ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Մոտ մեկ եւ կես ամիս է, ինչ «Մետաքսյա Սիմոնյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնած «Հանրապետական ասմունքի փառատոնը» անց է կացվում մարզերում եւ Արցախում: Ասմունքի անդրանիկ փառատոնը անցկացնելու գաղափարը բարձր է գնահատել օրենսդիր մարմնի ղեկավարը եւ հենց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հանրապետական մարզերում, Արցախում եւ Ջավախքում անցկացվեց ասմունքի մրցույթ-փառատոն: Փառատոնի 3-րդ փուլը կեզրափակվի նոյեմբերի վերջինՙ Երեւանում, որից հետո եզրափակիչ փուլ դուրս եկած ասմունքողները կմրցեն մրցանակային տեղերի համար: Փառատոնի ժյուրիի անդամներըՙ «Մետաքսյա Սիմոնյան» հիմնադրամի նախագահ, փառատոնի համանախագահ Ռուբեն Արզումանյանը, ՀՀ ժող. արտիստ Գուժ Մանուկյանը, գրող հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը, նախորդ օրը հյուրընկալվեցին Կոտայքի մարզում: Մարզի 101 միջ. դպրոցներից փառատոնի առաջին փուլին մասնակցած 1500 աշակերտներից 2-րդ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 32-ը: Խստապահանջ ժյուրին 32-ից ընտրեց լավագույն 8-ին (երկու տարիքային խմբերիցՙ 11-14 եւ 15-17): Մինչ ժյուրին ամփոփում էր արդյունքները, Հրազդանի Հ. Պարոնյանի անվ. թիվ 12 միջ. դպրոցի բակում ծափերով ու ողջյուններով դիմավորում էին Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ, փառատոնի համանախագահ Արտակ Դավթյանին, պատգամավորների, բարձրաստիճան այրերի, հյուրերի, որոնք մարզի կրթական, առողջապահական հիմնարկներ այցից հետո սիրով մասնակցեցին մարզի մշակութային միջոցառմանը: Կոտայքի մարզպետը բարձր գնահատելով ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի փառատոնը եւ հատկապես «ՀՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ունեցած մեծ ավանդի եւ մարզային ենթակառուցվածքների զարգացման գործում ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար» նշեց մարզպետը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվում է Կոտայքի մարզպետի հուշամեդալով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ մարզերի հետ աշխատելը, նրանց պրոբլեմներին մոտիկից ծանոթանալը պատգամավորների գործն է, եւ հենց նրանք պետք է այդ խնդիրները բարձրացնեն խորհրդարանում: Այնուհետեւ կարեւորելով ասմունքի մրցույթ-փառատոնը, նշեց. «Այսպիսի փառատոներով մենք փորձում ենք մեր պատանիներին, մեր վաղվա սերնդի մոտ արթնացնել ու խորացնել սերը մեր հայ գրականության, պոեզիայի նկատմամբ: Եվ ահա, 35 տարվա ընդմիջումից հետո փառատոնը անց է կացվում ու իմ կարծիքով այն պետք է դառնա սովորույթ ու դառնա շարունակական ԱԺ-ի կողմից: Ասեմ նաեւ, գնահատելի էր մանկավարժների գործունեությունը եւ ես հորդորում եմ, որ մեր այս գեղեցիկ նախաձեռնությանը միանան շատերը»: Նշենք, որ մրցանակային տեղեր գրաված դպրոցականները մարզպետի եւ հովանավորների կողմից պարգեւատրգվեցին հեռուստացույցներով, երաժշտական կենտրոններով, բջջային հեռախոսներով եւ պատվոգրերով: Անմասն չմնացին փառատոնին մասնակցած ասմունքողները, որոնց հանձնվեց մարզպետի հատուկ նվերներըՙ թանկարժեք ժամացույցներ: Շնորհակալության ու երախտագիտության խոսքեր ու նվերներ հանձնվեցին երկու առաջին տեղը զբաղեցրած ասմունքողների ուսուցիչներին: Մրցանակները հանձնելուց հետո ելույթ ունեցան մարզի գեղ. խմբերը ու նաեւ մեկ անգամ եւս հնչեցվեցին այն գործերը, որոնք գեղեցիկ ներկայացնելու համար ասմունքողները գրավեցին մրցանակային տեղեր: |