ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ-2009» ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ «Դիջիթեք էքսպո- 2009» ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի հոկտեմբերին կմեկնարկի 5-րդ անգամ` Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: «Ձեր թվային ապագան» խորագրով ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ հիսուն ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց առաջադեմ տեխնոլոգիաները: Այցելուների քանակն, ըստ կազմակերպիչների, ակնկալվում է 11-12 հազար: «Դիջիթեքը» տարածաշրջանում բովանդակային ներկայացմամբ ամենահետաքրքրական ցուցահանդեսն է տեխնոլոգիական նորույթներում: Ցուցահանդեսից բացի կլինի նորաստեղծ ընկերությունների ֆորում, որտեղ շուրջ 10 ընկերություններ ցույց կտան իրենց նորույթները: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է: Բոլոր ընկերությունները փորձելու են իրենց առաջադեմ տեխնոլոգիաները ներկայացնել: Հետաքրքրական ցուցադրում է սպասվում հեռահար բժշկության ասպարեզում: «Դիջիթեք-2009» ցուցահանդեսի մասնակիցները Երեւանում, օրինակ, օնլայն հեռարձակմամբ կարող են տեսնել Գյումրիում սոնոգրաֆիա անցնող հիվանդի հետ կատարվող գործողությունները, սոնոգրաֆիայի ամբողջ պատկերը, տեղաշարժերը: «Դիջիթեք»-ում ներկա բժիշկները նույն պահին իրենց մասնակցությունը կարող են ունենալ հիվանդի ախտորոշման կամ բուժման գործում: «Յու Այ Թի» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ այս տարի կցուցադրվեն ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան ընկերությունների արտադրանքները, նաեւ կներկայացվեն այն ծրագրերը, որոնց մեծ մասին աջակցում է ՀՀ կառավարությունը: «Շատ կարեւոր են նաեւ «Համակարգիչ բոլորի համար» ցուցադրությունը, Հայաստանի ինտերնետային ծածկույթի ծրագիրը: Ուզում եմ կարեւորել նաեւ զուգահեռ անցկացվող ֆորումները, բիզնես-խորհրդակցությունները, որոնցից մեկը նվիրված կլինի այն ծրագրերին, որոնք ներկայացնելու էՀայաստանը «Արթեք- 2009» միջոցառմանը, որը տեղի ունենա նոյեմբերին Սան Խոսեում», հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Հայկ Եսայանը, որ Ucom ընկերության գլխավոր տնօրենն է, ընդգծեց, որ «Դիջիթեքը» ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում առաջին ցուցահանդեսն է, ամենամեծն է եւ տարեցտարի աճ է ապահովում: Հայաստանում առաջին անգամ այս գերհզոր ցանցը օպտիկամանրաթելային կապուղիների միջոցով ամեն բաժանորդի կարող է միացնել ցանցին եւ հնարավորություն ընձեռել միանգամից ստանալու մի քանի ծառայություններ: Այդ ծառայությունները ներառում են ինտերնետ հասանելիություն, հեռախոսակապ: Այ-Փի հեռուստատեսությունը Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է նոր տեխնոլոգիաներով: Ըստ Եսայանի, Այ-Փի-ն նոր թվային հեռուստատեսություն է, որն աշխարհում բուռն կերպով զարգանում է, եւ տարածաշրջանում դեռեւս ոչ ոք չի ցուցադրել: «Դիջիթեք էքսպո-2009»- ի կազմակերպիչները հիշեցրին իրենց նախաձեռնության նպատակըՙ ստեղծել գործարար միջավայր տեղեկատվական եւ հաղորդակցական բարձր տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների սպառողների եւ հասարակության միջեւ: |