ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ԼԱՎՐՈՎ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ Հ. Ա. Նախորդ օրը երեկոյան ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության «Ընդունելությունների դահլիճում» Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նախարարներ Նալբանդյանի, Լավրովի եւ Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումից հետո նախարարները մամլո ասուլիսով հանդես չեկան, ինչի պատճառը, թերեւս, ժամեր առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի` ավելի քան 30 մարդու կյանք խլած պայթյունն էր: Մինչեւ Մոսկվա մեկնելը Էլմար Մամեդյարովը հարցազրույց էր տվել քուվեյթյան Al Rai թերթին, որտեղ մասնավորապես նշել էր, որ «Ադրբեջանը պատրաստ է բարձր կարգի ինքնորոշում տալ ԼՂ-ին». «Սա մեր դիրքորոշումն է, որը աջակցություն է գտնում միջազգային հանրության կողմից», նշել է Մամեդյարովը: Առավել հետաքրքրականը, սակայն, Մամեդյարովի հարցազրույցի հաջորդ մասերն են, երբ նա խոսում է Իսրայելից ու Պաղեստինից: Ըստ այդմ, «պարզվում է», որ Ադրբեջանի դիրքորոշումը մերձավորարեւելյան հարցում երկու պետությունների առաջացումն է. «Հենց այդ նպատակով մենք դեռեւս դեսպանատուն չունենք Թել Ավիվում», ընդգծել է Մամեդյարովը: Ադրբեջանի գլխավոր դիվանագետը նաեւ խոստովանել է, որ «ղարաբաղյան պատերազմի հենց առաջին օրերից հաստատվել է ռազմական համագործակցություն Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ. «Մեր բանակն ամրապնդելու համար մենք դիմել ենք շատ երկրների. առաջիններից մեկը, որ մեզ արձագանքեց, Իսրայելն է, ու ես չեմ կարծում, որ սա Իրանին դեմ է. այդ երկրում մենք ունենք ադրբեջանական մեծ համայնք, եւ հավատում ենք բարիդրացիությանը», ասել է Մամեդյարովը: |