AZG Daily #24, 10-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#041, 2010-03-10 > #042, 2010-03-11 > #043, 2010-03-12 > #044, 2010-03-13 > #045, 2010-03-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010



Անցուդարձ

Տեղադրվել է` 2010-03-12 01:26:47 (GMT +04:00)

ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՍ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերին Լարսի անցակետի բացումն ակնհայտորեն հուզախառն ու վիճելի իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, այլապես ինչպե՞ս բացատրել վրացական, ռուսական, անգամ ադրբեջանական կողմերի բազմաթիվ հայտարարությունները անցակետի առումով «մտահոգությունների» մասին: Լարսի մասին խոսելու հիմնական մտադրությամբ էլ երեկ Մամուլի ազգային ակումբում սեփական ցանկությամբ հյուրընկալվել էր Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն : Ավանդական «եղբայրական» որակելով հայ-վրացական հարաբերությունները, դեսպանը միանգամից անցավ իրեն ասուլիսի դրդած թեմային, ընդգծելով, թե Լարսի հանդեպ հետաքրքրությունը մեծ է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության կողմից:

Դիվանագետի հավաստմամբ, Վերին Լարսի անցակետն իսկապես գործում է մարտի 1-ից, բաց է տրանսպորտային բոլոր տեսակի միջոցների, մարդկանց, նաեւ կենդանիների համար: Մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը անցակետն աշխատելու է առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 10, իսկ նոյեմբերի 1-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ըՙ առավոտյան 7-ից մինչեւ երեկոյան 7-ը, հիմնականում կապված եղանակային առանձնահատկությունների հետ: Տաբատաձեն տեղեկացրեց, որ անցակետում վիզայի տրամադրման գործառույթ չի իրականացվում, որոշ սահմանափակումներ կան հետիոտների անցնելու առնչությամբ:

Հետագա խոսակցությունն ավելի որոշակի դարձրեց, թե իրականում ինչի է համար է երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանը ասուլիսի եկել: Եկել էր, որ կրկին հայտարարեր այն, ինչ վրացական իշխանություններն արդեն բարձրաձայնել են, թե «ոչ մի փամփուշտ անգամ չի անցնի Վերին Լարսով»: Խնդիրն այն է, որ առաջիններից մեկը Ադրբեջանն ակնհայտորեն վախի զգացում դրսեւորելով, ապատեղեկատվություն տարածեց շրջող «լուրերի» մասին, թե Լարսով Հայաստան ռուսական զենք է տեղափոխվելու: Դրան հաջորդեց Ռուսաստանի առնչությամբ բոլոր հայտարարություններում կտրականություն դրսեւորող վրացական իշխանությունների խոստումը, թե փամփուշտ իսկ չի անցկացվի Վերին Լարսով: Ինչեւէ, դեսպանն ասելիքն ասաց, հավելելով կրկին այն, ինչ Վրաստանն առիթը բաց չի թողնում ասելու, թե Վրաստանը Վերին Լարսի բացմանը նայում է որպես աջակցություն բարեկամ երկրին:

Տաբատաձեն վկայեց, թե Վրաստանը տնտեսական որեւէ շահ չունի Լարսի բացումից, միեւնույն ժամանակ անցակետի բացումը «լավ է Վրաստանի համար»: «Հավաստիացնում եմ, որ Վերին Լարսի բացումը չի կարելի ընդունել որպես ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման սկիզբ: Վրաստանը մնում է իր դիրքորոշմանը եւ պահանջատեր Ռուսաստանի հանդեպ», ասաց դեսպանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Լարսի բացումը սպառնում է Վրաստանի անվտանգությանը, թե Ռուսաստանը Լարսի բաց լինելու պարագայում կգնա սադրանքների կամ հարձակման, դեսպան Տաբատաձեն ընդգծեց, որ վրացական իշխանությունների գնահատականով նման վտանգ չկա:

Բնականաբար, Վրաստանի դեսպանի ասուլիսն անմասն չմնաց Ջավախքի, Վիրահայոց թեմի խնդիրներին առնչվելուց: Հարցին, թե ինչու հայերեն գրականությունը հնարավոր չէ տանել Ջավախք, դեսպանը պարզաբանեց, թե խոսքը ոչ թե գրականության, այլ դասագրքերի մասին է, իսկ դասագրքերըՙ Հայաստանից Վրաստան անցկացնելու հարցը կապված է հենց Հայաստանում թարգմանված դասագրքեր ունենալու հետ, որոնք, դեսպանի խոսքով, համապատասխանում են Վրաստանի կրթական ծրագրին, այն դեպքում, երբ Հայաստանից տարված դասագրքերը ծրագրից դուրս են:

Մուղնեցոց Սուրբ Գեւորգի փլուզումից հետո վրացական իշխանությունները քանիցս վստահեցրել են, թե այն կվերականգնվի, ինչում վստահեցրեց նաեւ Գրիգոլ Տաբատաձեն, ինչն առավել հետաքրքրական է, վիճահարույց որակվող Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզման առնչությամբ երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանը ցավակցություն հայտնեց, ինչից ուղղակիորեն կարելի է ենթադրել, որ դեսպանի համար տվյալ եկեղեցին բնավ վիճահարույց չէ, այլՙ հայկական: Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակին Վրաստանում, որ ցայսօր օդից կախված է, դեսպանը դույզն-ինչ չտարբերվելով հայտնի դիրքորոշումից, կրկին առաջարկեց, որ Վիրահայոց թեմն ընդունի որպես հասարակական կազմակերպություն գրանցվելու տարբերակը եւ դա իբր մինչ այն պահը, երբ Վրաստանի խորհրդարանը վերջապես կընդունի կրոնի մասին օրենքը, որի վրա, դեսպանի հավաստմամբ, դեռ աշխատում են:

Վերջին ժամանակներս վրացական մամուլում հաճախակիացել են հրապարակումները, որոնցում որոշ «գիտնականներ» կամ «լրագրողներ» բարձրաձայնում են Լոռու մարզի հանդեպ վրացական նկրտումների մասին: Այդ առնչությամբ հարցին Գրիգոլ Տաբատաձեն պատասխանեց, որ նման հրապարակումներ իրեն չեն պատահել:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua