AZG Daily #20, 04-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#155, 2010-08-28 > #156, 2010-08-31 > #157, 2010-09-01 > #158, 2010-09-02 > #159, 2010-09-03
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 01-09-2010



Տեղադրվել է` 2010-09-01 00:14:25 (GMT +04:00)

ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ...

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հերթական «օկուպացվածը» կդառնա ՄԱԿ-ի բանաձեւ, իսկ Հայաստանն էլի միայն դիտորդ է

Միջազգային անցուդարձին հետեւելիս ավելի հաճախ հղումների կարելի է հանդիպել, քան բովանդակության: Սիրում են միջազգային կազմակերպություններն ու ընդհանրապես միջազգայնորեն գործող կառույցները, նաեւ անհատները մի քայլ անելուց առաջ հիշատակել բազմաթիվ նորմեր, թղթեր, փաստաթղթեր, հոդվածներ ու դրանց նման դրույթներ, որոնցով ամրագրվում ու հիմնավորվում է հաջորդ քայլը:

Ու այս համատեքստում որքան էլ անկարեւոր կամ երկրորդական լինեն տվյալ իսկ պահին քննարկվող փաստաթղթային նախագծերը, դրանք այսպես թե այնպես, մի օր հայտնվելու են գուցե պակաս կարեւոր կամ, ընդհակառակը, շատ էլ կարեւոր փաստաթղթերի հիմքում ու արժանանալու են հղում ունենալու ճակատագրին: Ուստի որեւէ փաստաթուղթ, անկախ խորհրդատվական թե իրավական բնույթ ունենալուց, չի կարելի արհամարհել, հատկապես որ այդօրինակ մի ձեւակերպում ի շահ, ասենք, Հայաստանի հաստատապես փողհարվելու հեռանկարով կներկայացվի:

Հերթական անգամ, հերթական հակահայկական ձեւակերպումներով ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանի օրակարգում կարող է հայտնվել ու քննարկվել, նաեւ ընդունվել մի բանաձեւի նախագիծ, որ շրջանառության մեջ է դրել Ադրբեջանը` ՄԱԿ-ում, ըստ էության, ուզածն անցկացնելու մոտեցումը ապացուցված ներկայացնելով: Ու մինչ Հայաստանից էլի խելացի ու անխելք միասին կփորձեն բացատրել, թե խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ կարող է ընդունվել, հարկ կլինի կրկին հիշեցնել, որ միջազգային փաստաթղթերի մի զգալի մասը հենց այդ բնույթով էլ խնդրահարույց ու պահանջող են դառնում տարբեր երկրների գլխին, երբ վերջիններս ժողովրդավարության կուրսից շեղումներ են ունենում:

«Միջազգային հումանիտար եւ մարդու իրավունքների միջազգային նորմերի պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անվանումը կրող բանաձեւի նախագիծը, որ, որոշ տեղեկությունների համաձայն, կարող է քննարկման առարկա դառնալ սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթականՙ 64-րդ նիստում, ի հայտ է եկել դեռեւս հուլիսի սկզբներին, սակայն հայկական կողմից, կարծես, տեղից շարժվելու նշաններ չէին երեւում ու մինչ օրս էլ չկան:

«Իրադրությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» օրակարգային կետը Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտավ դեռեւս 2004-ին, ինչի հիման վրա, «քանի դեռ լուծված չէ օկուպացված տարածքներին առնչվող խնդիրը», Ադրբեջանը կարող է հարցին առնչվող բանաձեւերի նախագծեր ներկայացնել ՄԱԿ:

Նոր ներկայացված նախագծում հիշատակվում են ՄԱԿ-ի շրջանակներում արդեն իսկ ընդունված ադրբեջանական բանաձեւերը, մասնավորապես 2006-ի եւ 2008-ի բանաձեւերը «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում», որոնցում կոչ էր արվում «անհապաղ դուրս բերել հայկական զինուժը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Ինչեւէ, նոր բանաձեւի 10 կետից բաղկացած նախագծի համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վերահաստատում է «Լեռնային Ղարաբաղից եւ հարակից` հակամարտությունից ազդեցություն կրած շրջաններից արտաքսված բնակչության եւ նրանց ժառանգների` իրենց տներ վերադառնալու անքակտելի իրավունքի իրականացման կարեւորությունը»: Նախագծով, որը տվյալ դեպքում Ադրբեջանի ցանկության ու շահերի արտահայտությունն է, նշվում է, թե «բոլոր այն միջոցները, որ ձեռնարկվել են միակողմանորեն փոփոխելու հակամարտությունից ազդեցություն կրած շրջանների ֆիզիկական բնույթը, ժողովրդագրական կազմը, ինստիտուցիոնալ կառուցվածքն ու կարգավիճակը, իրավական ուժ չունեն եւ լուրջ խոչընդոտ են հակամարտության կարգավորման բանակցությունների համար»:

Բանաձեւի նախագծով ընդգծվում է նշվող տարածքներում «մշակութային ժառանգության պահպանման, անհայտ կորած մարդկանց խնդիրների լուծման կարեւորությունը»: Այս նախագծում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) առաջարկվում է «շտապ կարգով իր անդամ երկրների համապատասխան փորձագիտական գիտելիքներով ներկայացուցիչների բազմազգ փաստահավաք առաքելություն ուղարկել հակամարտության տարածաշրջան` հետաքննելու եւ զեկույց ներկայացնելու միջազգային մարդասիրական եւ մարդու իրավուքների միջազգային իրավունքի ոլորտում միջազգային չափանիշների պահպանման վիճակի վերաբերյալ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից էլ, ըստ բանաձեւի նախագծի, պահանջվում է Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջանին բազմակողմանի զեկույց ներկայացնել տվյալ բանաձեւի կատարման վերաբերյալ: Իսկ վերջին կետով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ըստ նախագծի, կարող է որոշել «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» կետ մտցնել հաջորդ նստաշրջանի օրակարգ:

Այս ամենից առավել հետաքրքրականն ու թերեւս զարմանալին այն է, որ Հայաստանում այս բանաձեւի նախագծի ու դրա ընդունման առնչությամբ մի տեսակ հանգիստ իրավիճակ է տիրում, այն էլ ամենաբարձր մակարդակով:

Մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անգամ չի բացառել այդ բանաձեւի ընդունումը: Նախագահը Լեռնային Ղարաբաղ այցելությանըՙ դեռեւս օգոստոսի 29-ին հայտարարել է. «Այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձեւ (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ոչ քաղաքական, ոչ տնտեսական կյանքում, ոչ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձեւին հավանաբար կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերեւս այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են»:

Սարգսյանը վստահություն է հայտնել, թե բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձեւին: «Առնվազն գոնե ձեռնպահ են մնալու, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձեւերի ընդունումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:

Սա` մի հանգամանք, եւ երկրորդ հանգամանքը` կարծում եմ, շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, եւ այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից եւս քայլեր կլինեն, եւ այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին»:

Ըստ նախագահիՙ «Մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե փոքր, միգուցե դեռեւս պրոբլեմներով լի, բայց պետություն է, եւ այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է»:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 01-09-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua