ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ` Le Figaro-ԻՆ Հ. Ա. Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել հայտնի Le Figaro թերթին, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական գործընթացներին եւ ղարաբաղյան բանակցություններին: Մասնավորապես հայ-թուրքականի վերաբերյալ նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները միայն Մեջլիսից հետո: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մինչեւ այժմ Անկարան խոսում է նախապայմանների լեզվով, որը հիմնականում վերաբերում է Ղարաբաղին. «Մինչդեռ կա երկկողմ պայմանավորվածություն` հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների», նշել է նախագահը` հավելելով, որ միջազգային հանրությունը նույնպես պետք է իր վճռական խոսքն ասի այս կապակցությամբ. «Քանի որ մեր երկու երկրներն էլ ցանկանում են խորացնել իրենց հարաբերությունները Եվրոպայի հետ, ինչը բացառում է միմյանց նկատմամբ թշնամական գործողություն»: Նախագահը նաեւ զգուշացրել է, որ եթե հայկական կողմը համոզվի, որ Թուրքիան գործընթացն օգտագործում է «այլ նպատակների համար», ապա հետ կկանչի իր ստորագրությունը: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նախագահը նշել է, որ պետք է ամեն ինչ արվի վերջ դնելու Հայաստանի շրջափակմանը, որից տուժողը հենց Հայաստանն է. «Ադրբեջանն այս առումով այլ իրավիճակում է. նրանք հույսը դրել են նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու եւ հիմնախնդիրն ուժային տարբերակով լուծելու համար», նկատել է Սերժ Սարգսյանը: Իսկ, պատասխանելով հարցին, թե վախենո՞ւմ է արդյոք Հայաստանը պատերազմից, նախագահը պատասխանել է. «Պատերազմը երբեք ցանկալի չէ, եւ պատերազմներից պետք է միշտ վախենալ: Միեւնույն ժամանակ մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց մեր դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա»: |