ԼԻԲԱՆԱՆԻ «ԿՐՈՆԱՍԵՐ ՏԻԿՆԱՆՑ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ» 50-ԱՄՅԱԿԸ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՏՈՆՎԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Մ. Մ. Անցյալ դարի երկրորդ հիսունամյակը առաքելական մեր Ս. եկեղեցու պատմության մեջ ցավալիորեն առանձնացավ ներեկեղեցական բարդ հարաբերություններով, երբ ստեղծված ոչ կանոնավոր վիճակը հանգեցրեց եկեղեցական մեր կյանքի պառակտմանը: Դժվարին այդ տարիներին Մայր աթոռին նեցուկ ու ապավինություն դառնալու առաքելությամբ Լիբանանում երկու հոգեւորականների գլխավորությամբ եւ մի քանի տիկինների հավաքական կամքի շնորհիվ ծնունդ է առնում Ս. Էջմիածնի «Կրոնասեր տիկնանց միությունը», որը երկար տարիներ գլխավորել է Գեւորգ վարդապետ Կարպիսյանը: Անցել է կես դար, եւ ահա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրամանով հոկտեմբերի 2-9 Էջմիածնում տոնվում էր այդ միության 50-ամյա հոբելյանը: Վեհափառ հայրապետի գլխավորությամբ ու օրհնությամբ Մայր աթոռ Ս. Էջմիածնում «Կրոնասեր տիկնանց միության» անդամներն ընդունվեցին ու մեկ շաբաթ հրաշալի ժամանակ անցկացրին: Հրաժեշտի օրը հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակվեց Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը կազմակերպված հրաշալի ձեռնարկով, որը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպս. Գալթագճյանը: Նա պատմական հետաքրքրական էքսկուրս անելովՙ ներկայացրեց «Կրոնասեր տիկնանց» կեսդարյա գնահատելի ու նվիրյալ աշխատանքըՙ նշելով. «Հիրավի եւ արժանի է, որ այսօր մեծ հանդիսությամբ Մայր աթոռը, գլխավորությամբ իր գահակալիՙ Գարեգին Երկրորդ հայրապետի, ով հանդիսապետում ու նախագահում էր յուրաքանչյուր միջոցառում, բարձր է գնահատում այն աշխատանքը, որը կատարում է Ս. Էջմիածնի «Կրոնասեր տիկնանց միության» յուրաքանչյուր անդամ: Ձեր վարձքը կատար...»: Ողջույնի ու գնահատանքի խոսքեր հղեց հոբելյարներին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու երախտագիտությամբ նշեց նրանց հայրենասեր ու նվիրումով իրականացված աշխատանքները, սրտանց շնորհավորելովՙ մաղթեց շարունակել հայրենասիրական ու եկեղեցական գործունեությունները: Ս. Էջմիածնի «Կրոնասեր տիկնանց միության» ատենապետուհի Միմի Հարությունյանն իր խոսքում համախմբումի անդամների անունից շնորհակալական խոսք հղեց Վահափառ հայրապետին, որի գլխավորությամբ իրենց միության հոբելյանը մեծ շուքով նշվում է մայր հայրենիքում: Տկն Հարությունյանը նշեց, որ հակառակ Լիբանանի քաղաքացիական պատերազմին, միության ճանապարհը հետընթաց չարձանագրեց եւ միությունը միշտ պատասխանատու գիտակցությամբ առաջ տարավ իր առաքելությունըՙ սկսած երախտավոր հիմնադիրներից մինչեւ ներկայումս գործող վարչության բոլոր անդամները: Անդամուհիների աջակցությամբ եւ վայելելով Մայր աթոռ Ս. Էջմիածնի գահակալի հովանավորությունըՙ անդամուհիները նվիրումով են իրականացնում բոլոր ձեռնարկները, վերանորոգելով իրենց ուխտըՙ ունեցած միջոցների չափով ծառայել Ս. Էջմիածնին: Այնուհետեւ շնորհավորելով Վեհափառ տիրոջ գահակալության 10-ամյակըՙ միության անդամուհիների անունից փոխանցեց շնորհակալության եւ երախտագիտության ջերմ խոսքեր: Ողջույնի ու գնահատանքի խոսքերից հետո «Վերածնունդ» կամերային նվագախմբի (գեղ. ղեկ. Ռուբեն Ասատրյան) Կոմիտաս-Ասլամազյանի «Վաղարշապատի պար» ստեղծագործությամբ սկսվեց համերգային ծրագիրը: Ծրագրի ավարտին բեմ հրավիրվեց Ամենայն հայոց հայրապետը հայրական խոսքի եւ հայրապետական օրհնության համար: Մայր աթոռի գնահատանքը, օրհնությունը եւ շնորհակալությունը փոխանցվեց ներկաներին, որոնք եկել էին մասնակցելու այդ կարեւոր հոբելյանական տոնակատարությանը: «Մեր սուրբ եկեղեցու հարազատ եւ արժանավոր դուստրերը Ս. Էջմիածնի սիրով ծիածանեցին իրենց առաքինի գործունեությունը եւ բարեզարդեցին ու արգասավորեցին եկեղեցանպաստ իրագործումներով», նշեց Վեհափառն ու գնահատանքի շատ ջերմ խոսքեր հղեց նրանցՙ 50-ամյա արդյունավետ ու ազգանվեր գործերի համար: «50-ամյա հոբելյանը խանդավառության ու նոր ներշնչանքների հրավեր էր ձեզՙ հայրենապաշտ ու եկեղեցասեր ոգու մեջ առավել զորանալու եւ աստվածահաճո նոր նախաձեռնություններով ձեր առաքելությունը զարդարելու համար», նշեց Վեհափառն ու օրհնություն հղեց ներկաներին: «Ազգը» զրուցեց «Կրոնասեր տիկնանց միության» 50 տարիների նվիրյալ անդամուհի, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մեծանուն մենտոր հարգարժան Գոհար Խաչատուրյանի հետ, որը շատ ջերմ գնահատանքի խոսքեր հղեց Մայր աթոռի կազմակերպած հոբելյանական միջոցառումների համար ու նշեց. «Մեր միությանն անդամակցելը հաճելի բան է, որովհետեւ կարողանում ես ազգին օգտակար լինել, հատկապես Ս. Էջմիածնին, որը մեր հոգեւոր կենտրոնն է: «Լինելով առաջին անդամուհին, 50 տարի ընտանիքով ամբողջությամբ նվիրված ենք Ս. Էջմիածնին եւ սիրով ենք մասնակցում աստվածահաճո բոլոր ձեռնարկներին»: «Ազգը» շնորհավորելով միության ատենապետուհուն, որը 10 տարի շարունակում է «Կրոնասեր տիկնանց միության» ավանդույթները, զրուցեց նրա հետ եւ ահա թե ինչ ասաց տկն Միմին. «Մեր շարքերն ալիքի պես երբեմն շատանում են եւ երբեմն էլՙ նոսրանում: Տարեց անդամները կյանքից հեռանում են եւ նորերը մեզ անդամակցում են հաճույքով: Այժմ արդեն 350 անդամուհիներ ունենք: Շատ լավ էին կազմակերպված այս հոբելյանական միջոցառումները: Կիրակի օրը մեր հանգուցյալ անդամուհիների հիշատակին Սուրբ պատարագ մատուցվեց, նաեւ Վեհափառի սուրբ կոնդակով հատուկ շնորհավորեցին մեր հոբելյանը: Մենք անչափ գնահատված ենք զգում ու էլ ավելի ջանադրությամբ պիտի շարունակենք մեր նպաստն ու կարողությունը բերել Մայր աթոռ Ս. Էջմիածնին», նշեց Միմի Հարությունյանը: |