«ԽԻԶԱԽ ԿՆՈՋ» ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մարտի 10-ին «Խիզախ կին» մրցանակ հանձնեց Մարիամ Սուխուդյանին : Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` զրպարտության մեղադրանքով: Դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008 թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդված) Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը, իսկ նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Մ. Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ընտրված խափանման միջոցը վերացվել: Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները: Բացի այդ, ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծությամբ չի հիմնավորվել Մ. Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը: Հարուցվել է քրեական գործ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար»: |