AZG Daily #20, 04-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

Прайс-лист. Примеры выполненных работ.
verkom.ru
Информация о компании. Каталог товаров.
pechatmoskva.ru
Корпоративное комплексное обслуживание. Технический перевод текста.
transla.ru

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#156, 2010-08-31 > #157, 2010-09-01 > #158, 2010-09-02 > #159, 2010-09-03 > #160, 2010-09-04
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 02-09-2010



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2010-09-02 00:42:47 (GMT +04:00)

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼՂՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդները համատեղ նիստ գումարեցին եւ ընդունեցին հռչակագիր`«Լեռնային Ղարաբաղի Հանարպետության հռչակման մասին»: ԼՂՀ-ն հռչակվեց արցախահայության համար դժվարին ժամանակում, ռազմաքաղաքական բարդ պայմաններում: Հաջորդած ուղին` պատերազմից, հաղթանակներից, զինադադարի ստորագրումից մինչեւ ներկայիս բանակցային գործընթաց եւ Մադրիդյան սկզբունքներ, դեռ հանգուցալուծման չի բերում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ի՞նչ հույսեր ունեինք, ինչի՞ հասանք, ի՞նչ իրավական լուծում է ուրվագծվում. այս հարցերի շուրջը «Ազգը» զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրության հեղինակ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:


- Եթե շատ կարճ ամփոփենք անցած քսան, անգամ քսաներկու տարին, կարելի է ասել, որ մեր իսկապես լուրջ հաջողություններն արձանագրվել են պատերազմական եւ նախապատերազմյան շրջանում: Հրադադարի հաստատումից հետո ունեցել ենք չափազանց լուրջ բացթողում` հարցի իրավական բաղադրիչի անտեսում: Ի սկզբանե պետական ամենաբարձր մակարդակով ձեւավորվել էր անհեթեթ մի պատկերացում, որ միջազգային իրավունքում տարածքային ամբողջականությունը գերակայություն ունի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:

- Դա անպատկերացնելի տգիտություն է ու անընդունելի անպատասխանատվություն մեր ժողովրդի համար ամենակենսական խնդիրներից մեկի վերաբերյալ: Մինչդեռ, անհրաժեշտ գիտելիքներ ունենալու եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը, ՄԱԿ կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին վերաբերող փաստաթղթերը կարդալու դեպքում կարելի էր պարզել, որ տարածքային ամբողջականությունը գործում է միայն այդ կազմակերպությունների անդամ պետությունների հարաբերությունների կարգավորման համար: Մետրոպոլիայի եւ ինքնորոշվող, անկախացող ժողովրդի միջեւ գործում է ինքնորոշման իրավունքը: Ավելին, այդ իրավունքն ունի միջազգային իրավունքում բարձրագույն կարգավիճակ: Անցած տարիներին հրապարակվել են խնդրի կարգավորման նախորդ երեք նախագծերը, որոնց վերաբերյալ բանակցություններն այս կամ այն պատճառով տապալվեցին:

Կարծում եմ տապալման պատճառներից մեկն էլ այն է, որ դրանցից որեւէ մեկի հիմքում միջազգային իրավունքի սկզբունքները դրված չեն եղել, ամեն ինչ կառուցված է եղել պարզունակ առեւտրի վրա: Որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմք առաջին անգամ ինքնորոշման իրավունքն արձանագրվել է 2005 թվականին` ԵԽԽՎ 1416 բանաձեւում: Վեց ամիս անց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, սրան արձագանքելով` մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ այդ մոտեցումը իրավական ձեւակերպում ստացավ. որպես կարգավորման հիմք արձանագրվեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու սկզբունքները` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման: Ցավոք, կրկին տգիտության պատճառով, այս երկու սկզբունքների միաժամանակյա հիշատակումը ոմանց շփոթության է մատնել. Հայաստանում շատերին թվում է(վերջերս ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են հաճախ այդ մասին խոսում), երբ ինքնորոշման իրավունքը հիշատակվում է տարածքային ամբողջականության հետ, ուրեմն տարածքային ամբողջականությունը գերակայություն ունի, եւ ինքնորոշման իրավունքը կարող է օգտագործվել միայն ինքնավարության հաստատման համար: Մինչդեռ այս եկու նորմերը նույն հարթության մեջ չեն գտնվում, դրանցով կարգավորվում են միանգամայն տարբեր հարաբերություններ եւ սկզբունքորեն չեն կարող իրար հակասել: Ղարաբաղյան հակամարտությունն ունի երկու բաղադրիչ` Ադրբեջան-Հայաստան (օրինակ, Արծվաշենի խնդիրը), որը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքով եւ Ադրբեջան-ԼՂՀ, որը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Ավելին, ինքնորոշման իրավունքի կիրառման ձեւերը հստակորեն սահմանված են դեռեւս 1970 թվականին ՄԱԿ-ի ընդունած հռչակագրով`միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների վերաբերյալ, ըստ որի ինքնորոշվող ժողովուրդն ինքն է ազատորեն որոշում իր քաղաքական կարգավիճակը հետեւյալ ձեւերից որեւէ մեկով` անջատում եւ անկախ պետականության հռչակում, անջատում եւ միացում մեկ այլ պետության, կամ որեւէ այլ քաղաքական կարգավիճակ, որը կնախընտրի այդ ժողովուրդը: Որեւէ մեկը`ոչ մետրոպոլիան, տվյալ դեպքում Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Հայաստանը, ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԱՀԿ-ն կամ որեւէ մեկը իրավունք չունեն սահմանափակելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրացման իրավունքը իր քաղաքական կարգավիճակի վերաբերյալ այս երեք տարբերակներից որեւէ մեկով:

- Այսինքն եթե բանակցություններին մասնակից չէ Ղարաբաղը, սա հենց սկզբունքի խախտո՞ւմ է դառնում...

- 2008 թվականի գարնանը ստեղծվեց շատ բարենպաստ իրավիճակ, որը հնարավորություն էր տալիս շտկելու հայկական կողմի հիմնական սխալը: 2007-ի նոյեմբերին Մադրիդյան սկզբունքներն արձնագրվեցին որպես հիմք` խնդրի կարգավորման համար, եւ այդ փաստաթուղթը ունի մեկ շատ էական ու սկզբունքային տարբերություն` նախորդ բոլոր նախագծերի համեմատ. այնտեղ ինքնորոշման իրավունքն արձանագրվում է որպես կարգավորման սկզբունքներից մեկը: Իհարկե, այստեղ եւս հիշատակվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչի մասին նշեցի նախորդ հարցին պատասխանելիս: Ավելացնեմ միայն, հարցը վերջնականորեն փակելու համար, որ ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն ժամանակին Բաքվում պարզաբանեց այդ երկու սկզբունքների առկայության անհրաժեշտությունը, նշելով, որ այս հակամարտության մեջ կա երկու տարբեր բաղադրիչ` միջպետական, որպես Ադրբեջան-Հայաստան հակամարտություն, եւ այստեղ գործում է տարածքային անմբողջականության սկզբունքը, եւ ներքին, ինչպես Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որի պարագայում գործում է ինքնորոշման սկզբունքը: Բանակցությունների կողմերը եւ համանախագահները, Մադրիդյան սկզբունքներում արձանագրելով ինքնորոշման իրավունքը, շատ լավ հիմք ստեղծեցին ԼՂՀ ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար: Ավելին, 2008-ի գարնանը դրան ավելացան եւս երկու գործոն: Դրանցից մեկը նախագահական ընտրություններն էին Հայաստանում եւ նոր նախագահի պաշտոնի ստանձնումը, մյուսը, որ վերջին երկու տարիներին ԼՂ իշխանությունները հստակորեն հայտարարում էին, թե որեւէ փաստաթուղթ, որը կձեւավորվի առանց իրենց մասնակցության, իրենց համար ընդունելի չի լինի: Փաստորեն Լեռնային Ղարաբաղը դիվանագիտորեն հայտարարում էր, որ Հայաստանն այլեւս չպետք է ներկայացնի իր շահերը: Հայաստանի նորընտիր նախագահը հիանալի հիմքեր ուներ հայտարարելու, որ ինքնորոշվող Լեռնային Ղարաբաղն այլեւս ինքնուրույն պետք է մասնակցի բանակցություններին: Համանախագահներն արձանագրել էին ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք եւ չէին կարող կամայականորեն մերժել այդ միջազգային նորմի կիրառման առաջին իսկ քայլը:

- Սակայն հիշում եք նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը...Հիմա կարո՞ղ ենք շտկել իրավիճակը:

- Իրավիճակը բացարձակապես նշանակություն չունի, ճիշտ հակառակը, կարծում եմ ամենաբարդ իրավիճակներում ճիշտ քայլերը միշտ օգտակար են բոլոր հարցերի հանգուցալուծման համար: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա այդ հնարավորությունն այսօր էլ կա, որովհետեւ հանգամանքները չեն փոխվել բացարձակապես: Դա ամենակարեւոր քայլն է, որ պետք է անեն Հայաստանի իշխանությունները: Հակառակ դեպքում ստացվում է, որ Հայաստանն ինքը չի հարգում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

- Այդ անելու համար ինչն է պակասում` կա՞մքը, գիտելիքների պակա՞սը, թե՞ մասնագետների պակասը...

- Ցավոքՙ Հայաստանում ընդունված չէ որեւէ (ոչ միայն ԼՂ) հարցի լուծման համար օգտագործել այն մեխանիզմները, որոնք քիչ, թե շատ կայացած երկրում օգտագործվում են անվերապահորեն: Հարցերի լուծումները նախապատրաստում են մասնագետները, իրենց տարբերակներով, հիմնավորումներով, դրական եւ բացասական հետեւանքներով եւ ներկայացնում են քաղաքական մարմիններին, որոնք ընտրում են այս կամ այն տարբերակը: Մինչդեռ մեր երկրում, թեեւ շատ է խոսվում գիտելիքի ու գիտության կարեւորության մասին, սակայն ամեն ինչ որոշվում է պաշտոնյաների պարզունակ պատկերացումներով: Չէի ուզենա այդ մասին խոսել, բայց ստիպված եմ հիշեցնել, որ 2005-06 թվականներից խնդրի կարգավորման վերաբերյալ մի շարք գիտական հանդեսներում հոդվածներ եմ հրապարակել եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս տարբեր, 2008-ին տպագրել եմ «ԼՂ հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրությունը, որտեղ հստակորեն ներկայացված է թե՛ խնդիրը, թե՛ ինքնորոշման իրավունքի տեղը միջազգային իրավունքի շրջանակներում, թե՛ այդ ամենի հիման վրա խնդրի լուծումը: Ի դեպ, հուլիսին անգլերեն տարբերակը եւս տպագրվեց:

- Այժմյան իրավիճակը, փաստորեն հայկական կողմի համար բարենպաստ չեք համարում...

- Ցավոք, իրավիճակը շարունակաբար վատանում է, թեեւ ԼՂՀ դեպքն անթերի է միջազգային իրավունքի տեսակետից: Ինչո՞ւ, որովհետեւ նույն Մադրիդյան սկզբունքների արդեն հրապարակված (2009-ի հուլիսին) նախագիծը, թեեւ ունի շահեկան տարբերություն նախորդ նախագծերի համեմատ, ինչի մասին արդեն խոսեցի, սակայն նրանում վեց կետ է նախատեսված` որպես «ճանապարհային քարտեզ» ու այն բոլոր կետերը, որոնք արտացոլում են Ադրբեջանի ձգտումները` պարզ եւ հստակ ձեւակերպված են, իսկ հայկական կողմի ձգտումներն արտացոլող կետերը մեղմ ասած մշուշոտ են: Առիթ եղել է առանձին հոդվածով մանրամասն վերլուծելու այդ փաստաթուղթը, այդ պատճառով ավելացնեմ միայն, որ փաստաթուղթը գլխիվայր շրջում է հակամարտության բնույթը` ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծումը թողնելով վերջում: Կոսովոյի օրինակը պարզորոշ ցույց տվեց, որ հակամարտությունները խորանում են, երբ կարգավիճակի հարցը հետաձգվում է` առաջին պլան մղելով ածանցյալ հարցերը: Ահա թե ինչու Կոսովոյում 2004-ի լուրջ բախումից հետո փոխվեց ռազմավարությունը եւ հաջորդ տարվանից սկսվեցին կարգավիճակի որոշման աշխատանքները:

- Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը կարծեմ Դուք եղածներից տարբեր դիրքորոշում ունեք:

- Ցավոք, անգամ Արդարադատության միջազգային դատարանի կարծիքի հրապարակումից հետո էլ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները չեն տեսնում, որ ինքնորոշման իրավունքը գործող նորմ է միջազգային իրավունքի շրջանակներում: Անգամ հիշում եմ, երբ 2008 թվականին «Ազգում» մի հոդված էի հրապարակել, փորձեցին պատասխան մի այլ հոդված հրապարակել, որտեղ ձեւակերպել էին, որ ինքնորոշման իրավունքի կիրառման հետ կապված հույսեր կարող են ունենալ կամ ազգայնամոլները կամ ռոմանտիկները: Մինչդեռ Կոսովոյի վերաբերյալ կարծիքի հրապարակումը ցույց տվեց, թե այդպիսի լուծում կարող են ակնկալել միայն իրատես մարդիկ, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ եւ կարող են աշխատել, որպեսզի այդ իրավունքը կիրառում ունենա իրենց հետաքրքրող խնդիրների մեջ: Երբ հրապարակվեց Կոսովոյի վերաբերյալ կարծիքը` Հայաստանում երկու խումբ տեսակետներ ձեւավորվեցին. մեկի ներկայացուցիչները հայտարարում էին, որ սա նախադեպ է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, մյուսինը` որ քաղաքական որոշում է, ԱՄՆ-ի ճնշման տակ եւ որեւէ նշանակություն չի կարող ունենալ: Երկու տեսակետներն էլ հնչեցնում էին անտեղյակ քաղաքական գործիչները, եւ իրականության հետ կապ չունեն: Նախ, իհարկե, դատարանի այդ կարծիքը չի կարող ինքնաբերաբար տարածվել բոլոր հակամարտությունների վրա, բայց այն միաժամանակ մի մոդել է խնդրի իրավական կարգավորման համար: Ընդ որում` գործընթացը գրեթե երկու տարի տեւեց: 2008-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սերբիան իր հարցադրումը ներկայացրեց Հաագայի դատարան եւ Գլխավոր ասամբլեան դրականորեն արձագանքեց: Այդ հարցի քննարկումը գլխավոր ասամբլեայում ինքնին շատ հետաքրքիր էր, որովհետեւ որքան էլ տարօրինակ է, մի շարք երկրներ, ովքեր կողմ էին Կոսովոյի անկախությանը, դեմ էին, որ հարցը գնա միջազգային դատարան. դրանց մեջ էին Ալբանիան, Միացյալ Նահանգները եւ էլի մի շարք երկրներ: Սա կարծում եմ ակնհայտորեն ցույց է տալիս, որ քաղաքական շրջանակների պատկերացումները միջազգային իրավունքի մասին մեղմ ասած լիարժեք չէին եւ լավ չէին պատկերացնում, թե ինչ է կատարվելու հետո: Ավելին, դա նաեւ վկայում է, որ քաղաքական որոշում չէր դատարանի որոշումը, որովհետեւ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները պիտի դեմ չլիներ, որ հարցը գնար դատարան: Ավելին` Սերբիայի արտգործնախարարն իր եզրափակիչ խոսքում հայտարարեց, թե պատմական օր է Սերբիայի համար` հարցն իր համար լուծված համարելով...

- Բայց, խոստովանենք, քաղաքական դրդիչներ կային այդ որոշման համար...

- Իհարկե, յուրաքանչյուր հարց, այդ թվում եւ սա, ունի տարբեր բաղադրիչներ` քաղաքական, իավական, պատմական, ռազմական եւ այլն: Թեեւ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողները կարծում են, թե ամեն ինչի, այդ թվում եւ հակամարտությունների լուծման հիմքում պարզունակ առեւտուր է: Դատարանը անդրադարձել է նաեւ հարցի քաղաքական բաղադրիչին. նշել է , որ անկախ այն բանից, որ հարցը քաղաքական բաղադրիչ ունի, եւ կարող է անգամ ունենալ ինչ-որ առումով անբարենպաստ քաղաքական հետեւանքներ, սակայն իր գործն է դրանք մի կողմ թողնել եւ իրավական հարցին իրավական կարծիք տալ: Կոսովոյի գործը, դատարան մտնելուց մինչեւ կարծիքի հրապարակումը ունեցել է երկու տարվա ընթացք: 36 երկիր, այդ թվում Ադրբեջանը կարծիք է ներկայացրել եւ մասնակցել է այդ ամբողջ ընթացքին, Հայաստանը` ոչ: Ավելի անփույթ եւ անպատասխանատու վերաբերմունք հնարավոր չէ պատկերացնել: Մինչդեռ այս գործը մեզ համար ունի բացառիկ նշանակություն` որպես իրավական լուծման մոդել:

Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է անթերի պատրաստ լինեն այնպիսի զարգացումների, որոնց արդյունքում Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւս կհայտնվի Միջազգային դատարանում: Ընդ որում, անկախ Հայաստանի ցանկությունից եւ առանց Երեւանի համաձայնության: Դա կարող է անել Ադրբեջանը, եթե համոզվի, որ ինքն ավելի պատրաստ է դատարանում իր դիրքերը պաշտպանելու, քան ԼՂՀ-ն կամ Հայաստանը: Քանի որ գործնականում անհնարին է, որ Ադրբեջանը ստորագրի ԼՂՀ անկախությանն առնչվող որեւէ փաստաթուղթ, ապա միանգամայն հնարավոր պետք է համարել, որ Մինսկի խմբում համաձայնություն լինելու դեպքում համանախագահ երկրները կարող են դիմել դատարան: Պետք է Հայաստանում լավ գիտակցեն, որ այդ դեպքերից որեւէ մեկում բոլորովին էլ չի կարելի վստահ լինել, որ Կոսովոյի հարցում այդպիսի կարծիք է հրապարակվել, ուրեմն նույնը կարվի մեր հարցում: Իհարկե, միջազգային իրավունքի տեսակետից Ղարաբաղի դեպքը անգամ մի շարք առավելություններ ունի Կոսովոյի նկատմամբ: Բայց դատարանը պարտավոր չէ ինքը գտնել հիմնավորումները, ապացուցել դեպքի համապատասխանությունը միջազգային իրավունքին: Եթե հարցը մտնի դատարան, Ղարաբաղը պիտի գնա դատարան` պաշտպանելու իր դիրքերը , եւ Հայաստանը կարող է գնալ` որպես ՄԱԿ-ի անդամ երկիր: Եթե Հայաստանը պատրաստ չլինի այս ամենին` ակնհայտորեն լինելու է հակառակ որոշումը: Հետեւաբար պետք է օր առաջ պատրաստվել նման զարգացումների, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ մեծ ծավալի մասնագիտական աշխատանք անել: Կոսովոյի գործով կուտակվել է ահռելի փաստական նյութ, որ ներկայացրել են տարբեր երկրներ: Շատ լավ պետք է ուսումնասիրվեն կողմ եւ դեմ կարծիքներն ու դրանց հիմնավորումները: Պետք է ստեղծվի փորձագիտական կառույց, ոչ մեծ թվով մարդկանցից կազմված, ներգրավվեն օտարերկրյա փորձագետներ, շատ լուրջ աշխատանք տարվի այլ երկրների կառույցների հետ:

- Դուք երկարատեւ աշխատանքի մասին եք խոսում:

- Այդ աշխատանքների անհրաժեշտության մասին տարիներ շարունակ եմ խոսել: Այսօր դրա ուշացումը կարող է ունենալ աղետալի հետեւանքներ: Սակայն առանց լուրջ գիտելիքների մեր ներկայացուցիչները չեն կարող հիմնավորել դիրքորոշումներն ու պաշտպանել Լեռնային Ղարաբաղի շահերը: Բարեբախտաբար ԼՂ խնդրում մենք ունենք անթերի կողմ, դա իրավական բաղադրիչն է, եւ բանակցություններում այն պետք է մեզ համար լինի մեր դիրքերի պաշտպանության հիմնական զենքը:

- Ինչո՞ւ նույն բանը արտգործնախարարության շրջանակում չեք տեսնում:

- Նախ, արտգործնախարարությունում ոչ թե մասնագետներ են աշխատում, այլ պաշտոնյաներ: Այն աշխատանքը, որի մասին ես խոսում եմ, կարող են եւ պետք է անեն մասնագետները, պաշտոնյաները դրա արդյունքները պետք է կիրառեն: Հաագայում Կոսովոյի հարցի քննարկման ժամանակ տարբեր երկրների պատվիրակությունների կազմում հիմնականում աշխատում էին մասնագետներ:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 02-09-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua