ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՊԵՏՔ Է ԳՏՆՎԻ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ» ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայ-թուրք-ադրբեջանական ընդդիմախոսություն ՆԱՏՕ-ի սեմինարում Երեկ սկսված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարում, ուր քննարկվում էր «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» տարողունակ թեման, տարբեր ելույթներում այնքան անդրադարձներ եղան ԼՂՀ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, որ ստիպված ենք հատվածական մոտեցում ցույց տալ բուն թեմայի լուսաբանմանը եւ ներկայացնել այդ անդրադարձները: Միայն ասենք, որ միջազգային կառույցներից բավական ներկայացուցչական կազմ էր մասնակցում այդ սեմինարին, Հայաստանի քաղաքական դաշտը նույնպես լայնորեն ներկայացված էր: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, թեեւ ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ հարցադրումները վերահասցեագրում էր Մինսկի խմբի համանախագահներից այսօր սեմինարում ելույթով հանդես եկող Բեռնար Ֆասիեին, այնուամենայնիվ` ե՛ւ իր ելույթում, ե՛ւ ելույթից հետո իրեն ուղղված հարցերին պատասխանելիս մի շարք տեսակետներ ներկայացրեց Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված: Հայաստանի անկախությունը նա թեեւ ձեռքբերում անվանեց, սակայն, ըստ նրա, Հարավային Կովկասը մի այնպիսի խաչմերուկ է, որ արտաքին ուժերն անհնար է, որ ազդեցությունը չթողնեն տարածաշրջանի երկրների վրա, այդ պատճառով էլ Կովկասի երեք հանրապետություններն այն աստիճանի անկախ չեն`աշխարհաքաղաքական գործընթացները շրջանցելու կամ անտեսելու համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լենմարկերը տարիներ հետեւել է, այդ պատճառով էլ ինքն այդ հակամարտությունը սառեցված չէր անվանի, ինչպես ուրիշները. եթե տարեկան շփման գծում 20-30 մարդ է զոհվում, ի՞նչ սառեցված հակամարտություն: Լենմարկերը հայկական կողմում կամք է տեսնում հակամարտությունը լուծելու, իսկ խնդիրը կարող է լուծվել երկո՛ւ պետությունների քաղաքական կամքի առկայության պայմաններում, միջազգային կառույցներն էլ այդ քաղաքական կամքի առկայությամբ միայն կարող են աջակցել լուծմանը: Նա մի քանի անգամ կրկնեց, որ ինքը պատճառ չի տեսնում Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու, եւ հակամարտությունն այդ ձեւաչափում պետք է լուծվի, պետք է գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի կողմերի համար: Ադրբեջանի մասին ասաց, թե այս երկիրն ունի ագրեսիայի զոհի մտավախություններ, որը նաեւ Հայաստանը պետք է ըմբռնի: Հակամարտության լուծման ճանապարհին դրական ազդանշանների հետ մեկտեղ` Լենմարկերը նշեց թշնամանքի սերմանման մասին, եւ ամենայն հավանականությամբ խոսքը Ադրբեջանի մասին էր, հատկապես ԶԼՄ-ների մակարդակով, իսկ հայերիս էլ հասկացրեց, թե մենք պատրաստ պետք է լինենք ղարաբաղյան հարցում ներպետական բանավեճի (՞): Ըստ նրա` փոխզիջումներին սիրահարված պետք չէ լինել, բայց դրանց պատրաստ լինել պետք է, իսկ նախագահ Սարգսյանին էլ պետք է օգնել ներպետական համաձայնության մթնոլորտ ձեւավորելու գործում: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթից առանձնացնենք ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հատվածը: Ըստ նրաՙ ԼՂ կարգավորումը պետք է հիմնվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման հիման վրա, միջազգային նորմերի շրջանակում: Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ըստ ԱԺ նախագահի, հայկական կողմը դիտարկում է առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է արձանագրություններում, որոնք սպասում են զույգ խորհրդարանների վավերացմանը. «Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի խորհրդարանը արձանագրությունների վավերացմանը ձեռնամուխ կլինի այն ժամանակ, երբ դրանք կքննարկվեն եւ կվավերացվեն Թուրքիայի Մեծ ժողովի կողմից»: Սեմինարին ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների թեմայով ելույթով հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , որը նշեց համագործակցության ուղղությունները մեր երկրի պաշտպանական համակարգի եւ ԵՄ-ՆԱՏՕ համագործակցության շրջանակում: Այլ ելույթներում անդրադարձ էր եղել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, հայ մասնակիցներից հարց էր հնչել հատկապես Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացման մասին: Անդրադարձ անելով այս խնդրին, Սեյրան Օհանյանը նկատեց, թե տարածաշրջանի երկրների ռազմական ծախսերը պետք է վերահսկելի լինեն, եւ առաջարկեց միասնական ուժերով այդ վերահսկմանը հետեւել: Ակնհայտորեն նկատի ունենալով Ադրբեջանը` Օհանյանը նշեց, թե քանակական ցուցանիշները դեռեւս չեն նշանակում, որ տվյալ երկրի զինված ուժերը բարձր որակի են. «Քանակին մենք հակադրում ենք մեր որակը», ասաց նա` ընդգծելով, որ Հայաստանը չի մասնակցելու սպառազինությունների մրցավազքին: Թուրքիայից եկած ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչ Աթիլջանը , երեւի նկատի ունենալով Լենմարկերի եւ այլ ելույթ ունեցողների հիշեցումները հայոց պատմության տխուր էջերի մասին, նկատեց, որ սա ՆԱՏՕ-ի սեմինար է եւ ոչ թե հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական քննարկում, չմոռանալով Հայաստանի ՍԴ որոշումն անվանել Թուրքիայի համար նախապայմաններ պարունակող, որը բարդացրել է իրավիճակը արձանագրությունները թուրքական խրոհրդարանում վավերացնելու տեսակետից: Նրան հակադարձեցին Հրայր Կարապետյանն ու Նաիրա Զոհրաբյանը , իսկ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը մի հռետորական ելույթ ունեցավՙ ուղղված Գ. Լենմարկերին, հարցնելով, թե ինչ է ասելու ԼՂՀ-ում մեծացած սերնդին Լենմարկերը, ի՞նչ է զիջելու Ադրբեջանը, իսկ Լենմարկերի եւ այլոց նշած ադրբեջանական ԶԼՄ-ների ռազմաշունչ հռետորականությունը այդ երկրի առաջին դեմքերի ասածների արտացոլանքն է պարզապես: Լենմարկերը երկար պատասխանեց` կրկին հղում անելով սահմանների անձեռմխելիության եւ ինքնորոշման երկու կարեւոր սկզբունքներին, հետո ասաց, թե հայ-թուրքական եւ ԼՂ հիմնախնդիրները չպետք է կապել, չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է օգնել ԼՂ հարցի լուծմանը` հայ-թուրքական գործընթացը կարող է շարունակվել եւ ԼՂ հարցի լուծման ուղիներ ցույց տալ: Ադրբեջանի ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչ Իլգար Մամադովի ելույթը հենց այնպիսին էր, որի տարբեր նրբերանգները մենք ամեն օր տեսնում ենք ադրբեջանական կայքերի թշնամական շեշտադրումներում: Նա խոսեց Ադրբեջանի ՀՆԱ-ի «աննախադեպ» աճից, Հայաստանում Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական ներկայությունից, Հայաստանի երեսով տվեց ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի վերաբերյալ համաձայնագրի վավերացումը Հայաստանի խորհրդարանում: Նա երես առավ այն աստիճան, որ ասում էր, թե իր երկրից արեւմուտք ուզում է տեսնել բարեկեցիկ հարեւան, ու անգամ բարբաջում էր Զանգեզուրից իբր փախստական եղած 300 հազար ադրբեջանցիներից: Թուրքիայի հետ մերձեցումն, ըստ նրա, չի կարող Հայաստանի անվտանգությունն ապահովել` եթե առաջընթաց չլինի Ղարաբաղի հարցում. «Որքան փակուղի մտնի ԼՂ հարցը, որքան հնարամիտ լինի Հայաստանի ՍԴ-ն` նախապայմաններ դնելով արձանագրությունների հետ կապված իր որոշման մեջ, այնքան մեծ կլինի Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում», անհամատեղելին համատեղելու փորձ արեց ամբիոնների մոտ քաղաքական ելույթների սովոր ոչ կառավարականը: Սեմինարի այդ հատվածը վարող Արթուր Աղաբեկյանը կոռեկտորեն փորձեց կարգի հրավիրել ադրբեջանցուն, թե հուսով էինք մի կառուցողական ելույթ լսել, բայց այդ ելույթը հարցեր առաջացրեց: Ադրբեջանցուն, էլի կոռեկտության մակարդակում պատասխանեցին Հարություն Խաչատրյանը, Ստեփան Սաֆարյանը, Կարեն Ավագյանը, Գագիկ Մինասյանը : Վերջինս մասնավորապես հարցրեց. «Եվրոինտեգրման լույսի ներքո ինչպիսի՞ն է մարդու իրավունքների իրավիճակն Ադրբեջանում, ընդդիմության ղեկավարների, անկախ լրագրողների դեմ տարվող հալածանքների բնագավառում, շարունակվո՞ւմ է արդյոք պայքարը հայկական մշակույթի ժառանգության մնացորդների դեմ, մասնավորապես Ջուղայում, թե՞ արդեն հասցրել եք բոլոր խաչքարերը ոչնչացնել, ինչպիսի՞ն է Ալիեի ընտանիքի անշարժ գույքի գնումների մակարդակը Դուբայում, սուլթանական Ադրբեջանն ինչպե՞ս պետք է բանակցի ժողովրդավարական Ղարաբաղի հետ», հարցրեց նա: Այսօր սպասվում են կարեւոր ելույթներ սեմինարում: |