AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#180, 2009-10-07 > #181, 2009-10-08 > #182, 2009-10-09 > #183, 2009-10-10 > #184, 2009-10-13
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 09-10-2009



Մշակույթ

Տեղադրվել է` 2009-10-09 00:21:54 (GMT +04:00)

ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ՇՔԵՐԹ ՄՈՆՐԵԱԼԻ ԹԵՔԵՅԱՆ ՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


ՀՀ սփյուռքի ու նաեւ մշակույթի նախարարությունների հովանավորությամբ Կանադայում հայտնի մշակութային գործիչ Կարո Նշանյանի նախաձեռնությամբ Մոնրեալի Թեքեյանի մշակութային միությունը կազմակերպեց ու անցկացրեց «Թատրոնի եւ ֆիլմերի փառատոն»: Փառատոնը մեկնարկեց օգոստոսի 14-ին եւ ընթացավ 40 oր: Փառատոնն սկսվեց Երեւանից հատուկ այդ ծրագրի իրականացման համար հրավիրված ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի դասախոսությունների շարքով: Պրն Ղազանչյանը նախ ներկայացրեց «Հայ թատրոնը մինչեւ 19-րդ դար» ծավալուն աշխատանքը, որին հետեւեց «Հայ թատրոնը 20-րդ դարում» մյուս դասախոսությունը: Երկու դասախոսությունների ընթացքում պրն Ղազանչյանը ցուցադրեց Երեւանի Չարենցի անվան գրականության ու արվեստի ինստիտուտ-թանգարանից ու նաեւ Հանրային ռադիոյի արխիվից վերցրած փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսանյութեր: Ուշագրավ էր նաեւ Երվանդ Ղազանչյանի պատմած հուշերը հայ թատրոնի հիմնասյուների հետ առնչվող, որոնցից ամենաշատը նվիրված էր Շեքսպիրյան կերպարների լավագույն մեկնաբան Վահրամ Փափազյանին:

Փառատոնային շքերթը շարունակվեց կրկին Մոնրեալի ԹՄՄ կենտրոնում, ֆիլմերի ցուցադրությամբ: Արվեստասեր հանդիսատեսը գերագույն հաճույքով դիտեց ու ըմբոշխնեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» եւ Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմերը: Ի դեպ, երկու ֆիլմերն էլ առաջին անգամն էին ցուցադրվում Մոնրեալում: Ֆիլմերի ցուցադրությանը հրավիրվել էր նաեւ գլխավոր հերոսուհի, Վենետիկի միջազգային փառատոնի մրցանակակիր, ՀՀ ժող. արտիստ Գալյա Նովենցը: Փառատոնի մասնակիցները զմալյված ու հիացած Գալյա Նովենցի կատարողական բարձր արվեստով, մի քանի ժամ փորձում էին իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ դիտում-քննարկման ընթացքում: Գալյա Նովենցը սիրահոժար բոլոր հարցումներին տվեց սպառիչ պատասխան եւ իր խոսքում գնահատանքի խոսքեր հղեց նման կարեւոր հայապահպան, մշակութասեր թեքեյանցիներին նման ձեռնարկներ կազմակերպելու համար:

Փառատոնի հիմքն էր, իհարկե, Մոնրեալի ԹՄՄ «Հայ բեմ» թատերախմբի կողմից առաջին անգամ ներկայացված Արամաշոտ Պապայանի «Գնա մեռիր, արի սիրեմ» կատակերգությունը: Իսկ այդ գործը բեմադրելու համար Երվանդ Ղազանչյանին երկու ամսով հրավիրել էին Մոնրեալ: «Ազգը» հանդիպեց պրն Ղազանչյանին եւ խնդրեց ներկայացնել, թե ի՞նչ տպավորություններով է վերադարձել, եւ հետագայում կշարունակվե՞ն նման համագործակցությունները:

«Կանադա իմ այցը երրորդն էր: Երկու անգամ Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնը արդեն հրավիրվել էր հյուրախաղերի Մոնրեալ եւ Տորոնտո: Իսկ երբ երկու ամսով ներկայացում բեմադրելու հրավեր ստացա, համաձայնվեցի, քանի որ արդեն տեսել էինք, թե ինչ թատերասեր, մշակութասեր հայկական կուռ համայնք կա Մոնրեալում: Իսկ որ Մոնրեալի Թեքեյան մշակութային միությունը ամեն օր մի նոր ձեռնարկ էր կազմակերպում, դրան էլ ականատես եղանք: Այդ երկու ամիսների ընթացքում բացահայտեցի, որ շատ հետաքրքրական ծալքեր, հետաքրքրական գույներ ունի մեր հայկական սփյուռքը եւ զարմանալիորեն, մեզ համար դեռ լիովին բացված, լիովին հասկացված տարածք չէ: Ես արդեն տասը տարի է աշխատում եմ Բեյրութի ՀԵԲ «Վահրամ Փափազյան» թատրոնում եւ հիմա առիթ եղավ աշխատելու Կանադայում: Չեմ կարող նույնացնել, կարծես թե տարբեր աշխարհ է` տարբեր մթնոլորտ, տարբեր աշխատանքային ռեժիմ: Զարմանալի նվիրված, զարմանալի պարզ, զարմանալի ազնիվ եւ նվիրյալ մարդիկ էին երկու երկրում էլ, որոնց հետ սիրով ես աշխատեցի: ԹՄՄ-ի «Հայ բեմ» թատերախմբի անդամներից մի քանիսին ես հաճույքով կընդունեի Պարոնյանի թատրոն: Նման պրոֆեսիոնալ ունակություններով օժտված դերասանները, իրենց հիմնական աշխատանքից հետո մինչեւ ուշ գիշեր քրտնաջան աշխատում էին, օգնում բեմի ձեւավորման, դեկորների պատրաստման, երաժշտության ընտրման, մի խոսքով` ամեն ինչ կատարվում էր մի համախմբված թիմով, որի արդյունքը աննկարագրելի հաջողությունն էր»: Նշենք, որ ներկայացումը փառատոնի ընթացքում ցուցադրվել է երկու անգամ եւ ընդունվել է մեծ ջերմությամբ:

«Կարծում եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարն այս լավ սկսված գործընթացը պետք է շարունակի: Իսկ թե ո՞վ պետք է հաջորդիվ գնա բեմադրություն անելու եւ ո՞ր երկիրը կընտրվի, կարեւոր չէ, այլ կարեւոր է այն, որ միմիայն ընտրվի պրոֆեսիոնալ մասնագետ: Եվ մեկ բան էլ, կարելի է նաեւ այլ բնագավառի արվեստագետի (նկարիչ, քանդակագործ, գրող) նույնպես ուղարկել մի քանի ամիս տեղի հայության հետ համատեղ ստեղծագործելու, համատեղ ծրագրեր իրականացնելու, մշակութային դաշտը ընդլայնելու եւ սփյուռքին մոտեցնել մեր երկրում կատարվող մշակութային նորամուծություններին ու ավանդույթներին: Մշակութային միամսյակները սփյուռքում հայապահպանության, ազգային ավանդույթներին կառչած պահելու լավագույն ձեռքբերումները կլինեն», ավելացրեց պրն Ղազանչյանը:

Երվանդ Ղազանչյանին միշտ զարմացրել է մարդու հոգեւոր սկիզբը, նվիրվածությունը հատկապես սփյուռքում ու նշեց, թե ինչպիսի ջերմությամբ էր իրենց գործին աջակցում հոգեւոր թեմի առաջնորդը` Բագրատ եպս. Գալստանյանը:

«Ազգը» հյուրընկալեց նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ-ի կենտրոնական վարչության ատենապետ դոկտ. Հարություն Արզումանյանին ու նրանից տեղեկացավ, որ փառատոնը հրաշալի հաջողությամբ իրականացրել է ծրագրերը: Նա նշեց, որ թատերական ներկայացումը իսկապես աննախընթաց երեւույթ էր Մոնրեալում, իր բարձր մակարդակով, որի օրինակը դեռ չէր եղել: Պրն Արզումանյանը հատկապես բարձր գնահատեց ու շեշտեց, թե պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի քրտնաջան աշխատանքը ինչպես մի քանի շաբաթների ընթացքում առաջին անգամ բեմ բարձրացող թատրոնի նվիրյալներից կարողացավ ստեղծել հրաշալի թատերախումբ ու այն դարձավ պահանջված: Ջերմ ու շնորհակալության խոսքեր հղեց նաեւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բեմական նկարիչ Գրիշա Սահակյանի հասցեին, շքեղ ձեւավորում անելու համար: Այնուհետեւ, պրն Արզումանյանը ոչ միայն իր, այլեւ ԹՄՄ կենտրոնական վարչության անունից «Ազգին» փոխանցեց բարձր գնահատանքի խոսքերը, նշելով. «Իր անձնականը մոռանալով պրն Ղազանչյանը այցելում է սփյուռքի համայնքներ ու իր պրոֆեսիոնալ ձեռագիրը թողնում: Եվ հույս ունենք, որ առաջիկայում էլ նրա հետ պիտի համագործակցենք հայ արվեստը կենդանի պահելով»:

Փառատոնի փակման օրը Երվանդ Ղազանչյանին է հանձնվել Մոնրեալի ԹՄՄ գնահատանքի հուշատախտակը, հղվել շատ ջերմ ու շնորհակալական խոսքեր: Պրն Ղազանչյանն էլ իր կողմից ԹՄՄ-ին նվիրել է Հայաստանի զինանշանով մի գորգ:

Նկար 1. Ձախից աջՙ ԹՄՄ ատենապետ Արտո Մանուկյանը «Հայ Բեմ» ԹՄՄ-ի թատերախմբի հետ

Նկար 2. Ձախից աջՙ Սեդրակ Մելքոնյան (Ռոբեր), Մարգարիտա Գրիգորյան (Լիլիկ), Նատալի Մկրտչյան (Անժելա), Րաֆֆի Երիցյան (Ալիկ)

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 09-10-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua