերը, մնացած փաստերը դատարանը ձեռք բերեց եւ դրանց հիման վրա ամբաստանագիր կազմվեց: Այնտեղ կան ջախջախիչ փաստեր, օրինակ, 1915-ի հունիսի 23-ին դոկտոր Բեհադին Շաքիրի օգնականը Խարբերդից Նիզամին հեռագիր է ուղարկել` ասելով, որ «Խարբերդի խեղճ հայերը ոչ միայն կտարահանվին, այլեւ կենթարկվին ջարդի եւ բնաջնջումի», այս փաստաթուղթը եւս դատարանի ձեռքն անցավ: Նմանատիպ մի քանի ջախջախիչ փաստեր ձեռք բերվեցին գլխավոր ջարդարարների հանցանքը ապացուցելու համար: Մեկ այլ փաստ եւս հիմք էր դատարանի համար, դա 3-րդ բանակի հրամանատար Վեհիբ փաշայի պատրաստած զեկույցն էր: 1918-ի դեկտմեբերի 5-ին 3-րդ բանակի հրամանատարին դատարանը խնդրեց, որ վերջինս որպես ականատես վկայություն տա, եւ Վեհիբ փաշան պատրատեց 18-էջանոց վկայանություն, որը ներկայումս գտնվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվում: Ըստ զեկույցի` թուրք զինվորականի եզրակացությունը հետեւյալն էր. «Հայկական տեղահանության եւ ջարդերի գլխավոր պատասխանատուն Իթթիհատ կուսակցության կենտրոնական կոմիտեն է, եւ այդ կոմիտեն այս ոճիրը գործել է կանխամտածված»: Պատերազմական ատյանը այս ընդհարձակ տեղեկագիրը մի քանի անգամ օգտագործեց: Սակայն դատավճիռն ամբողջությամբ հիմնված է ոչ թե վկայությունների, այլ պատերազմի ժամանակ Իթթիհատ կուսակցության եւ Օսմանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերի հիման վրա, սա շատ կարեւոր է, քանի որ թուրքերի վարձած մի քանի ամերիկացի եւ եվրոպացի գիտնականեր ասում են, որ այդ դատարանը շինծու դատարան էր, թուրքերը պարտված էին: Եվ որպեսզի այս առարկության դեմ դատարանը ամուր հիմքեր ունենա, պատերազմական ատյանը հետեւյալ քայլն արեց: Երկու նախարարությունների բարձարաստիճան պաշտոնյաներ` մեկը` ներքին գործոց նախարարության, մյուսը` արդարադատության, ամեն անգամ, որ փաստաթղթեր ձեռք էին բերում, բերում էին այս մարդկանց մոտ ստուգելու համար, արդյոք կհամապատասխանի՞ բնագրին, եւ այս պաշտոնյաները Իթթիհատ կուսակցության մնացորդ պաշտոնյաներն էին, որոնք տակավին պատերազմի ավարտին իրենց պաշտոնում էին, եւ չնայած դրան` մեկ առ մեկ ստուգեցին եւ հաստատեցին, որ դրանք բնագրերին կհամապատասխանեն: Ամեն մի փաստաթղթի վերեւում եւ ներքեւում հետեւյալ մակագրությունն էր դրվում. «Սա կհամապատասխանի բնագրին»: Այնպես որ այս իրողությունը կարեւոր նշանակություն կտա թուրքական պատերազմական ատյանի ամբաստանագրին եւ այդ դատարանի դատավճիռներին: Այսինքն` ամեն փաստ մակագրված էր թուրք պետության պաշտոնյաների կողմից: Իմ կարծիքով` թուրքական պատերազմական ատյանը ոչ միայն նախադեպն էր Նյուրնբերգի, այլեւ, հիմնվելով թուրքական պաշտոնական աղբյուրների վրա, անվիճելի կդարձնի Հայկական ցեղասպանության փաստարկումը:

- Առավել եւս, որ դա եղել է կազմակերպված, այլ ոչ թե ինչ-որ տեղական ուժերի գործողություններ, որովհետեւ այն թուրքերը, ովքեր այժմ ընդունում են Ցեղասպանության իրողությունը, շեշտում են, որ պետականորեն կազմակերպված չէր:

- Բոլոր դատավճիռների մեջ շեշետված էր, որ Իթթիհադ կուսակցության կենտրոնական կոմիտեն է այս բոլոր որոշումների հեղինակը: Եվ այս կապակցությամբ մեծ նմանություն կա Նյուրնբերգյան դատավորությանը, որտեղ հիմնականում նացիստական կուսակցությունը դատապարտվեց: Եվ այստեղ էլ թուրք պետությունում կառավարող Իթթիհադ կուսակցության ղեկավարությունը դատապարտվեց: Թուրք զորավար Վեհիբ փաշան իր ամբաստանագրի մեջ շեշտում է այս կետը, գործածելով «կանխամտածված» բառը եւ նշում է կուսակցության դերը այս ոճիրի կազմակերպման գործում: Իմ կարծիքով` Հայկական ցեղասպանությունը, կրկնում եմ, նախադեպն է Նյուրնբերգի, եւ որեւէ առարկություն չի դիմանում, որովհետեւ հիմնված է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ստուգմամբ հաստատված վավերագրերի վրա, եւ դրանք բոլորը համապատասխանում են բնագրերին:

- Պարոն Տատրյան, անդրադառնանք ձեր գրքին, որը նաեւ թուրքերեն է թարգմանվել, ինչն աննախադեպ է, քանի որ նախկինում թուրքերենով նմանածավալ աշխատություն երբեք չէր հրատարակվել:

- Ոչ միայն աննախադեպ է, այլեւ անհավատալի: 85 տարի շարունակ թուրք կառավարությունները ոչ միայն ուրանում էին այս ոճիրը, այլեւ ճնշում էին թուրքական մամուլը եւ թուրք հրատարակիչներին: Ես մինչեւ այսօր կմնամ զարմացած, թե ինչպես թուրք կառավարությունը թույլ տվեց, որ այսպիսի գիրք հրատարակվի: Իմ եզրակացությունն այն է, որ կամ տակավին չեն անդրադարձել գրքի հրատարակությանը եւ կամ էլ քաղաքական այնպիսի նուրբ հանգրվանի մեջ էին, որ ուզում էին անպայման Եվրոպայի աչքը մտնել եւ ճանաչվել իբրեւ արդարադատ, արդարամիտ կառավարություն, եւ այս պատճառով թույլ տվին գրքի հրատարակությունը: Գիրքը շանթահար հարված էր, եւ շատ թուրքեր` Անկարայի, Իզմիրի, Ստամբուլի համալսարանների ուսանողներ, ասում են. «Մեր կառավարությունը ինչպե՞ս է մեզ խաբել 85 տարի շարունակ»: Զարթոնք կա, ընդվզում կա իրենց կառավարության դեմ: Թուրքական Բիլգի համալասրանի հրատարակիչն առաջին անգամ հեռախոսով կապվեց ինձ հետ, շնորհավորեց եւ ասաց, որ գիրքը գրեթե սպառվելու վրա է, եւ կպատրաստվեն երկրորդ անգամ հրատարակել:

- Քանի՞ օրինակ է տպվել:

- Որքան կհիշեմ` 1500 կամ 2000, ինչը մեծ բան է ակադեմիական լուրջ գործի համար:

- Նմանատիպ նոր աշխատանքներ, հատկապես թուրքերեն լեզվով, պատրաստվո՞ւմ եք հրատարակել:

- Մի քանի ամիս առաջ թուրք հրատարակիչ Զարաքօղլուն, որ հրապարակում է այսպիսի դժվարին, խնդրահարույց գրքեր, հրապարակեց իմ 600 էջանոց գրքից թուրքերեն թարգմանություն, որի վերնագիրն է «Հայկական ցեղասպանության պատմությունը»: Որքան գիտեմ, այս գիրքն ավելի գաղտնագողի կբաշխվի, որովհետեւ մեկը Ստամբուլից ասաց, որ ով այդ գիրքը գնի, խանութից դուրս կպահի: Ես կրկին զարմացա, որ թուրքական ոճիրների մերկացումը փաստող հատորը հրատարակվել եւ վաճառվում է Ստամբուլում: Բացի այդ, նույն հրատարակչությունը 6 տարի առաջ հրատարակեց իմ ուրիշ մեկ գործը, որն անգլերեն տպագրել էր ամերիկյան աշխարհահռչակ Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Կոչվում է «Հայկական ցեղասպանությունը` ըստ միջազգային քրեական օրենքի», լայնածավալ ուսումնասիրություն է, 120 էջանոց: Համալսարանում ասացին, որ մենք այս իրավաբանական հանդեսը կհրատարակենք 25 տարի, եւ առաջին անգամ այսքան պահանջ կա, կկազմակերպենք երկրորդ եւ երրորդ հրատարակությունը: Բոլոր` ամերիկյան, անգլիական, կանադական համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում իմ այս գործը կկարդացվի: Այս ամենով քաջալերված` մի իրավաբանական կաճառ հրատարակեց երկրորդ մեկ գործս, որը կկոչվի «Հայկական եւ հրեական ցեղասպանությունների տարբերության վերլուծությունը» իրավաբանական տեսակետից, եւ սա նույնպես մեծ տարածում է գտել: «Հայկական ցեղասպանության պատմություն» գիրքը հրատարակվել է նաեւ հունարեն, իսպաներեն, իտալերեն, մի քանի ամիս առաջ նաեւ ռուսերենՙ Երեւանի մեջ: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենությունը կաշխատի, որ Մոսկվայի մեջ ռուս հրատարակիչները վերահրատարակեն այդ 600 էջանոց գիրքը: Բացի դրանից, վերադառնալուց հետո կհրատարակեմ 2 գործ եւս, մեկը` թուրքական ուրացումների ընդարձակ վերլուծությունը եւ մերկացումը, 200 էջանոց հրատարակություն է անգլերեն լեզվով, որ մեկ ամիս անց կհրատարակվի Զորյան հիմնարկի կողմից: 1919-ին հրատարակվեց մի հատոր, ուր ապրիլի 24-ի ձերբակալվածների նկարները եւ կենսագրականները կան: Այս գիրքը անգլերեն թարգմանեցինք, եւ որովհետեւ միայն պատկերներ եւ կարճ նկարագրականներ են, ես գրեցի 120 էջանոց ներածական, բացատրելով այս հայկական ձերբակալություների իմաստը, որը նախաքայլը եղավ ցեղասպանության: Սա կլինի մեկ- երկու ամիս հետո, այլ ծրագրեր եւս ունեմ: Երբ վերադառնամ, Թաներ Աքչամի հետ կցանկանամ երկրորդ եւ երրորդ հատորը հրատարակել:

- Դուք մեծ աշխատանք եք տանում Ցեղասպանության ճանաչման գործում, ունե՞ք աշակերտներ, որոնք կշարունակեն այս աշխատանքը աշխարհի տարբեր համալսարաններում եւ Հայաստանում:

- Սա ինձ համար խոցելի հարց է: Երկու պատճառ կա, որ իմ պատասխանը ժխտական կլինի, նախ` ցավով եմ ասում, այսօրվա երիտասարդության մեջ, թե՛ այստեղ թե՛ սփյուռքում, չեն գտնվիր նվիրյալներ: Այսօր համաշխարհային աղետ է, որ երիտասարդները կլանված են մեկ գաղափարով. եթե ուսումն ավարտեն` գործ պիտի գտնե՞ն, թե՞ ոչ, եւ այս առումով անտարբերություն կա Հայկական ցեղասպանության մեջ մխրճվելու հարցում: Ավստրալիայից մի երիտասարդ եկավ մեր Զորյան հիմնարկ, շատ խանադավառվեց, որոշեց իր դոկտորական թեզը ցեղասպանությանը նվիրել: Գնաց Ավստրալիա եւ 6 ամիս հետո ասաց` պիտի հրաժարվի, քանի որ ուր գործ կփնտրի, կհարցնեն, թե դոկտորականի թեզը ինչի մասին է, կպատասխանե` Հայոց ցեղասպանության, անմիջապես հետաքրքրությունը կպակասի, չեն հետաքրքրված: Երկրորդ պատճառը` ժամանակ չունեմ, այնքան ծրագրեր ունեմ, ուզում եմ մեռնելուց առաջ արագ-արագ արտադրել, իսկ ուսուցանելը շատ ժամանակ կխլի: Այլ պատճառն այն է, որ Ցեղասպանության ուսումնասիրություն համար լայնածաված լեզվական հմտություն է պետք, ոչ միայն հայերեն, պետք է իմանալ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Իսկ երիտասարդները կամ հայերեն, կամ անգլերեն գիտեն, ոչ թուրքերեն, ոչ օսմաներեն:

- Վերջին 10 տարիների ընթացքում Ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ թափ է ապրել, մոտ 21 երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը: Եվ այդ գործընթացին ինչպե՞ս եք դուք վերաբերվում, մանավանդ որ Հայաստանում մեծ սպասում կար, թե Բարաք Օբաման կարտասանի այդ բառը: Այժմ հիասթափություն կա: Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ գիտական աշխատանքների վրա:

- Հայերը հիմա կլանված են այն տպավորությամբ, որ 20-ից ավելի երկրներ ճանաչել են հայկական ցեղասպանությունները: Սա թյուրիմացություն է, քանի որ ճանաչել են ոչ թե գործադիր իշխանությունները, այլ` խորհրդարանները: Խորհրդարանը հեղինակություն չունի արտաքին քաղաքականության մեջ: Միայն Ֆրանսիան է, որտեղ թե՛ օրենսդիր եւ թե՛ գործադիր իշխանությունները ճանաչեցին, նույնիսկ Ռուսաստանը միայն խորհրդարանի մակարդակով է ճանաչել: Այնպես որ մենք մեզ չպետք է խաբենք, համընդհանուր ճանաչում չկա: Քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ոչինչ չի լինի, եթե մեկը ինձ հարցնի` ի՞նչ եզրակացության հանգեցիր Ցեղասպանության ճանաչման խնդրի մեջ խորանալով, ապա պիտի ասեմ, որ մեկ գործոն կա, որ որոշիչ է` ուժը եւ հզորությունը: Թուրքիան, երբ տկար էր, 1918-20-ին խոստովանություններ արեց, սակայն երբ քեմալիզմը նվաճումներ արձանագրեց եւ պարտության մատնեց թե՛ Հայաստանին եւ թե՛ Հունաստանին, այդ խոնարհ, խոստովանության պատրաստ թուրք ժողովուրդը մեկեն դարձավ ամբարտավան: Մեր ամբողջ հարցն այս է, որ մենք տկար պետություն ենք ի համեմատություն Թուրքիայի եւ երկար պիտի սպասենք, մինչեւ նրանք ճանաչեն: Եվ դա կլինի, եթե Թուրքիան զգալիորեն տկարանա: Այս տկարության հեռանկարըՙ եթե ներքին խռովություն լինի, եւ թուրքը թուրքի հետ բախվի, եւ քաղաքացիական պատերազմ լինի կամ ուրիշ պատճառներով հեռանա ՆԱՏՕ-ից... Սակայն ճագարի պես կաճեն, արդեն 72 միլիոն են:

- Իսկ եթե թուրք-քուրդ բախումներ լինեն: Քրդերը նույնպես արագ են աճում:

- Ամենախոցելի խնդիրը մեզ համար այն է, որ Թուրքիայում որպես արմատական, բացառիկ հեղինակություն ոչ թե թուրք պետությունն է` վարչապետը կամ նախագահը, այլ` բանակը: Թուրքական բանակը այնպես կզինվի, որ նույնիսկ Ամերիկայի մեջ պետական մարդիկ կասեն, թե ինչո՞ւ այդպես կզինվեն: Հզոր բանակ ունեն, եւ հարեւան ոչ մի պետություն չի կարող սպառնալ: Ես շատ կմտահոգվեմ, որ եթե առիթ ստեղծվի, կներխուժեն եւ կնվաճեն Հայաստանը եւ Հունաստանը: Ես գտա մի վավերագիր, որի մասին շատ քիչ պատմաբաններ գիտեն: 1920-ին Հայաստանը նվաճող Քյազիմ Կարաբեքիրը հետագայում 1200 էջանոց գիրք հրատարակեց «Թուրքիայի անկախության պատերազմը» վերնագրով, որտեղ կա մի հեռագիր` թվագրված 1920-ի նոյեմբերի 8-ով, եւ ես կզարմանամ` ինչպես այդ գաղտնի հեռագիրը հրատարակեցին: Կարաբեքիրի բանակը պարտության մատնեց հայկական բանակին, եւ երբ Հայաստանի կառավարությունը ստիպված եղավ զինադադար կնքել, Կարաբեքիրը գաղտնի հեռագիր ստացավ Անկարայից, որտեղ ասված էր. «Կուզենք ձեզի հայտնել, որ Թուրքիան 2 հավերժ թշնամի ունի` արեւելքում Հայաստանն է, իսկ արեւմուտքում` Հունաստանը, եւ երբեք հնարավոր չէ ակնկալել, որ մենք այս երկու ազգերի հետ կարող ենք հաշտ ապրիլ, հետեւաբար ձեզի կհրահանգենք, որպես գլխավոր նպատակ, ընդունեք հետեւյալ հրամանը, Հայաստանը քաղաքականորեն եւ ֆիզիկապես պետք է աշխարհի երեսից վերանա, բայց որպեսզի այս ծրագիրը իրագործվի, դուք պետք է (խաբեպատիր) դիրք բռնեք Հայաստանի կառավարության հանդեպ»: Աշխարհի մեջ սա բացառիկ բան է, երբ պաշտոնական Անկարայի կառավարության արտգործնախարարը բացահայտորեն ասում է` խաբեք պարտված հայերին, «մեր գլխավոր եղբայրները ազերիներն են, մեր գլխավոր նպատակն է վերացնել Հայաստանը եւ օգնել Ադրբեջանին»: Այդ նույն օրը` 1920-ի նոյեմբերի 8-ին, Անկարայի արտգործնախարարը հեռագիր կուղարկե Հայաստանի կառավարությանը եւ կհայտարարե, թե պատրաստ են օգնել Հայաստանի սոված ժողովրդին: Նախարարը մեկ օրվա մեջ երկու հակադիր նամակներ կուղարկե, կեղծավորության, խաբեբայության այս փաստերը մինչ օրս չեն վերլուծվել:

Երբ հանդիպեցի Հայաստանի նախագահների հետ, անդրադարձա այս հարցին եւ ասացի` դուք` կովկասահայերդ, փորձառություն չունեք թուրքերի հետ, թուրքահայերին մի քիչ լսեք: Այն ժամանակ էլ Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի հիմնական քաղաքական դերակատարները կովկասահայերն էին, այնքան միամիտ: 1911-12-ին Բուլղարիայից զորավար Անդրանիկը գաղտնի Ստամբուլ եկավ եւ ասաց Դաշնակցության ղեկավարությանը, թե «այս ի՞նչ կանեք, սրանք մեր մուխը կմարեն», եւ Ակնունին Թալեաթի հետ պիտի բանակցեր եւ այնքան մտերմացավ վերջինիս հետ, որ ասում էր, թե սրանք նոր թուրքեր են, եվրոպացի մարդիկ են, ջենտլմեն են: Միակ մարդը Դաշնակցության մեջ, ով կհասկնար թուրքերին եւ հեռացավ կուսակցությունից, Շահան Նաթալին էր:

Եվ այսօր վարչապատ Էրդողանի այս դիմափոխությունը, մեկ` առանց պայմանի եւ հետո` պայմանով, ամեն ինչ բանակի հրամանով է: Թուրքիայի կառավարությունն ամեն 10 օրը մեկ կանոնավոր խորհրդակցում է բանակի հետ, եւ վերջինս իր կամքն է թելադրում: Իմ կարծիքով` շատ զգույշ պիտի լինենեք եւ արթուն մնանք ու կասկածամտությամբ մոտենանք թուրք դիվանագիտությանը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 19-08-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua