AZG Daily #24, 10-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#041, 2010-03-10 > #042, 2010-03-11 > #043, 2010-03-12 > #044, 2010-03-13 > #045, 2010-03-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010



Մշակույթ

Տեղադրվել է` 2010-03-12 01:26:47 (GMT +04:00)

ՀԱՅՏՆԻ ՈՒ «ԱՆՀԱՅՏ» ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ` ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Մարտի 11-ին լրացավ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակը: Այդ առթիվ երեկ Ազգային գրադարանում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում, որին ներկա էին նկարիչներ, գրողներ, արվեստաբաններ:

Վարդգես Սուրենյանցը ծնվել է Ախալցխայում, հոգեւորականի ընտանիքում, 1868-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Սիմֆերոպոլ: Նախնական կրթությունը ստացել է Լազարյան ճեմարանում, ապա սովորել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում, ինչպես նաեւ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում:

«Անցյալ տարի ես պատիվ ունեցա լինել նկարչի ծննդավայրում: Ախալցխայի այդ թաղամասում ծնվել են մեր մշակույթի մեծագույն գործիչները, որոնց հիմա թվարկել չեմ կարող, քանի որ շատ-շատ են: Միայն կարող եմ ասել` նրանց վերջին ներկայացուցիչը Լուսինե Զաքարյանն է», ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը :

Վարդգես Սուրենյանցը տիրապետել է 10 լեզուների, ուսումնասիրել տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը: 1885-ին նա ուղեւորվել է Պարսկաստան, որտեղ նկարել է պարսկական կյանքին նվիրված էտյուդների մի ստվար շարք: Հարավի շռայլ արեւը, կավի ճերմակավուն փոշով ծածկված տները, արեւելյան որմնանկարչությունն ու մանրանկարչությունը ներգործել են Սուրենյանցի արվեստի վրա` նրա կոլորիտը դարձնելով ավելի լուսավոր:

«Երբ նկարչի ընտանիքը տեղափոխվել է Սիմֆերոպոլ, նա Այվազովսկու ընտանիքի հետ մեկնել է Բախչիսարայ: Սուրենյանցն այնքան է տպավորվել, որ տանը հիշողությամբ նկարել է Բախչիսարայի շատրվանն ու արժանացել Այվազովսկու դրվատանքին», պատմեց արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանը :

Լազարյան ճեմարանում սովորելու տարիներին Սուրենյանցը հիմնականում նկարել է ծաղրանկարներ, նույնիսկ նկարել է ճեմարանի տնօրենի ծաղրանկարը:

«Տնօրենին այնքան լավ է նկարել, որ նկարն անցել է ձեռքից ձեռք: Նկարի պատճառով նա ճեմարանում խիստ նկատողություն է ստացել, ու տեղափոխվել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարան», ավելացրեց Սյուզաննա Փիլոսյանը:

Նկարչի «Լքյալը» կտավի միջոցով առաջին անգամ հայ մշակույթ թափանցեցին եվրոպական գեղանկարչության տարրերը` զուգորդված նկարչի նուրբ գունազգացողությամբ: Սուրենյանցի որոշ գործերում նկատելի է «մոդեռն» ոճի ազդեցությունը` պատմական թեմատիկա, այլաբանություն, զարդանախշի ընդգծված ոճավորում: Մոդեռնի գծերն ավելի ակնհայտ են «Սալոմե» կտավում, որտեղ նկարիչը Սալոմեին պատկերել է ոչ թե արդեն ավանդական դարձած տարբերակով` պարելիս, այլ հակառակը` մենակ, բայց իր մենության մեջ հպարտ ու անշարժ: Այստեղ Սալոմեն հավաքական խառնվածք չէ կամ մարդակերպ սիմվոլ, նա չափազանց մարդկային է եւ ունի անհատական խորունկ բնութագիր. անկախ ամեն ինչից նկարիչը շարունակում է նաեւ հավատարիմ մնալ ռեալիզմին: Սուրենյանցի գեղագիտական տեսակետը հետեւյալն է. «Նկարը պետք արտահայտի կյանքն այնպես, ինչպես նա երեւում է մեր աչքին»:

Վարդգես Սուրենյանցը նաեւ նկարազարդել է գրքեր, եղել է արվեստի տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, հեղինակն է Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների:

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց նկարչին նվիրված տեսանյութ, որը կազմել էր մշակութաբան Գագիկ Գինոսյանը, ինչպես նաեւ Ազգային գրադարանում բացվեց նկարչին նվիրված գրքերի ցուցահանդեսը:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը , ով նույնպես ներկա էր միջոցառմանը, երախտիքի խոսք ասաց.

«Հպարտ եմ, որ իմ հայրենի Ջավախքից է Վարդգես Սուրենյանցը: Ջավախքը հայ ժողովրդին տվել է մեծանուն պոետներ, նկարիչներ, նաեւ քաղաքական ու պետական գործիչներ, որոնց գործունեությամբ մենք միշտ հպարտացել ենք»:

Նկար 1. Վարդգես Սուրենյանց, 1899

Նկար 2. Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 12-03-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua