ՌԻՆԳՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՊԱՐՏԵԼԻՆԵՐԸ Բացառված չէ, որ 2004-ի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի անդամ Վանես Մարտիրոսյանը նոյեմբերի 6-ին մենամարտի առաջին միջին քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն, ուկրաինացի Սերգեյ Ձինձիրուկի հետՙ վիճարկելով չեմպիոնական գոտին: Վերջինիս պրոմոութեր Հերի Շոուն ներկայումս բանակցում է Showtime հեռուստաալիքի հետ այդ մենամարտը ցուցադրելու հարցի շուրջը: Եթե գործարքը տեղի ունենա, ապա Մարտիրոսյանի եւ Ձինձիրուկի հանդիպումը կկայանա բռնցքամարտի նույն երեկոյի ընթացքում, որի ժամանակ ռինգ դուրս կգան նաեւ Ռաֆայել Մարկեսն ու Խուան Մանուել Լոպեսը: Այդ մենամարտը Showtime-ն արդեն գնել է: Վանես Մարտիրոսյանը ծնունդով աբովյանցի է: Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում է Գլենդեյլում: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի էՙ հաղթելով բոլոր 28 մենամարտերում: Դրանցից 17-ը նա ավարտել է ժամկետից շուտ: Սերգեյ Ձինձիրուկը 10 տարով մեծ է Վանեսից: Ուկրաինացի բռնցքամարտիկը ներկայումս բնակվում է Համբուրգում: Նա եւս անպարտելի էՙ առավելության հասնելով բոլոր 37 մենամարտերում (23-ըՙ ժամկետից շուտ): Այնպես որ պրոֆեսիոնալ ռինգում 2 անպարտելի բռնցքամարտիկների մենամարտը մեծ հետաքրքրություն կառաջացնի: |