ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎՈՒՄ Է ՍՐՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎՐՈԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» (ԱԱՀՖ) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո երեկ իր անդրանիկ համաժողովը Երեւանում գումարեց «Սրտաբանության Եվրոկովկասյան համաժողովը»: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բացելով ու ողջունելով համաժողովի մասնակիցներին, հույս հայտնեց, որ այն կնպաստի սրտամկանի իշեմիկ հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդների մշակմանը: Նա կոչ արեց սրտաբաններին պահպանել իրենց սրտերը, որ կարողանան մարդկանց սրտերը բուժել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց. «Կառավարությունը կարեւորում է առողջապահության բնագավառը: Գաղտնիք չէ, որ այս բնագավառում մենք գրանցել ենք զգալի առաջընթաց ու հաջողություններ, եւ դրանք ապացուցվում են նրանով, որ մեր հարեւան երկրներից Հայաստան են գալիս հիվանդներ: Դա նշանակում է, որ մենք ունենք այդ կարողությունն ու ներուժը եւ դրանք պետք է ընդլայնենք»: Այնուհետեւ վարչապետը կարեւորեց համաժողովի գումարումը, որը կնպաստի հայ սրտաբանների շփմանն ու համագործակցությանը աշխարհի առաջատար հիմնարկների ու մասնագետների հետ, բարձրացնելու մասնագիտական պատրաստվածությունը, եւ այն փոխանցելու բուհերի ուսանողներին: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ողջունելով ներկաներին, որոնց թվում էին շուրջ 100 սրտաբաններ, ականավոր գիտնականներ, փորձառու բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից (ՌԴ, Ֆրանսիա, Ուկրաինա, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, Լիբանան եւ այլն), ասաց. «Գաղտնիք չէ, որ այսօր սիրտ-անոթային հիվանդություններն իրենց տարածվածության, հիվանդացության, մահվան տոկոսով զբաղեցնում են առաջին տեղը: Սակայն, բարեբախտաբար, այսօր բժշկագիտությունը զուգահեռ սրընթաց զարգացում է ապրում եւ հարկ է, որ նորագույն մոտեցումներն ու ուղիները փոխանցվեն մեկ-մեկու, քննարկվեն դրանց զարգացումները հենց այսպիսի հանդիպումների միջոցով»: ԱԱՀՖ կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանը , «Սրտաբանների Եվրոկովկասյան կոնգրեսի» նախագահ Փոլ Բառռագանը կարեւորելով Հայաստանի սրտաբանների առաջընթացը, նշեցին, որ հայ սրտաբանությունը կովկասյան տարածաշրջանում իր կարեւոր դերն ու նշանակությունն ունի եւ համաժողովը լավագույն ձեւն է աշխարհի սրտաբաններին մեկտեղել ու տեղեկացնել սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, մահացության նվազեցման դեմ տարվող նորագույն մեթոդներին: Համաժողովի մասնակիցները նշում էին, որ մեր երկրում սրտային անբավարարությունը կտրուկ վերելք է ապրում եւ այդ տեսակի հիվանդություններից շատերը երիտասարդացել են ու լուրջ աշխատանքներ պետք է տանել դրանք մեղմելու, կանխելու շուրջը: Իսկ դրանք կանխելու հիմնական գործոնները հետեւյալներն ենՙ անառողջ ապրելակերպ, անառողջ սնունդ, ֆիզիկական ակտիվության պակաս, ճարպոտ սննդի, կենդանական ճարպերի չարաշահում, ծխախոտամոլությունը եւ այլն: Մասնագետները պնդում էին, որ հասարակությունը, լրատվամիջոցներըՙ հատկապես, պետք է տեղեկացված լինեն, թե ինչպես պետք է պահպանել սեփական սիրտը եւ դրա հետ կապված բազմաթիվ մահաբեր հիվանդություններից զերծ մնալ: Երկօրյա համաժողովի ընթացքում երկու տասնյակ զեկուցումների, տեսաֆիլմերի միջոցով մասնակիցները կտեղեկանան աշխարհում կատարվող բարդ ու անհավանական թվացող վիրահատությունների ու հետվիրահատական բուժման ընթացքին: |