AZG Daily #24, 10-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#041, 2010-03-10 > #042, 2010-03-11 > #043, 2010-03-12 > #044, 2010-03-13 > #045, 2010-03-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010



Միջազգային

Տեղադրվել է` 2010-03-12 01:26:47 (GMT +04:00)

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է «ՊՐՈՖԵՍՈՐ» ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Մոսկվայում լույս տեսնող «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագիրը հեղինակավոր քաղաքականագիտական հրատարակություն է, որտեղ հանդես են գալիս համաշխարհային լիդերներ, բարձրաստիճան քաղաքական ու պետական գործիչներ, դիվանագետներ, քաղաքականագետներ, անվանի վետերաններ եւ այլք: Հանդեսի վերջին համարում «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ Ռուսաստանը» վերնագրով ընդարձակ հոդված է տպագրել «պրոֆեսոր», Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը քննության է առել ներկա համաշխարհային, տարածաշրջանային կացությունը, դրա նկատմամբ Թուրքիայի մոտեցումները, թուրք-ռուսական հարաբերությունները եւ այլն:

Անկեղծ ասած, հղանքի մեջ ինձ առաջին հերթին ապշեցրեց թուրք դիվանագետի մի արտահայտությունը. «... գլոբալ միջուկային Հոլոքոսթի վտանգը...»: Ի՜նչ էպիտետ, մարդասիրական մտքի ի՜նչ թռիչք հրեաների բռնի ոչնչացման փաստի ֆոնի վրա: Պարզվում է, որ թուրք չինովնիկը զգում է ցեղասպանության ողբերգականությունն ու վտանգավորությունը... եթե այն իրագործել են ուրիշները, բայց ոչ իր նախնիները: Ակամա հիշում ես նրա նենգ ժպիտը ցյուրիխյան ստորագրումների ժամանակ, ասես կանխաճաշակում էրՙ միեւնույնն է, բան դուրս չի գա...

Գեղեցկախոս է նախարարը, ինչը, թերեւս, ավանդաբար է ժառանգվում. «Թուրքիան հավատում է այնպիսի արդարացի եւ կայուն աշխարհակարգի ստեղծման հնարավորությանը, որն ի բարօրություն կծառայի բոլոր երկրների, յուրաքանչյուր հասարակության ու ամեն մի անհատ մարդու համար, անհրաժեշտ է սրտին մոտ ընդունել տարածաշրջանային խնդիրները. մենք կարող ենք եւ պետք է բարելավենք իրադրությունըՙ միմյանց առջեւ բացելով մեր մտքերն ու սրտերը»: Եվ այլն:

Հեղինակը բերում է Թուրքիայի արտաքին քաղաքականության վեց սկզբունք եւ երեք առանձնահատկություն, որոնք էլ նա ի մի է բերում հետեւյալ կերպՙ երկրի արտաքին քաղաքականությունը կողմնորոշված է ոչ թե դեպի ճգնաժամ, այլ դեպի երազանք եւ գալիք աշխարհակառուցվածքի ընկալում. ոչ թե պետք է սոսկ արձագանքել ծագող սպառնալիքներին, այլ ստեղծագործաբար մոտենալ կոնֆլիկտների լուծմանը. արտաքին քաղաքականությունը կրում է համակարգված բնույթ եւ ընդգրկում է միջազգային հիմնախնդիրների ողջ շրջանակը: Եվՙ ամենակարեւորըՙ բոլոր ուղենիշների նպատակն է ստեղծել «Թուրքիայի նոր կերպարը»: Պարզ էՙ ազնվատես: Ի դեպ, հիշյալ սկզբունքի մեջ հաճախ են հիշատակվում առնչություններ հարեւանների հետ:

Խոսելով թուրք-ռուսական հարաբերությունների մասինՙ Դավութօղլուն հատուկ ընդգծում է, որ Անկարան ու Մոսկվան տարածաշրջանի գլխավոր խաղացողներն են, որոնք էլ այնտեղ նպաստում են խաղաղության ու կայունության պահպանմանը: Նա խոր գոհունակություն է հայտնում երկու երկրների հատկապես տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացման կապակցությամբ. 2009 թվականին Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ առեւտրական գործընկերն էր (22 միլիարդ դոլար):

Սակայն դառնանք մեր ոչխարներին: Իր հոդվածի մի զգալի մասը Դավութօղլուն նվիրել է հարավկովկասյան իրադարձություններին: Նա հանգամանորեն վերլուծում է տարածաշրջանի իրավիճակի թուրքական ըմբռնումները: Ադրբեջանի հարցում, բնական է, ոչ մի խնդիր չկա. բոլոր պարագծերով եղբայրական ցեղ է: Գրեթե «եղբայրական» է Վրաստանըՙ տարանցիկ միջանցքը: Իսկ ահա Հայաստանը... Իհարկե, Թուրքիան ձգտել է «իրենից կախված» ամեն ինչ անել, որ տարածաշրջանում իշխեն խաղաղությունն ու բարգավաճումը: Բայց հայերի կողմից «ադրբեջանական հողերի օկուպացումը»ՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդացրին իրադրությունը (մի ուրիշ տեղ նույնիսկ կոնկրետացվել է «օկուպացված» տարածքի չափըՙ 20 տոկոս): Ոչ մի անգամ չի հիշատակվում ցեղասպանությունը, նույնիսկ այդ բառը. Հայաստանի հետ հարաբերությունները բարդ են «հասկանալի պատճառներով», «իրավաբանական եւ հոգեբանական արգելքների» բերումով (ինչ է նկատի առնվումՙ չի բացահայտվում): Ավելին, թուրքերը «միակողմանի» ջանքեր են գործադրել նորմալացնելու հարաբերությունները, Ցյուրիխին նախորդել են «տիտանական» աշխատանք եւ ինտենսիվ բանակցություններ: Եվ ինչՙ հետեւել է... հայոց Սահմանադրական դատարանի որոշումը (երեւիՙ տխրահռչակ): Իսկ ահա «Զարգացող դեմոկրատիայի, աճող էկոնոմիկայի, մարդկային կապիտալի եւ բնական պաշարների շնորհիվ Ադրբեջանը դարձել է Կովկասի ձգողական կենտրոնը: Սակայն Լեռնային Ղարաբաղի չկարգավորված կոնֆլիկտը խանգարում է Ադրբեջանին եւ ողջ տարածաշրջանին»:

Հայերիս համար գուցե ոչինչ նոր բան չկա նշված եւ մյուս համանման ճամարտակություններում: Բայց չմոռանանք, որ այս ամենը նախատեսված է ռուսաստանցի ընթերցողների համար, նրանց է փորձում համոզել արդի երիտթուրքը, որ ամեն ինչում մեղավոր են ագրեսիվ հայերը եւ ոչ թե «ազնվասիրտ» թուրքերը: Էլ չենք խոսում «դեմոկրատական» Ադրբեջանի մասին:

Դավութօղլուն իր հոդվածում ոչինչ չի ասում նաեւ Հյուսիսային Կիպրոսի գրավման եւ թուրքացման մասին: Ի դեպ, այս կապակցությամբ ռուսահայերի մեջ հաճախ են խոսակցություններ տեղի ունենում այն հարցի շուրջը, թե ինչո՞ւ պաշտոնական Երեւանը գրեթե չի օգտագործում Կիպրոսի «օկուպացման» փաստն ընդդեմ «ադրբեջանական» Ղարաբաղի «օկուպացման»: Ի վերջո հույներն էլ մեր «եղբայրներն» են:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua