AZG Daily #23, 09-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#156, 2010-08-31 > #157, 2010-09-01 > #158, 2010-09-02 > #159, 2010-09-03 > #160, 2010-09-04
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 02-09-2010



Մարզական

Տեղադրվել է` 2010-09-02 00:42:51 (GMT +04:00)

ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻ. «ԱՅՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է»

Ավանում շահագործման հանձնվեց ֆուտբոլի ակադեմիայի շենքը

Երեք տարի առաջ ՈՒԵՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները դրեցին Հայաստանի ազգային հավաքականի տեխնիկական կենտրոնի հիմնաքարը: Անցել է ընդամենը 3 տարի եւ արդեն պատրաստ է ֆուտբոլի ակադեմիայի շենքն իր 5 խաղադաշտերով, 2 լողավազաններով, մինի ֆուտբոլի, բասկետբոլի խաղահրապարակներով, հյուրանոցային հարմարավետ պայմաններով: Ակադեմիայում կարող են մարզվել 1500 երեխաներ, իսկ տեխնիկական կենտրոնում միաժամանակ կարող են ուսումնամարզական հավաք անցկացնել 6 թիմեր: Արդեն այս օրերին նորակառույց կենտրոնն իր հյուրընկալ դռներն է բացել Հայաստանի ֆուտբոլի ազգային եւ երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստների առջեւ, որոնք նախապատրաստվում են առաջիկա ընտրական մրցախաղերին:

Երեկ Ավանում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի բացումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին , ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը , Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը , ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու պաշտոնատար այլ անձինք:

Բացման խոսքով ներկաներին ողջունեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանըՙ կարեւորելով տեխնիկական կենտրոնի դերը Հայաստանում ֆուտբոլի հետագա զարգացման գործում: Նա նշեց, որ այս մարզաբազան խոշորագույնն է Անդրկովկասում եւ լավագույններից մեկըՙ Եվրոպայում: ՀՖՖ նախագահը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանը կառույցի համար 15 հա տարածք է տրամադրել: Շինարարության վրա ընդհանուր ծախսը կազմել է 12 մլն դոլար: Այդ գումարից 7,475 մլն դոլարը հատկացրել է ՈՒԵՖԱ-ն, 400 հազարըՙ ՖԻՖԱ-ն, 4,125 մլն-ըՙ ՀՖՖ-ն:

Իր խոսքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հետեւյալն ասաց. «3-րդ անգամ եմ Հայաստան ժամանում, ինչի համար անչափ ուրախ եմ: 3 տարի առաջ վերջին փոխանցումը կատարեցինք: Այսօր շնորհիվ իմ ընկեր Ռուբենի տեսանք գոլը: Սա գոլ չէ Իռլանդիայի հավաքականի դարպասը, սակայն գոլ է հայկական ֆուտբոլի զարգացման համար»: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին եւ ՀՖՖ նախագահին կառույցն ավարտական տեսքի հասցնելու համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայկական ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար Միշել Պլատինին պարգեւատրվեց Պատվո շքանշանով: Այն Պլատինիին հանձնելու ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց. «Այն բանի համար, որ մեզ շատ լավ փոխանցումներ եք կատարում: Վստահ եմ, որ այդ փոխանցումները շարունակելու եք»: Այնուհետեւ երեք նախագահները կտրեցին ժապավենը:

Կառույցում շրջելուց եւ ստեղծված հիանալի պայմաններին հիմնավորապես ծանոթանալուց հետո ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի նախագահները համատեղ ասուլիսի մասնակցեցին: Միշել Պլատինին նշեց, որ մինչեւ իր նախագահ դառնալն էլ ՈՒԵՖԱ-ն նման ծրագրեր էր իրականացնում եւ օգնում էր ազգային ֆեդերացիաներին: Այդ համագործակցությունը շարունակական է: Նա տեղեկացրեց, որ չեմպիոնների լիգայի մրցաշարում 3 տարի առաջ զգալի փոփոխություններ էին կատարվել եւ առաջիկայում մրցակարգում այլ փոփոխություններ նախատեսված չեն:

ՈՒԵՖԱ-ի նախագահը խոսեց նաեւ եվրոպական հզոր ակումբներում ներդրումների, կատարվող ծախսերի սահմանափակման որոշումների մասին, որոնց իրենց համաձայնությունն են հայտնել ակումբների ներկայացուցիչները: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Եվրոպայի 2016-ի առաջնությունում 24 հավաքականների մասնակցությունը չի նվազեցնի մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը, կխթանի ֆուտբոլի զարգացմանը եվրոպական մի շարք երկրներում:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Շախտյոր» կնպաստի տաղանդավոր ֆուտբոլիստի խաղային կարողությունների հետագա զարգացմանը, ինչն ի նպաստ կլինի նաեւ մեր ազգային հավաքականին: Միշել Պլատինին էլ նշեց, որ ըստ գործող կարգի, 7,5 մլն տրանսֆերային գումարից համապատասխան մաս պետք է ստանա «Փյունիկը», որում ձեւավորվել է Մխիթարյանը:

Պլատինին դեմ արտահայտվեց ֆուտբոլում կրկնապատկերների օգտագործմանը վիճելի դրվագների պարզաբանման համար: Դրա համար հարկ կլինի ահռելի գումարներ ծախսել բարդ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, վճարել հեռուստաընկերություններին: Դրա փոխարեն նա առաջարկեց ավելացնել խաղադաշտում մրցավարների քանակը, իսկ նշված գումարները ծախսել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման վրա:

Ասուլիսի վերջում ՀՖՖ նախագահը եւս մեկ անգամ իր երախտագիտությունը հայտնեց Պլատինիից հայկական ֆուտբոլին աջակցելու համար:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 02-09-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua