ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ IV ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-18-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Թատերարվեստում երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը ստեղծվել է 2006-ին Թատերական գործիչների միության ու նրա նախագահ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Չորս տարի շարունակ փառատոնն անց է կացվում մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների գործեր, բացահայտել նոր անուններ նրանց շրջանում: Այս տարի փառատոնին ներկայացվել են տասնչորս աշխատանքներ, անցյալ տարվա տասնմեկի ներկայացման փոխարեն, իսկ դա նշանակում է, որ օրեցօր բացահայտվում են նոր անուններ: Փառատոնի մասնակից երիտասարդ ռեժիսորները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց ապագա գործունեությանը, փորձում են գտնել նոր արտահայտչամիջոցներ ու յուրովի մատուցել նյութը: Արդեն իսկ ընդունված կարգի համաձայն, յուրաքանչյուր ներկայացում դիտելուց հետո տեղի են ունենում քննարկումներ, որտեղ ճանաչված թատերագետների կողքին իրենց կարծիքը կարող են արտահայտել նաեւ հանդիսատեսները: Նրանց հնարավորություն է տրվում հրապարակել վերլուծական հոդվածներ Թատերական գործիչների միության «Թատրոն» ամսաթերթում: Փառատոնին Երեւանից բացի մասնակցում են Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Գորիսի թատրոններն ու թատերախմբերը: Փառատոնին մասնակցում են նաեւ միջազգային փորձագետներ, որոնց կարծիքով մեր փառատոնը առաջատարներից մեկն է ԱՊՀ երկրներում: |