ՎԱՍՏԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕՐ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Այսօր հայկական հեռուստաալիքներից հնչող աղտոտված, ժարգոնային հայերենի, անորակ եւ սերունդներին փչացնող սերիալներից հոգնած, հաճախ հեռակառավարման վահանակով փորձում ենք մի հետաքրքրական հաղորդում գտնել, գեղեցիկ հայերենով մատուցված: Ցավոք, դա լոկ երազանք է մնում, եթե չհաշվենք մի շարք հեռուստահաղորդումներ, որոնցից մեկն էլ 25 տարվա հեռուստալրագրող Արփեն Մովսիսյանի հաղորդումներն են: Ակնարկներ, մեր մեծերի մասին պատմող դիմանկարներ, «Հայից հայ» հեղինակային շարքը եւ այլն: Մի քանի հարյուրի են հասնում Արփեն Մովսիսյանի եւ իր ամուսնուՙ Վահան Կարապետյանի ջանքերով նկարահանված հաղորդումները, հանրությանը ներկայացնելով աշխարհասփյուռ հայերին ու հայկական մշակույթը: Այդ վաստակի գնահատանքի ցերեկույթը երեկ կայացավ Չարենցի տուն-թանգարանում, որտեղ մեկ տասնյակից ավելի գրողներ, մտավորականներ, պատգամավորներ ու պաշտոնատար անձինք իրենց սրտի խոսքը հղեցին Արփենին ու մաղթեցին ստեղծագործական վերելք, հաջողություններ ու երջանկություն: ՀՀ վարչապետի շնորհակալագիր, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ԼՂՀ Ազգային ժողովի մեդալ եւ պատվոգիր ու էլի շատ շնորհակալագրեր հանձնվեցին լրագրող Արփեն Մովսիսյանինՙ հայ մշակույթի տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար: Ցերեկույթը եզրափակվեց գեղարվեստական մասով ու օրվա «հերոսուհուն» ողողեցին ծաղկեփնջերով: |