ԾԱՌԱՅԵԼՈՎ ՕՐԵՆՔԻՆՙ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1918 թվականին ընդունված դեկլարացված նոյեմբերի 10-ը հայտարարվեց «Ոստիկանության օր» ու այն նշվում է առ այսօր: Հայաստանի անկախությունից հետո, 2001-ից հայ ոստիկանի օրը նշում ենք ապրիլի 16-ին, սակայն չենք մոռանում նաեւ նոյեմբերի 10-ին կազմակերպել մի շարք միջոցառումներ: Երեկ տոնական տրամադրություն էր տիրում ՀՀ ոստիկանության ակադեմիայում: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանին, քննչական վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին, վետերան ոստիկաններին ու լրագրողներին ոստիկանության ակադեմիայում դիմավորեց ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը եւ դասախոսական կազմը: Հյուրերը շրջեցին ուսումնական հաստատության տարածքում, ծանոթացան ուսանողների առօրյային: Քիչ անց հանդիսությունների սրահում, հանդիսավոր պայմաններում հյուրերին ողջունեցին ու վետերան ոստիկաններին բարեմաղթանքի խոսքեր հղեց ոստիկանության օրվա առիթով գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 10-ն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում եւ այն հիշեցնում է բոլոր այն տարիների ոստիկաններին, իրենց երիտասարդությունը: Բարձր գնահատելով ավագ սերնդի հետ նման շփումները, նա նշեց. «Այսօր էստաֆետը ձեզ է հանձնված ու վետերան ոստիկանների հետ շփումները ձեզ շատ օգտակար ու կարեւոր մասնագիտական աջակցություն կարող են լինել...»: Ակադեմիայի սաներին ու դասախոսական կազմին ողջունեցին վետերանները ու հորդորեցին բարձր պահել ոստիկանի ուսադիրների պատիվը, պատասխանատվությամբ վերաբերվել իր մասնագիտությանը, մաքուր ձեռքերով աշխատել ու վայելել հասարակության սերն ու վստահությունը: 84-ամյա Գեղամ Հակոբյանը (վետերանների խորհրդի նախագահի տեղակալ) պատմական էքսկուրս արեցՙ ներկայացնելով ոստիկանության համակարգի գործունեությունը հավուր պատշաճի ու ապագա ոստիկաններին հորդորեց ոստիկանի գործունեության մեջ կտրուկ պետք է բացառվի կոռուպցիան, կաշառակերությունը, ձեռնաքաշությունը... եւ ոչ պատվաբեր գործելաոճը: Մաղթում եմ, որ դուքՙ ապագա ոստիկաններ, դառնաք արժանապատիվ քաղաքացի, օրինակելի մարդ ու պաշտպանեք պետության շահերը»: Միջոցառման ավարտին ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սահակյանը տեղեկացրեց, որ ակադեմիայում գործում է չորս բաժին, 12 ամբիոն, որտեղ ուսանում են 1000 ուսանողներ, որոնցից 40-ըՙ աղջիկներ: Միջոցառումից հետո օրվա պատվավոր հյուրերը մեկական հացենի ու թխկենի տնկեցին ակադեմիայի բարեկարգ բակում եւ ըմբոշխնեցին ավագ խոհարար Սաթենիկի, Անահիտի ու Մարիետայի եփած ճաշերը, մեկ անգամ եւս նշելով վետերան ոստիկանների տոնը բաժակաճառով: «Ազգը» զրուցեց ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հետ եւ տեղակացավ, որ ակադեմիայում մտցվել է 4 նոր առարկաներՙ կրոնի պատմություն, արվեստի պատմություն, աթիկայի եւ վարվեցողության կանոններ, դիվանագիտական էթիկա: Երեսուն տարի առաջ այս ուսումնական հաստատությունը ավարտած Հովհաննես Վարյանը ջանք չի խնայում ակադեմիայի սաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելոեւ համար եւ այդ առումով հատուկ ժամանակակից պարերի մասնագետ է հրավիրել, որն էլ դասընթացներ է անցկացնում: Կազմակերպվում են հաճախակի այցեր, թատրոններ, թանգարաններ, կինոսրահներ եւ նաեւ 4,5 հեկտար զբաղեցնող ակադեմիայի տարածքը խնամվում էՙ դառնալով հաճելի զբոսանքի վայր: Ոստիկանության ակադեմիան առաջնորդվում է «Ծառայելով օրենքինՙ ծառայում եմ հայրենիքին» նշանաբանով: |