AZG Daily #23, 09-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#154, 2009-08-29 > #155, 2009-09-01 > #156, 2009-09-02 > #157, 2009-09-03 > #158, 2009-09-04
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 02-09-2009



Անցուդարձ

Տեղադրվել է` 2009-09-02 00:46:19 (GMT +04:00)

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՓՈՐՁԵԼ ԵՆՔ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ ապարատի, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հետ հանդիպմանը երկրի նախագահ Սերժ Սարգսյանը համարյա ծրագրային ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին շփումների բոլոր ուղղությունների վերաբերյալ: Ծավալուն այս ելույթից առանձնացրինք միայն Արցախի խնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածը` նկատի ունենալով հանրության հետաքրքրությունն այս զգայուն հարցերի վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ մեր բանակցությունները ընթանում են տեսանելի եւ միանգամայն հասկանալի տրամաբանության շրջանակներում: Գիտեք, որ մենք արդեն ունեցել ենք վեց հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ: Անցյալ տարի նոյեմբերին ստորագրվել է Մայնդորֆյան հռչակագիրը, եղել է Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, եւ համանախագահները հանրայնացրել են մադրիդյան սկզբունքների հիմնական ուրվագիծը: Ձեզ համար հրապարակվածի մեջ, վստահ եմ, նորություն չկար, բայց հանրությունն առաջին անգամ էր տեսնում այդ սկզբունքներն ի մի բերված եւ լսում պաշտոնական աղբյուրներիից: Ես շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ դրանցում չկար որեւէ կետ, որի մասին մենք մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացրած չլինեինք մեր հանրությանը: Այդ փաստաթղթի հրապարակումը վկայեց, որ մենք երբեք չենք ստել եւ սեփական ժողովրդին մոլորության մեջ չենք գցել իրականում բանակցությունների սեղանին դրված հարցերի վերաբերյալ:

Հասկանալի է, որ հրապարակվածի մեջ կային կետեր, որոնք տարբերվում են, որոշ պարագաներում սկզբունքորեն, մեր պատկերացրած իդեալական լուծումից: Բայց փաստ է նաեւ, որ բոլոր ներգրավված դերակատարներն արդեն քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի բազմաշերտ անվտանգության երաշխավորման խնդիրները առանցքային են:

Ես շատ լավ հասկանում եմ Հայաստանում եւ Արցախում որոշ շրջանակների կողմից դրսեւորվող անհանգստության արմատները: Արցախի հիմնահարցն այն սուրբ խնդիրն է, որի զոհասեղանին իրենց կյանքն են դրել հազարավոր մեր հայրենակիցներ, որի համար մենք կրել ենք եւ շարունակում ենք կրել դժվարություններ, սակայն այն նաեւ մեր պատմության ամենահպարտալի էջերից է: Համոզված եմՙ յուրաքանչյուր հայ ղեկավար, ով ներգրավված է արցախյան հիմնախնդրի լուծման մեջ, քաջ գիտակցում է, որ մեծ պատասխանատվություն է կրում իր ժողովրդի, նրա պատմության եւ ապագա սերունդների առջեւ:

Ցանկացած այլ կարծիք կա՛մ անտեղյակության արդյունք է, կա՛մ մանր սպեկուլյացիա: Իսկ արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թույլատրելի են մանր սպեկուլյացիաները:

Կարեւոր է, որ դուք էլ բացատրեք բոլորին, առաջին հերթինՙ ձեր հավատարմագրման երկրների պաշտոնյաներին, որ խնդրի կարգավորումն օրերի, շաբաթների եւ ամիսների հարց չէ: Բոլորը պետք է հստակ պատկերացնեն, որ մենք այժմ բանակցում ենք ընդամենը կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջը: Նույնիսկ դրանց շուրջ համաձայնության գալու դեպքում բաց են մնում բազմաթիվ այլ սկզբունքներ, իսկ այնուհետեւՙ բուն համաձայնագիրը, որով պետք է կարգավորվեն կիրառման մանրամասները: Դա մեծ աշխատանք պահանջող գործընթաց է:

Մեր առաջնահերթ խնդիրներն են այս փուլումՙ ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում եւ հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից: Այս հակամարտության մեջ հայ ժողովուրդը եղել է գոյատեւման եւ ազատության համար պայքարող ժողովրդի դերում, եւ որեւէ մեկը իրավունք չունիՙ ապրելու իր իրավունքը արյամբ պաշտպանած Արցախին «ագրեսոր» անվանել: Մեր պատասխանը դրան պետք է լինի միշտ կտրուկ, վստահ եւ համոզիչ: Հատկապես ուզում եմ այս խնդրի վրա հրավիրել Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը: Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը ղարաբաղյան հակամարտության շուրջն այդ կազմակերպությունում ընդունված եւ ընդունվող բանաձեւերի բացասական ազդեցությունը չեզոքացնելու հարցում:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին

Ինչպես արդեն գիտեք, երեկ տարածվել է համատեղ հայտարարությունՙ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակվել են նաեւ այն համաձայնեցված փաստաթղթերըՙ «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը:

Անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ ես ասել եմ, թե ինչ նպատակներ եմ հետապնդել Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելով: Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը:

Մենք փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարեւան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին:

Համարում եմ, որ այս արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը: Երեկ հրապարակված նախագծերն արտացոլում են երեք առանցքային իրականությունՙ

1. Ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման:

2. Ինչպես եւ պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով:

3. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները:

Ես կարեւորում եմ այս հարցում բոլորիդ ակտիվությունը: Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթացքում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում: Պետք է մանրամասնեք եւ բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթներըՙ դրական եւ, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով:

Ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաեւ ակտիվ քննարկումներ ենք ունենալու Սփյուռքի հայկական համայնքներում եւ միջազգային հետազոտական կենտրոններում: Այդ առումով, ձեր խնդիրն է նաեւ ապահովել անհրաժեշտ հարթակներՙ Հայաստանից գործուղվող բանախոսների հանդիպումների եւ ելույթների համար»:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 02-09-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua