ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԵԾԱԾԱՎԱԼ ՊԱՆՆՈՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՆ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Ընդունված սովորույթ է, որ տարեդարձի առիթով նվերներ են տալիս հոբելյարին: Սակայն գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանն իր ծննդյան 60-ամյակի օրը, ավանդույթը խախտելով, Ազգային պատկերասրահին նվիրաբերեց իր վերջին աշխատանքը: «Հայաստան» մեծադիր պաննոյի վրա (4x8 մետր) գեղանկարիչը աշխատել է մեկ տարի: «Ազգի» հետ զրույցում Փ. Միրզոյանը պարզաբանեց նման մեծածավալ կտավ ստեղծելու իր մտահղացումը. «20 տարի է մեր երկիրը անկախ է, ի՞նչ արվեստ ենք ստեղծել արվեստագետներս, որոնք կփոխանցվեն սերունդներին ու ամբողջական կներկայացնեն 20-րդ դարը: Ահա հենց այդ հարցի պատասխանը ես փորձեցի ներկայացնել յուրովիՙ այս մեկ հավաքական պաննոյում: Մենք սովոր ենք միշտ պահանջել, բայց երբեք մենք մեզ հարց չենք տալիս, թե հայրենիքի համար ի՞նչ ենք արել, ի՞նչ ենք թողել: Այս պաննոն իմ պարտքն է իմ անկախ երկրի հանդեպ ու սիրով դա նվիրում եմ Ազգային պատկերասրահին»: «Հայաստան» պաննոյի նվիրաբերման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, արվեստագետներ, արվեստաբաններ եւ մշակույթի նվիրյալներ: Հյուրերը բավական երկար խմբվել էին մեծադիր կտավի առջեւ, որտեղ պատկերված էին մեր պատմական վայրերը, հուշարձաններն ու ազգային արժեքները: Այդ ամենը կարծես ափիդ մեջ պատկերված են Հայկական լեռնապարով, Արարատից-Արագած ձգված բարձրաբերձ լեռների մեջտեղում: Գեղանկարչի գաղափարները հավասարապես տարրալուծվել են գունային գամմաներում ու դարձել ամբողջական մի մեծածավալ կտավ: Նման ձեւակերպումներ ու գնահատականներ էին տալիս արվեստաբաններ Լեւոն Չուքասզյանը , Սարո Սարուխանյանը , պատկերասրահի հայկական բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը , գրող Հովիկ Հովեյանն ու ուրիշներՙ բարձր գնահատելով Փարավոն Միրզոյանի տարիների աշխատանքը, որի արդյունքում այսօր հավաքական մի նոր գործ ստեղծվեց: Արվեստաբանները նշում էին, որ այդ կտավը յուրաքանչյուր պատկերասրահի պատիվ կբերեր, եթե ունենար իր հավաքածուում: Իսկ այժմ «Հայաստան» պաննոյի գիտական անձնագրի վրա են աշխատում արվեստաբանները: Այն իր ուրույն տեղը կգրավի Ազգային պատկերասրահի հավաքածուում: Փարավոն Միրզոյանին կրկնակի շնորհավորում էին ներկաները ու մաղթում, որ այդ հրաշալի նախաձեռնությունը, որը կարծես շարունակությունն է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» պաննոյի, եզակի չմնա: Փարավոն Միրզոյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, ի լուր բոլորի հայտնեց, որ գարնանը կավարտի «Արցախ» մեծադիր կտավը ու դրանից հետո կանդրադառնա Սյունիքին, Լոռիին եւ այդպես շարունակ... |