ՈՉ ԱՅՆՔԱՆ ՃՆՃՂՈՒԿԻ, ՈՐՔԱՆ ԿԿՎԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՍԵՐ Մարդուս կարեւորագույն հատկանիշներից մեկը չափի զգացում ունենալն է, բայց երբ մարդը զուրկ է դրանից` կարող է իր իմաստակություններով ու կեղծիքներով երեւակայական ամրոցներ կառուցել, իր նմանակների ու արբանյակների օգնությամբ տպավորություն ստեղծել, թե տեսե՛ք` ինչե՜ր կարող եմ անել... Ակամա նման եզրակացության ես հանգում` arevelk.info կայքէջում ընթերցելով ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում «Հայ գրականություն» առարկան դասավանդելու դեմ մի խծբծանք, որին իրենց «համերաշխությունն» էին հայտնել մի քանի օտարամոլ թռչնիկներ: Խիստ մտահոգիչ այս երեւույթն էլ մեզ մղել է բարձրաձայն խորհրդածության: Մենք մտադիր չէինք խնդիրը դարձնել հանրապետական մամուլի քննարկման առարկա, այլ, ելնելով խոսքի եւ մամուլի ազատության իրավունքի հանդեպ հարգանքից, որոշեցինք նույն կայքում զետեղել մեր պատասխանը: Սակայն երկու անգամ նրանք կայքէջից ջնջեցին այնՙ կարծես ասելովՙ իմ արտն էՙ բակլան խաշած եմ ցանում: Եթե արդարամիտ էին, թող իրենց գրածի կողքին հանդուրժեին նաեւ մեր պատասխանը, բայց նրանք ո՜ւր, հանդուրժողականությունն ո՜ւր... Այլալեզու ճնճղուկներին ու օտարամոլ կկուներին զսպելու այլ միջոց չունենալովՙ հարկադրված ենք մեր պատասխանը հրատարակել «Ազգի» էջերում: Կարելի էր համակերպվել նույնիսկ մարդկանց այս տեսակի հետ` մտածելով` ինչ կա որ, թող սրանք էլ իրենց բնազդական իրավունքներով ապրեն, ինչպես մյուս կենդանի արարածները: Սակայն այդպիսիների նկատմամբ հանդուրժողականությունն անմիջապես վերածվում է հասարակական չարիքի ու ազգային աղետի, քանի որ նրանց մեծամոլությունը չի զսպվում կամ արգելակվում չունեցած չափի զգացմամբ: Այո՛, էությամբ իր ազգանվանը համահունչ այդ սեւ եւ բեկ (բեկված, շեղված ու խեղված իմաստով) խառնածին արարածի խծբծանքին կարելի էր եւ չպատասխանել, սակայն նա օդ սղոցող իր հերյուրանքներով, իր նմանակ-արբանյակների երգչախմբային կկվաձայներով կարող է ապակողմնորոշել գիտական հանրությանն ու կրթական ոլորտի` բարեխիղճ մոլորության մեջ հայտնված մարդկանց, ովքեր պիտի կարծեն, թե ... եկել է նոր մարգարեն... Նրան, իհարկե, չես տեսնի որեւէ հասարակական ու ազգային վայրում, չես տեսնի Մեծ եղեռնի տարելիցների սգերթերում, ոչ էլ ընկեր-բարեկամների մահվան թափորներում (նա միայն մի մահվան թափորի է իր կյանքում մասնակցել` արաբագիտության, քանզի նրա` արաբերենի իմացությունն իսկ խիստ կասկածելի է) եւ կամ ազգային խնդիրներ շոշափող գիտաժողովներում: Ինչպես ասում են` խլուրդի աշխարհը իր նեղ ծակն է: Հայոց լեզվից ու հայ գրականությունից իր բորբոս քիթը բռնած` նա, որպես օրենք, գլուխը միշտ կախ, ման է գալիս Երեւանի փողոցներում` ինչ-որ մի բան գտնելու հույսով` իհարկե ոչ հայագիտության ասպարեզում, քանի որ անտեղյակ լինելով` կարող է Մովսես Խորենացուն անվանել Մայիսեյ Խորենսկի, Եղիշեին` Ելիսեյ ու Կաղանկատվացուն էլ` Կալանկատույսկի, եւ ոչ էլ արաբագիտության ասպարեզում, քանի որ կարող ուժ չէ: Որպես կանոն` թերուսները լինում են ինքնահավան, պարծենկոտ եւ խիստ վնասակար ու վտանգավոր: Դրանցից մեկի` իրեն արաբագետ հորջորորջող խիստ կասկածելի այս չարամիտ պարոնի ինքնագովությունից բուրում է վերոհիշյալ կենդանուն բնորոշ տհաճ հոտը: Նրա գրության մեջ դժվար է գտնել մարդկային բանականությանն առնչվող գոնե մեկ միտք, իսկ նրանում թույլ տրված ուղղագրական, կետադրական ու ոճական անհաշվելի սխալները շատ են բնորոշ այդ կարգի մարդկանց: Վերջին տասնամյակում ընդամենը մի քանի հոդվածիկ եւ երկու-երեք թեզիս` այն էլ համահեղինակությամբ հրատարակած իմաստակի խոսքն այս անգամ խմբագրի ձեռք չի ընկել, որովհետեւ «մարգարեն» զբաղված էր անհամեմատ ավելի բարձր վճարվող «գրանտային» կրթական «բարեփոխումներով»: Եվ նրա բարբաջանքը կայքէջում հայտնվել է իր կուսական անգրագիտությամբ: Ահա սնափառության մի ցնցող նմուշ հիշաչարությամբ լեցուն նրա «խոսքից»: Անխաթար կարդանք նրա չնչնապատ խոսքը` պահելով ոճն ու կետադրությունը. «Գիտե՞ք երբ առաջին անգամ փորձ կատարվեց մեր (իմա` ԵՊՀ արեւելագիտական) ֆակուլտետի ուսումնական ծրագրերին փոքր-ինչ արեւելագիտական երանգ հաղորդել: 23 տարի առաջ էր: 1987 թվականը... 29 տարեկան էի` այն ժամանակների համար արտառոծության աստիճանի հասնող երիտասարդ»: Մեզ բնավ չեն զարմացնում արտառոց բառի ց - ծ ուղղագրական սխալը, որը կրկնվում է երկու անգամ եւ բնավ էլ համակարգչային վրիպակ չէ, 4 կետադրական սխալներն ու մտքի վթարները (ինչպես` բանասիրական ֆակուլտետի մեկ այլ մի դեկան եւ այլն), նրա զառանցական ինքնագովությունը: Սակայն վստահ կարող ենք պնդել, որ 23 տարի հետո պրն Սեւաբեկյանը իրոք որ վերաճել է հասուն արտառոցության, որովհետեւ գավառամտության մեջ է մեղադրում բոլոր նրանց, ովքեր այսօր հանդգնում են մտածել հայագիտության ու հայ մշակույթի, նոր սերունդների ու հայրենիքի ապագայի մասին: Այդ իրոք արտառոց խծբծանքի մեջ արեւին ստվեր ասելու պես «գրպանային հայրենասեր» են անվանված երկու դեկաններ` Գուրգեն Մելիքյանն ու Արծրուն Ավագյանը: «Թող մեկը մեր «գրպանային հայրենասերներից» չմտածի հանկարծ, թե ինքը հաջողության կհասնի: Սա մեր ընդհանուր գործն է, եւ նա մենակ չէ: Ես իր կողքին եմ, ինչպես 23 տարի առաջ: Մերիի՛ կողքին էի» (գրագիտությունը դարձյալ իրենն է, եւ բոլոր տգիտություններին չենք կարող անդրադառնալ): Շատ հստակ մատնանշվում է իր տեղը` տարիներ առաջ վախճանված Մերիի կողքին` ջանալով գոնե այդպես իրեն անմահացնել: Այդ դիրքերից էլ նա դատապարտում է Գուրգեն Մելիքյանին, որն, իբր, 2004 թ. իր նախընտրական ելույթում հնչեցրած կրթական մի ռազմավարություն է իրականացնում` «(ա) ռազմահայրենասիրական դաստիարակություն եւ (բ) ուսումնական պլանում արեւելագիտական առարկաների կրճատում» (հաջորդական կարգ ցույց տվող տառերի երկու փակագծերն էլ իրենն են): Տեսեք` երբեւէ բանակում չծառայած մարդիկ ինչպիսի քամահրանքով են արտահայտվում ռազմահայրենասիրական դաստիարակության մասին մեր երկրում, որն ապրում է զինադադարի ու շրջափակման պայմաններում: Կարճամիտը չունի սովորական տրամաբանություն անգամ. ինչպե՞ս կարող էր արեւելագիտության ֆակուլտետի դեկանը առաջարկել արեւելագիտական առարկաների կրճատում: Այդ նույնն է, թե գյուղացին հողից հրաժարվի, կամ հրամանատարը` զորքից: Ճշմարտությունն այն է, որ իրականում, երբ այս «սեւ պարոնը» արաբագիտության ամբիոնի վարիչն էր, նրա թեթեւ ձեռքով են կրճատվել հայագիտական առարկաների դասաժամերը` քննությամբ ավարտվող երեք կիսամյակից դառնալով ստուգարքով ավարտվող 38 ժամանոց մի դասընթաց, որն էլ այս ուսումնական տարվանից են կրճատում: Էլ ինչո՞ւ է ճնճղուկը բարբաջում` «քննություննե՜ր, քննություննե՜ր...»: Մայրենի լեզվի, հայ գրականության եւ ընդհանրապես հայագիտության մասին խղճուկ պատկերացում ունեցող այս զիգզագ կիսափափկասունի ու մյուս «բուրավետ» թռչնակների հերոսական աջակցությամբ չե՞ն հաշմվել ոչ միայն հայերենին, այլեւ մասնագիտական լեզվին` արաբերենին չտիրապետող տասնյակ ու տասնյակ շրջանավարտները, որոնց մի վառ ներկայացուցիչն ինքն է: Սրանք պարզապես չեն կարողանում համակերպվել այն իրողությանը, որ ֆակուլտետը, ուր իրենք աշխատում են, գործում է ոչ թե Թեհրանի, Ստամբուլի կամ Բեյրութի, Հալեպի, Բաղդադի, Կահիրեի համալսարաններում, ուր բնականորեն զարգանում են արեւելագիտության համապատասխան ճյուղերը, այլ Երեւանի պետական համալսարանում, որ 1919 թ. հիմնադրվել է հենց հայ բանասիրության ու պատմության ֆակուլտետներով, այսինքն` հայագիտական սկզբով, որ հայ բանասիրության ֆակուլտետից է առանձնացել նաեւ նրա երբեմնի բաժիններից մեկը` արեւելագիտության ֆակուլտետը, որի շրջանավարտների վկայագրերում, որպեսզի աշխատանք ունենային, արաբագետի, իրանագետի եւ թուրքագետի հետ միասին նշվում էր, որ նրանց տրվում է նաեւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Նրանք «մոռանում» են, որ իրենց չեղած ժամանակներում են այդ բաժնում եւ ապա ֆակուլտետում ստեղծվել հայ արեւելագիտության բարձրագույն նվաճումները, եւ իրենց առնվազն այսօրվա Հրաչյա Աճառյաններ են երեւակայում: Այստեղից էլ սկսվում է մնացածը: Հայ գրականության եւ հայոց լեզվի, հայ բանասիրության ֆակուլտետի եւ իրենց իսկ ֆակուլտետի դեկանի դեմ ցինիկ հեգնանքով մարտնչող այս պարոններն իբր շա՜տ են մտահոգ արեւելագիտության ֆակուլտետին «արեւելագիտական երանգ» հաղորդելու «հայրենասիրական» խնդրով, եւ կաշվից դուրս են գալիս իրենց զայրույթն ու չարությունը բնակա՜ն ներկայացնելու համար. «Անցան տարիներ, եւ անցած ուրբաթ օրը հանկարծ պարզվեց, որ մեր ֆակուլտետի դեկանը կարգադրում է արդեն պատրաստ ուսումնական պլաններում մասնագիտական առարկաների հաշվին փոփոխություններ կատարել` ներառելով...ի՞նչ եք կարծում` ի՞նչ: Այդ նույն անորոշ վերտառությամբ «Հայ գրականություն» առարկան»: Նկատենք, որ մինչեւ օրս համալսարանի եւ ոչ մի ֆակուլտետում եկող ուսումնական տարվա «պատրաստ պլաններ» չկան: Հայ գրականության եւ մեր ազգային արժեքների դեմ այսպես անպատկառորեն մարտնչող եւ, ցավոք, նույնիսկ հաջողության հասած մարդը իրոք որ հիվանդ է եւ այսպես է մտածում, ի՞նչ կարող ես անել: Այդ «անորոշ» հայ գրականությունը վաղուց հանված էր երկու` արաբագիտության ու իրանագիտության ամբիոնների կողմից (մեկում` թուրքագիտության ամբիոնում այն կա եւ միշտ էլ եղել է), եւ պարոններին զայրացրել է դեկանի միջոցով նրա մի կիսամյակով վերականգնման փորձը: 35 տարի «Ով քնած եք` արթուն կացեք» կարգախոսը լսած ու չհասկացած կկուներին ու ճնճղուկներին բա չասե՞նք, որ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը նպատակ ունի պատրաստելու հայ արաբագետներ, հայ իրանագետներ ու հայ թուրքագետներ, (այնպես, ինչպես թուրք, պարսիկ եւ արաբ հայագետները նախ հրաշալիորեն գիտեն իրենց մայրենի լեզուն ու գրականությունը), պարզաբանել ու բացահայտել հայ-արաբական, հայ-պարսկական պատմամշակութային ու ազգաբանական խնդիրները: 1600-ամյա հայ գրականությունը Արեւելքի մեծագույն գրականություններից մեկն է, որին գոնե ծանոթ պիտի լինի ամեն քիչ թե շատ բարեկիրթ մարդ, էլ ո՞ւր մնաց հայոց մայր բուհի արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտը, մանավանդ եթե նա զբաղվելու է թարգմանչական ու դիվանագիտական միջպետական գործունեությամբ: Դիտել տանք եւս մի բան. ո՞վ ասաց, թե հայոց լեզուն ու հայ գրականությունը արեւելագիտական առարկաներ չեն: Առանց հայ գրականության ու հայոց լեզվի ո՞ւմ են ծառայելու արեւելագիտության ֆակուլտետի թռչնիկներն իրենց օտարալեզու ծըլվլոցներով ու անմեղեդի դայլայլներով. հո միայն նեխահոտելով ու ապականելով չի՞: Սեւ մարդու այդ սեւագրության վերնագրում հիշատակվում է նաեւ փոցխը: Խոսքն, իհարկե, անպոչ փոցխի մասին է: Չվառականը չգիտի, որ սուր ատամներով փոցխը պոչ է ունենում, որով սիրում է հարվածել հատկապես «արտառոծության հասած» այն մարդուկի ճակատին, ով իր ծուռ ոտքը սխալ է դնում: Շրըխկ: Ուրեմն` զարմանազան սեւաբեկյաններին եւ նրանց շուրջը թեւածող թութակներին ու կկուներին խորհուրդ ենք տալիս ձեռք չբարձրացնել մեր ազգային արժեքների ու սրբությունների վրա. դրանց ոչնչացումը Հայաստանի Հանրապետությունում նրանց չի հաջողվի: Իսկ եթե պատրաստվում են մեկընդմիշտ մեկնելու արտասահման` արդեն այլ խնդիր է: Ասենք, որ նրանց հուզողը այնքան էլ արաբագիտությունը կամ իրանագիտությունը չեն: Այդ նախկին «ակտիվիստների» բուն նպատակը մարդկանց մեջ դժգոհություն ներարկելն է, համալսարանի ուսումնական գործընթացը ձախողելով` մարդկանց փողոց դուրս բերելը, որի կարծեցյալ ալիքի վրա հույս ունեն իրենց նախկին տերերի ուշադրությանն արժանանալ եւ տրվող ֆուրշեթների ու հետնասեղանների թափուր աթոռները զբաղեցնել: Ցավոք, սրանց նման «մտածողներ» մեր նոսրացող ու սակավատերեւ անտառներում էլի կան, որոնց պատասխանելու փորձ է արվել «Ազգ» օրաթերթի #108, 12-06-2010-ում: |