ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ` ՆԱԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱՃ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀՊՊ) գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը եւ ներկայացրեց այս տարվա 9 ամիսների ընթացքում երկրում արձանագրված հանցավորության իրավիճակը: Պրն Պողոսյանը նշեց, որ հանրապետությունուն 9 ամիսների ընթացքում աճել են հանցագործությունները եւ դրան զուգահեռ` նաեւ բացահայտումները: Թմրամիջոցների հայտմաբերման ու կանխման աշխատանքների արդյունքում արձանագրվել է 826 հանցագործություն` նախորդ տարվա 549-ի դիմաց: Հայտնաբերվել է 28 հազար 490 գրամ թմրամիջոց` նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում 20 հազար 34գրամի դիմաց: Իսկ զենք-զինամթերքի առգրավում` 318 դեպք, որը կրկնակի է նախորդ տարվա համեմատ: Պրն Պողոսյանը նշեց որ ափիոն տեսակի թմրանյութը հիմնականում ներկրվում է Իրանից, իսկ կանեփի ու կակաչի գլխիկներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերից, որոնք բացահայտվել են «Կանեփ-կակաչ» օպերատիվ միջոցառումների արդյունքում: Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարին, նշեց, որ «առանձնակի կարեւորվում է կաշառակերության եմ տարվող պայքարը եւ այս տարի գրանցված 46 դեպքերից 34-ը հայտնաբերվել են ոստիկանության անմիջական մասնակցության եւ ոստիկանության ծառայությունների կողմից: Ընդ որում 34 դեպքերից 29-ը կամ 85,3 տոկոսը բաժին է ընկնում ԿՀՊՊ վարչությանը»: Պողոսյանը շեշտեց, որ իրենց աշխատանքների հիմնական ուղղություններից մեկն է տրաֆիկինգի դեն պայքարի կազմակերպումը: Ինը ամիսների ընթացքում բացահայտվել է հանցագործության 12 դեպք (նախորդ տարի` 8), որոնցից 5-ը վերաբերվել է ՀՀ-ից Թուրքիա, 2-ը` ՀՀ-ից ԱՄԷ, 2-ը` ՀՀ-ից ՌԴ եւ մեկը ՌԴ-ից-ՀՀ տրաֆիկինգի դեպքեր: Երկու նման դեպք էլ գրանցվել է մեր հանրապետությունում: Հայտնաբերվել է տրաֆիկինգի 45 զոհեր (2008-ին` 27), որոնցից 11 ՌԴ-ից ՀՀ են տողափոխվել ստրիպտիզ ակումբներ պարելու, շահագործելու նպատակով: Իսկ մեր երկրից Թուրքիա են փոխադրվել 7, ԱՄԷՙ 6 աղջիկներ պոռնկության շահագործման նպատակով: Աշխատանքային թրաֆիկինգի են մեր հանրապետությունից ՌԴ են տեղափոխվել 17 անձինք, իսկ 4-ըՙ ՀՀ-ում ներքին թրաֆիկինգի զոհեր են, տեղեկացրեց պրն Պողոսյանը: Թրաֆիքինգի տարբեր հոդվածներով 4 անձինք դատապարտվել են 4, 5, 7 եւ 13 տարի ազատազրկման եւ եւս մեկըՙ 1 տարի ազատազրկման ու 200.000 դրամ տուգանքի: Պրն Պողոսյանը տեղեկացրեց, որ եռակի աճ կա հյուրանոցային համալիրներում, շոգեբաղնիքներում կատարված սեռական շահագործման եւ պոռնկությամբ զբաղվողների դեպքերը: «Ազգի» հարցին պատասխանելով, պրն Պողոսյանը նշեց, որ հատուկ հսկողություն է իրականացվում խաղատներում եւ գիշերային վայրերում աշխատողների նկատմամբ կանխելու ենթադրյալ շահագործումները: Անդրադառնալով լրագրողների նկատմամբ կատարված հանցագործություններին նշեց, որ ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում են եւ աշխատանքները շարունակվում են: Պրն Պողոսյանը լրագրողների հարցերին պատասխանելով, շեշտեց. «Պատկերացրեք մի իրավիճակ, որ բոլոր հանցագործությունները բացահայտվեն, դա անհեթեթություն չէ... եւ կան հանցագործություններ, որ դժվար բացահայտվող են եւ հավատացնում եմ ձեզ, որ բոլորս էլ ուզում ենք, օր առաջ բացահայտել դեպքերը անկախ վաղեմության ժամկետից...»: ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է կաշառք ստանալու փաստով: Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա-ին սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել եւ ստացել է 2500 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է 39 դեպքՙ կաշառակերության դեպքերի հեղինակներն են եղել գերեզմանատան տնօրեն, պոլիկլինիկայի տնօրեն, սոցիալական ոլորտի պատասխանատու աշխատողներ, ղեկավար անձինք եւ այլն, նշեց պրն Պողոսյանը եւ ավելացրեց, որ պետությանը հասցված տասնյակ միլիոնների նյութական վնաս է եղել հարկային պարտավորություններից խուսափելու եւ մոտ 37.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հայտնաբերվել, վնասազերծվել եւ կատարողները ձերբակալվել են ԿՀՊՊ գլխավոր վարչության կողմից: |