ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈԽԵԼ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ «Մարտի 4-ին Հայաստանն ունեցավ առաջընթաց` արժանապատիվ պահվածքի առումով, իսկ ցեղասպանության հարցում որեւէ առաջնթաց չգրանցվեց», երեկ նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը : Ցեղասպանության առումով որեւէ առաջընթաց չգրանցվեց, որովհետեւ, ըստ Մելքոնյանի, մենք սխալ ճանապարհով ենք ընթանում. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն կայացած փաստ է, կոնկրետ ԱՄՆ-ում ոչ ոք չհերքեց դրա եղելությունը, 42 նահանգներ ճանաչել են ցեղասպանությունը, չկա որեւէ քաղաքական շրջանակ, որը կմերժի ցեղասպանության փաստը, հետեւաբար այժմ մենք պետք է աշխատենք հասնել ոչ թե ցեղասպանության ճանաչմանը, այլ դրա հետեւանքների վերացմանը», շեշտեց Մելքոնյանը: Բանախոսի խոսքերովՙ այսօր այս հարցով պետք է զբաղվեն միջազգային իրավունքի մասնագետները, ոչ թե պատմաբանները: «Սակայն աշխարհի այն երկրներում, որտեղ ընդունված է ցեղասպանությունը, որտեղ տեղի են ունենում քննարկումներ, բոլոր այդ օրինագծերի մեջ չկա այն, խիստ կարեւոր, ձեւակերպումը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում: Միայն Ռուսաստանի Պետդումայի ընդունած փաստաթղթի մեջ է այդպես նշված, բոլոր այլ երկրներում Արեւմտյան Հայաստան ձեւակերպման փոխարեն նշված է Օսմանյան կայսրություն», նկատեց պատմաբանը: Հետեւաբար այսօր անհրաժեշտ է փոխել մարտավարությունը այս հարցում. «Պետք է բարձրաձայնել հայերի հայրենազրկման հարցը: Ի՞նչ է, երբ մեկը մյուսի տունն է խլում, այս երկուսի թոռներից տուժողը չի՞ կարող դատի տալ խաբեբայի թոռանը` պահանջելով իր պապենական տունը», նշեց բանախոսը: Մելքոնյանն ավելացրեց նաեւ, որ Հայոց ցեղասպանությունն այս առումով տարբերվում է հրեական Հոլոքոսթից, քանի որ հրեաները, ի տարբերություն հայերի, ենթարկվել են բնաջնջման իրենց երկրից դուրս: «Իսկ այսօրվա մեր ճանապարհն ապացուցում է, որ ցեղասպանության ճանաչումն ընդամենը գործիք է պետությունների ձեռքում` Թուրքիային ճնշելու», ընդգծեց պատմաբանը: Սակայն Թուրքիան, ըստ Մելքոնյանի, ամենեւին նշանակություն չի տալիս այդ ճնշումներին. «Մարտի 4-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի հանրապետությունը խոսում է օսմանյան դիրքերից. այդ երկիրը կարծես չի փոխվել», ասաց պատմաբանը` հավելելով, որ Անկարան միշտ էլ ուշադրություն չի դարձրել իր միջազգային վարկին. «Կիպրոսի օրինակը սրա վառ ապացույց է, քանի տարի միջազգային հանրությունը պահանջում է Թուրքիայիցՙ դուրս գալ Կիպրոսից, սակայն ապարդյուն», նկատեց Մելքոնյանը: Այս առումով հայկական բանաձեւն էլ կարող է որեւէ կերպ չազդել Անկարայի վրա: Առհասարակ Մելքոնյանը բավական հոռետեսական է նայում 252-րդի հետագա առաջխաղացմանը Կոնգրեսում. եթե նույնիսկ բանաձեւը հայտնվի լիագումար նիստի օրակարգում, ապա բավական է մեկ-երկու խոսք Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկացի զինվորների մասին, ու այն անմիջապես կմերժվի», կարծում է Մելքոնյանը: Սակայն Հայաստանը, պատմաբանի խոսերով, պետք է բարձրաձայնի, որ Հայոց ցեղասպանության հարցը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը: |