«ՎԵՐԱԴԱՐՁԻ» ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը անց է կացնում «Վերադարձի» դասական երաժշտության 3-րդ փառատոնը: Երեկ լրագրողները հանդիպեցին փառատոնի 4-րդ համերգին հրավիրված երաժիշտների հետ: Ծնունդով իսպանացի, աշխարհահռչակ ակորդեոնահար, կոմպոզիտոր եւ դիրիժոր Էնրիկե Ուգարտեն առաջին անգամ սկսել է ակորդեոն նվագել 4 տարեկան հասակում, 6-ումՙ գրել է առաջին երգը, իսկ 7-ումՙ տվել իր առաջին համերգը 1500 հոգուց բաղկացած հանդիսատեսի առջեւ: Ուսանելով ու մասնագիտանալով ակորդեոնի, հոբոյի եւ ստեղծագործական բաժիններում, ուսումը շարունակել է Գերմանիայում ու հաստատվել այնտեղ: Որպես դիրիժոր նա ելույթներ է ունենում Եվրոպայի ամենամեծ համերգասրահներում, ղեկավարում հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբեր, ունի մի քանի սիմֆոնիկ գործեր, օպերաներ: Սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը ծնվել է Երեւանում: Սաքսոֆոնի նրա առաջին ուսուցիչն է եղել Ալեքսանդր Մանուկյանը: Յոթ տարի առաջ Կորյունը տեղափոխվել է Գերմանիաՙ նախնական ուսում ստանալով «Դեթմոլդ» երաժշտության ակադեմիայումՙ Դանիել Գոթյեի ղեկավարությամբ: Այնուհետեւ տեղափոխվում է Քյոլնի երաժշտական ակադեմիա: Կորյունը, որի մասին «Ազգը» նախապես երկու անդրադարձ է ունեցել Գերմանիայի իր թղթակից Անահիտ Հովսեփյանի գրչով, հասցրել է դառնալ բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր ու շարունակում է համերգներով հանդես գալ աշխարհի բազմաթիվ բեմերում: 2005-ից Կորյունը «Ալիաջ» կվինտետի անդամ է: «Ազգի» այն հարցին, թե ինչո՞ւ են երկու երաժիշտները գերադասել Գերմանիայում մասնագիտանալ ու ապրել, երկուստեք ասացին, որ Գերմանիան դասական երաժշտության կենտրոն է, եւ այնտեղ երաժիշտի համար հրաշալի հնարավորություններ ու պայմաններ են ստեղծվելՙ կայանալու ընտրած մասնագիտության մեջ: Երաժիշտներին խորհուրդ տվեցին հնարավորության դեպքում մի քանի տարի ապրել Գերմանիայում: Ինչպես նշեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը . «Փառատոնի ամեն մի համերգ ունի իր ուղղվածությունը եւ ամեն անգամ աշխատում ենք, հայ հանդիսատեսին նոր կատարողների ու նոր ստեղծագործությունների հետ ծանոթացնել, որով մեր փառատոնը դառնում է յուրօրինակ ու սպասված»: Նշենք, որ փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 3-ին Գորիսում անց է կացվել բարեգործական համերգ: Իսկ հոկտեմբերի 13-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին ակորդեոնահար Էնրիկե Ուգարտեն եւ սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը կներկայացնեն Ա. Պիացոլայի, Դ. Միյոի, Ա. Վիլոլդոի, Ռ. Նոդայի, Գ. Ֆեյդմանի, Վ. Մոնտիի եւ այլոց ստեղծագործությունները: Համերգը կեզրափակվի Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» ստեղծագործությամբ: |