AZG Daily #23, 09-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#155, 2010-08-28 > #156, 2010-08-31 > #157, 2010-09-01 > #158, 2010-09-02 > #159, 2010-09-03
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 01-09-2010



Միջազգային

Տեղադրվել է` 2010-09-01 00:14:25 (GMT +04:00)

ՀԱԶԻՎ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵՆ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Այս տարվա հուլիսի 18-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը պետք է հաստատեն կոնֆեդերատիվ հարաբերություններ, քանի որ նրանց հարաբերությունները միջպետականից ավելին են: «Մեր երկրները միմյանց շարունակությունն են, միմյանց ավարտականությունը եւ մի օրգանիզմի մասնիկները: Դժվար է պատկերացնել ավելի լավ հարաբերություններ, քան կան Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ», քաղցրաձայնեց Սաակաշվիլին:

Չասենք լայնորեն, սակայն ադրբեջանա-վրացական (հետագայում նաեւՙ թուրքական) կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարը քննության առնվեց ռուսաստանյան լրատվամիջոցներում: Հիշյալ երկու երկրների քաղաքական-տնտեսական շահերը (անջատողականություն, էներգատարներ եւ այլն) մեծապես համընկնում են, եւ նման պայմաններում նրանց միջեւ կոնֆեդերատիվ հարաբերությունների հաստատումը այստեղ չեն բացառում. ի վերջո կոնֆեդերացիաների գլխավոր նպատակն է լուծել այն արտաքին քաղաքական ու ռազմապաշտպանական խնդիրները, որոնք առնչվում են դաշինքի յուրաքանչյուր անդամի քաղաքական գոյությանն ու տարածքային ամբողջականությանը:

Այդուհանդերձ Ռուսաստանի քաղաքականագիտական միտքը ավելի շատ կասկածամտություն է դրսեւորում այդ գաղափարի իրագործման հարցում, թեեւ, թվում է, ակնհայտ է նման երկուստեք ձեռնտու մեխանիզմի օբյեկտիվ անհրաժեշտությունը: Ինտեգրացիոն գործընթացների գլխավոր խանգարիչ պարագան դիտվում է Ադրբեջանի եւ Վրաստանի աշխարհաքաղաքական անբավարարությունը, ինչքան էլ նրանք համարվեն տարածաշրջանի քաղաքական դաշտի «գլխավոր» խաղացողները: Արտաքին քաղաքական հզոր «ուժերը»ՙ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոմիության, Թուրքիայի եւ Իրանի, իրենց բազմաբնույթ շահասիրական նկրտումներով տարածաշրջանի երկրները մասնատում են ըստ ազդեցության ոլորտների, թուլացնում են ինտեգրացիոն խթանները, կամ էլ նրանցից յուրաքանչյուրն այդ գործընթացները փորձում է ներգրավել իր սեփական ինտեգրացիոն կառույցների մեջ: Որոշ մեկնաբաններ խնդրի խրթինությունը տեսնում են նաեւ Հայաստանի հետ այդ երկու պետությունների հակասական հարաբերությունների մեջ:

Ուշագրավ է, որ ադրբեջանա-վրացական կոնֆեդերացիայի կազմավորման գաղափարի հեղինակ այստեղ համարում են ԱՄՆ-ին, ելնելով այն բանից, որ Սաակաշվիլին այդ մասին հայտարարեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թբիլիսյան այցից հետո: Ադրբեջանում այդ նախաձեռնությունն ունի ե՛ւ կողմնակիցներ, ե՛ւ մերժողներ: Որոշ մասնագետներ դա համարում են սոսկ քարոզչական խաղեր, ուրիշները գտնում են, որ Ադրբեջանը Վրաստանի համար էապես գրավիչ է էներգաանվտանգության փաստացի ապահովման նկատառումներով: Սակայն ադրբեջանցիները նաեւ կասկածներ ունեն, որ նախաձեռնության սկզբնաղբյուրը Կրեմլում է, որն, իբր, առաջնորդվելով «բաժանիր եւ իշխիր» հանրահայտ սկզբունքով, փորձում է ավելի հզոր սեպ խրել անդրկովկասյան պետությունների միջեւ:

Այս իմաստով հետաքրքրական է ադրբեջանական գործակալության նորերս կայացած հարցազրույցը ռուսաստանյան լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, հարավկովկասյան տարածաշրջանի փորձագետ Մոդեստ Կոլերովի հետ: Այն հարցին, թե ինչքանո՞վ է իրական ադրբեջանա-վրացական-թուրքական կոնֆեդերացիայի ստեղծումը, եւ որ դա չե՞ն հրահրում այն ուժերը Մոսկվայում, որոնք ամեն կերպ պաշտպանում են Հայաստանն ու ադրբեջանական հողերի օկուպացումը, Կոլերովը պատասխանում է, որ դժվար է պատկերացնել, թե Մոսկվան ինչ կերպ կարող է ազդել Թբիլիսիի եւ Բաքվի, առավել եւս, Բաքվի ու Անկարայի հարաբերությունների, հենց Սաակաշվիլու վրա: Իսկ ինչ վերաբերում է կոնֆեդերացիա ստեղծելու վերջինիս մտահղացմանը, ապա Կոլերովն անմիջապես նշում է, որ այդ դաշինքում ի սկզբանե Վրաստանին կհատկացվի կրտսեր գործընկերոջ դերը: Փորձագետը լուրջ կասկածներ է հայտնում, թե Ադրբեջանն ու Թուրքիան կցանկանան ավելի շատ պարտավորություններ վերցնել իրենց վրա, քան կա տարանցիկ էներգափոխադրումների, Աջարիայի եւ Բորչալուի համար: Իսկ կոնֆեդերացիան, կոնկրետացնում է Կոլերովը, կնշանակի պատասխանատվություն վերցնել հենց Սաակաշվիլու ժառանգության համար:

Արժե մեջբերել նաեւ թեմայից դուրս ազերիների տված եւս մի հարց ու դրա, ես կասեի, հակիրճ, բայց տարողունակ պատասխանը.

«- Պատկերացնենք, որ Ադրբեջանը դուրս է գալիս բանակցային գործընթացից եւ փորձ է անում ռազմական ճանապարհով վերադարձնել օկուպացված տարածքների վերահսկողությունը: Այդ դեպքում ո՞րը կլինի իրադարձությունների զարգացման առավել հավանական սցենարը:

- Լոկալ պատերազմը կձգվի 3-5 օր: Ռազմաճակատի գիծը էապես չի փոխվի: Այսքանը»:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 01-09-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua