ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը ստորագրեցին հուշագիրՙ նպատակ ունենալով նաեւ շախմատի օգնությամբ նպաստել Հայաստան-սփյուռք մարզական երիտասարդական կապերի զարգացմանը, հայապահպանությանը: Հուշագիր ստորագրելու միտքը հղացավ, երբ նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիայի նորակառույց շենք, ծանոթացավ մեր երկրի շախմատի հեռանկարներին, ակադեմիայի ծրագրերին ու շենքային պայմաններին: Հենց այդ օրը ծավալված քննարկման ժամանակ նշվեց «Հայաստանըՙ շախմատի գերտերություն» շարժմանը սփյուռքահայ շախմատային ներուժի ներգրավման անհրաժեշտության մասին: Հուշագիրը ստորագրելուց հետո նախարարը նշեց, որ անհրաժեշտ է «աշխարհասփյուռ հայությանը մասնակից դարձնել, շարունակել շախմատային հաջողությունները: Հայաստանում կուտակված շախմատային լավագույն փորձը տարածենք նաեւ սփյուռքում, ըստ համայնքների, ըստ կազմակերպությունների ու դպրոցների եւ փորձենք հայկական շախմատային տաղանդը արթնացնել նաեւ սփյուռքում»: Այդ խնդիրը լուծելու համար որոշվել է 2010-ին անցկացնել համահայկական օլիմպիադա, շախմատի դասերի պրակտիկ ուսուցում, հանդիպումներ անվանի շախմատիստների հետ ու էլի շատ միջոցառումներ: Սմբատ Լպուտյանը շախմատի ֆեդերացիայի եւ շախմատի ակադեմիայի անունից գոհունակությամբ նշեց, որ մեծ հեղինակություն ու համբավ վաստակած հայկական շախմատում սփյուռքահայությանն ընդգրկելն էլ ավելի կուժեղացնի այն հզոր ուժը, որ ունի Հայաստանը շախմատում եւ դրանք անշուշտ պետք է տարածվեն նաեւ սփյուռքում, որտեղ շախմատը ունի օգնության կարիք: Բազմաթիվ նախատեսվող միջոցառումների շարքում կլինեն նաեւ օնլայն ռեժիմով շախմատի դասերի պարապմունքներ սփյուռքի երիտասարդների հետ, օգտագործելով ՀԲԸՄ վիրտուալ քոլեջի հնարավորությունները, նրանց մոտ արթնացնել շախմատի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը: |