|
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 20-08-2009
| Անցուդարձ | Տեղադրվել է` 2009-08-20 02:23:05 (GMT +04:00) |
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԿԵՂԾ Է ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ Արդեն մի քանի օր ինտերնետում հայտնի սոցիալական բոլոր ցանցերում երիտասարդները քննարկում եւ պարզում են «S.O.S. Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի պաշտպանության հարցը: Երեկ շուրջ 50 երիտասարդ հավաքվել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի մոտ, ուր Մարիամ Սուխուդյանը հարցաքննության էր հրավիրվել: Մարիամ Սուխուդյանը կամավորական այն խմբի ղեկավարն էր, որը նախորդ տարի աշխատել էր Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում: Երիտասարդներն այդ ժամանակ ահազանգ էին հնչեցրել դպրոցի անմխիթար պայմանների, նաեւ ուսուցիչներից մեկի կողմից աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Այս տարվա օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր էր ստացել` զրպարտության մեղադրանքով օգոստոսի 15-ին ցուցմունք տալու համար: Օգոստոսի 15-ին ոստիկանությունում նրան հայտնում են, որ մեղադրվում է մեկ այլ հոդվածով` սուտ մատնության համար: Այս հոդվածով նախատեսված է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում: Մարիամ Սուխուդյանի պաշտպանության համար հավաքված երիտասարդները համոզված են, որ մեղադրանքները կեղծ են եւ փորձ է արվում լռեցնելու խնդիրները բարձրաձայնող երիտասարդներին: «Մարիամին մեղադրում են, թե իբր շահադիտական նպատակներով դպրոցի տնօրենի դեմ դավեր է նյութում: Թե իբր սեռական ոտնձգությունների մասին աշակերտների պատմությունները, որոնք Մարիամը նկարահանել էր, բեմադրված են», ասաց բողոքի մասնակից Հրայր Սավզյանը : Երիտասարդները այստեղ էին եկել «Բարի գործն անպատիժ չի մնում», «Հայաստանում հետապնդում են ահազանգ բարձրացնողներին», «Հետաքննություն+փաստեր = արդար պատիժ» պաստառներով: Երբ երիտասարդները հավաքվեցին ոստիկանության շենքի դիմաց, ոստիկանները մոտեցան ակցիայի մասնակիցներին եւ պահանջեցին ճանապարհ բացել, հեռու կանգնելՙ պատճառաբանելով, թե խանգարում են իրենց աշխատանքին եւ ճանապարհ չկա մուտք ու ելք անելու համար: Երիտասարդ ակտիվիստներն էլ նշում էին, թե իրենք որեւէ մեկին չեն խանգարում, իսկ ճանապարհը փակ չէ: «Մենք այստեղից չենք հեռանալու եւ պայքարելու ենք մինչեւ վերջ: Մարիամին լռեցնելու փորձ է արվում: Մենք չենք կարող դա թույլ տալ», նշեց Հրայր Սավզյանը: Մարիամ Սուխուդյանը, ընկերների հավաստմամբ, ոստիկանություն էր եկել հրաժարվելու ցուցմունքներ տալուց` մինչեւ գործի ամբողջական ներկայացումը: Ոստիկանության բաժանմունքից Մարիամ Սուխուդյանը դուրս եկավ շուրջ 2.5 ժամ այնտեղ անցկացնելուց հետո: Ինչպես եւ հայտարարվել էր, Մարիամը հրաժարվել էր ցուցմունքներ տալուց, փոխարենը նրա փաստաբանը պահանջել էր ներկայացնել գործին առնչվող որոշակի փաստաթղթեր: Ոստիկանությունում անցկացրած ժամերի ընթացքում Մարիամն ի նշան բողոքի բերանը կապել էր կտորով եւ հրաժարվել խոսելուց: |