AZG Daily #8, 18-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2011-02-10 > #023, 2011-02-11 > #024, 2011-02-12 > #025, 2011-02-15 > #026, 2011-02-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 12-02-2011



Առողջապահություն

Տեղադրվել է` 2011-02-12 00:00:11 (GMT +04:00)

ՉԹՈՂՆԵԼ, ՈՐ ՔԱՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՌՆԱ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Միզաքարային հիվանդությունը Հայաստանում այնքան շատ է տարածված, որ հիվանդներն իրար հետ խոսելիս ասում են` քարն ի՞նչ է, որ չունենանք

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Արեն Բաբլումյանն ասում է, որ միզաքարային հիվանդությունը հիմա ավելի տարածված է, քան 10 տարի առաջ: Բժշկի կարծիքով` դա մարդկանց կենսակերպի փոփոխության հետեւանքն է: Ճի՛շտ է, հիվանդների թիվը հիմա ավելացել է, սակայն քարեր օրգանիզմում մարդիկ միշտ էլ ունեցել են: Քարեր են հայտնաբերվել նույնիսկ եգիպտական մումիաների մեջ:

«Ուրոլոգիայի կենտրոնի» ուրոլոգ Մուշեղ Մկրտչյանը բացատրում է, որ սա միզասեռական համակարգի հիվանդություն է, որի ժամանակ քար է առաջանում երիկամում կամ միզուղիներում: Քարը կարող է գոյանալ երիկամում, բայց հետո իջնել միզուղիներ: «Քար կարող է առաջանալ նույնիսկ շագանակագեղձում», հավելում է Արեն Բաբլումյանը:

Հիվանդության առաջացմանը նպաստող գործոնները շատ են, դրանցից բժիշկներն առանձնացնում են միօրինակ սնունդը, սակավ հեղուկներ օգտագործելը, ծխելը, շոգ եղանակը, որոշ դեղերի չարաշահումը: «Վիտամիններ C-ի եւ D-ի չարաշահումը, իսկ սննդի մեջ վիտամիններ A-ի ու B-ի պակասը կարող են նպաստել հիվանդության առաջացմանը», ասում է Արեն Բաբլումյանը: Բժիշկները կարեւորում են հեղուկների շատ օգտագործումը, որովհետեւ ինչքան շատ մեզ արտաթորվի, այնքան կքչանա քար առաջանալու ու արդեն առկա քարի մեծանալու հավանականությունը: Այս հիվանդությունը նաեւ ժառանգական բնույթ ունի, սակայն մարդն ի ծնե քար չի ունենում: Քարի առաջացումը պայմանավորված է օրգանիզմում որոշակի գործընթացների` նյութափոխանակության, ջրաղային փոխանակության խանգարումներով: Մուշեղ Մկրտչյանը նշում է, որ միզաքարային հիվանդության տարածված լինելը նաեւ կախված է օդի ջերմաստիճանից: Ինչքան բարձր է տվյալ երկրում օդի ջերմաստիճանը, այնքան շատ են հիվանդները: «Ալկոհոլային խմիչքներն ու աղի սնունդը չարաշահելը եւս կարող են նպաստել հիվանդության առաջացմանը», ավելացնում է բժիշկ Մկրտչյանը: Երբեմն քարը կարող է լինել երիկամի բորբոքային հիվանդության հետեւանք, կարող է եւ հակառակը լինել` բորբոքային պրոցեսներ սկսվեն քարի պատճառով: Խոսելով բարդություններից` Արեն Բաբլումյանն ասում է, որ միզաքարային հիվանդությունը կարող է այնպիսի բարդությունների հանգեցնել, որ նույնիսկ երիկամը հեռացվի: Իսկ Մուշեղ Մկրտչյանը հիվանդներին խորհուրդ է տալիս խուսափել կծու, թթու ուտելիքներից, քանի որ դրանք նպաստում են բորբոքումների առաջացմանը: Ամեն դեպքում, հիվանդներն ինչքան շուտ դիմեն բժշկի ու բուժեն հիվանդությունը, այնքան զերծ կմնան բարդություններից: Հնարավոր է, որ մարդը քար ունենա, բայց դա իրեն չանհանգստացնի: «Նման հիվանդներին խորհուրդ ենք տալիս մնալ հսկողության տակ ու որեւէ խնդրի առաջ գալու դեպքում բժշկի դիմել», ասում է Ա. Բաբլումյանը եւ ընդգծում. «Հիմնականում զբաղվում ենք այն քարով, որը խնդիր է առաջացրել»: Մարդը երկար տարիներ կարող է քար ունենալ երիկամում, բայց այդ մասին չիմանալ: Միզաքարային հիվանդության մասին սովորաբար իմանում են այն ժամանակ, երբ քարը շարժվում է ու խաթարում մեզի հոսքը: Այս հիվանդության հիմնական ախտանիշը ցավն է: «Հիվանդը ցավ է ունենում գոտկային շրջանում, ցավը կարող է ճառագայթել դեպի միզապարկ ու արտաքին սեռական օրգաններ: Հնարավոր է, որ լինեն նաեւ սրտխառնոց ու փսխում», ասում է Արեն Բաբլումյանը:

72-ամյա Ռազմիկը տարիներ առաջ երիկամում քարեր է ունեցել, հիվանդության դեմ բուժվել է դեղորայքով, հիմա երիկամում միայն ավազ ունի: Պատմում է, որ գոտկատեղի սուր ցավեր է ունեցել, գնացել է ստուգման, ու պարզվել է, որ 0,5-0,7 սմ չափերի քարեր ունի: Բուժվելուց հետո ցավեր չի ունենում, իսկ ավազն առանձնակի չի անհանգստացնում: «Խմում էի հատուկ դեղեր, որոնք պակասեցնում էին արյան մեջ քար առաջացնող աղերի քանակը», ավելացնում է Ռազմիկը:

Ուրոլոգ Մկրտչյանը բացատրում է, որ մարդու մեջ սկզբում ավազ է առաջանում, հետո` քար: Ավազները, որոնցից բաղկացած են քարերը, բաղադրությամբ տարբեր են լինում: Մի մարդու մեջ կարող է անսահմանափակ քանակությամբ քարեր լինեն: Քարերն էլ տարբեր չափսեր են ունենում` մի քանի միլիմետրից մինչեւ 15 սանտիմետր: «Կան մարջանաձեւ քարեր, որոնք նույնիսկ 10-15 սմ են լինում», ասում է բժիշկ Բաբլումյանը:

Հիմա միզաքարային հիվանդությունն առավել տարածված է տղամարդկանց մեջ, քան կանանց, ինչը, Արեն Բաբլումյանի կարծիքով, հավանաբար պայմանավորված է տղամարդկանց կենսակերպով:

Միզաքարային հիվանդության բուժումն ու կանխարգելումը

Մուշեղ Մկրտչյանն ասում է, որ միզաքարային հիվանդության նոպայով իրենց ավելի շատ դիմում են ձմերուկի սեզոնին. «Շատ ձմերուկ են ուտում, դե ձմերուկն էլ միզամուղ է, քարերը շարժվում են, հիվանդներն ընկնում են նոպայի մեջ ու գալիս բժշկի մոտ»: Բժիշկները բուժման տարբեր մեթոդներ են առանձնացնում. դրանք են դեղորայքային բուժումը, բուսաբուժությունը, հեռահար քարափշրումը (դիստանցիոն լիթոտրիպսիան), էնդոսկոպիկ ու բաց վիրահատությունները: Ուրոլոգ Մկրտչյանը նշում է. «Կախված քարի չափսից ու բաղադրությունից` տարբեր դեղերով փորձում ենք քայքայել այն, կամ եթե փոքր է քարը, դեղի ազդեցությամբ ընկնում է ու դուրս գալիս օրգանիզմից»: Եթե մինչեւ 1 սմ մեծություն ունեցող քարը գտնվում է միզածորանում, ապա դեղորայքի ազդեցությամբ կարող է դուրս գալ միզուղիներով: Անդրադառնալով բուսաբուժությանը` Մուշեղ Մկրտչյանն ասում է, որ դա արդյունավետ է միայն փոքր քարերի դեպքում. «Բուսաբուժության ժամանակ հիվանդին տալիս են միզամուղ պատրաստուկներ, որոնք գցում են քարը մեզի հոսքն արագացնելու հաշվին, բայց եթե մեծ է քարի չափը, բնական ճանապարհով այն դուրս գալ չի կարող, եւ այդ դեպքում բուսաբուժությունն անիմաստ է դառնում»: Մեծ քարեր ունեցող հիվանդները երբեմն ճիշտ չեն կողմնորոշվում ու բուժման են գնում բուսաբույժների մոտ: «Մի քանի ամիս բուժվում են, բայց դրական արդյունք չեն ունենում: Հետո ավելի վատ վիճակում նոր-նոր դիմում են ուրոլոգի», ասում է Մ. Մկրտչյանը:

Հիմա աշխարհում լայնորեն կիրառվող մեթոդներից է հեռահար քարափշրումը, որի ժամանակ քարը փշրում են առանց վիրաբուժական միջամտության: Հայաստանում կան հեռահար քարափշրման 5 ապարատներ, որոնք տեղադրված են միայն երեւանյան հիվանդանոցներում, մարզերը դեռեւս չունեն դրանցից: Ապարատները բավականին թանկ արժեն: Հեռահար քարափշրման առաջին ապարատը ստեղծվել է Գեր մանիայում` 1980-ական թվականներին: Արեն Բաբլումյանի փոխանցմամբ` Հայաստանն առաջին երկրներից է, որը ստացել է նման ապարատ: 1990 թվականին «Ուրոլոգիայի կենտրոնում» տեղադրվեց Հայաստանում առաջին, իսկ Խորհրդային Միությունում հեռահար քարափշրման երկրորդ ապարատը:

Քարերի հեռահար փշրումը թեեւ բուժման հարմար ու արդյունավետ եղանակ է, սակայն Արեն Բաբլումյանը հիվանդներին խորհուրդ է տալիս. «Եթե քարը գերազանցում է 2-2,5 սանտիմետրը, չգնալ հեռահար քարափշրման, որովհետեւ այս դեպքում հնարավոր է, որ շատ լինեն սեանսի քանակներն, ու բուժումն էլ երկար տեւի:

«Արմենիա» բժշկական կենտրոնում նույնպես տեղադրված է հեռահար քարափշրման ապարատ: Արեն Բաբլումյանն ասում է, որ դա արդիական էՙ վերջին նորություններից մեկը: Հեռահար քարափշրման մեկ սեանսը «Արմենիա» կենտրոնում արժե 140-150 հազար դրամ: «Իսկ 2-րդ սեանսի համար ավելի քիչ գումար ենք վերցնում», ասում է բժիշկ Բաբլումյանը: Նրա խոսքով` միզաքարային հիվանդության բուժման մեթոդներով Հայաստանը կարող է ոտք մեկնել Եվրոպայի զարգացած երկրների ու Միացյալ Նահանգների հետ:

Եթե քարը մեծ է 2,5-3 սմ-ից, ու հիվանդն էլ ուզում է շուտ ազատվել դրանից, ապա ավելի արդյունավետ է կիրառել էնդոսկոպիկ վիրահատության եղանակը, երբ հատուկ գործիքների միջոցով մտնում են միզուղիներ, ուղղակիորեն կոտրում քարերն ու հեռացնում բեկորները: Արեն Բաբլումյանը բացատրում է, որ սա եւս վիրահատություն է, բայց կատարվում է առանց կտրվածքի:

Մուշեղ Մկրտչյանը տեղեկացնում է, որ «Ուրոլոգիայի կենտրոնում» էնդոսկոպիկ վիրահատությունն արժե շուրջ 120 հազար դրամ: Ինչ վերաբերում է բաց վիրահատություններին, բժիշկներն ասում են, որ դրանք քիչ դեպքերում են կատարվում, միայն այն ժամանակ, երբ հարմար չէ կիրառել մյուս մեթոդները: «Հայաստանում հիվանդների մոտավորապես 5 տոկոսի դեպքում է, որ բուժում են բաց վիրահատությամբ: Դա էլ կախված է ցուցումներից` քարի չափից, երիկամի ձեւից, նաեւ թե ի՞նչ խոռոչում է գտնվում քարը», նշում է բժիշկ Բաբլումյանը:

Ինչպես տեսնում ենք, շատ հիվանդությունների համեմատությամբ` քարեր ունենալը չարյաց փոքրագույնն է, բայց եթե հիվանդությանը տեր չկանգնես, դա կարող է պատուհաս դառնալ: Ամեն դեպքում, ճիշտ է կանխարգելել հիվանդությունը: «Իսկ եթե մարդը միզուղիներին ցավ կամ ախտանիշ ունի, թո՛ղ բժշկի դիմի ժամանակին, որպեսզի «դանակը չհասնի ոսկորին», զգուշացնում է Արեն Բաբլումյանը:

Միզաքարային հիվանդությունից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հեղուկներ շատ խմել, շատ շարժվել, զբաղվել սպորտով ու չվարել նստակյաց կյանք: Այս խորհուրդները նաեւ հիվանդներին են վերաբերում: Շատ հեղուկներն ու ակտիվ կյանքը կօգնեն, որ չմեծանա փոքր քարը: «Եթե չկան հեղուկ օգտագործելու խիստ հակացուցումներ, մարդն օրական պետք է օգտագործի առնվազն 2,5-3 լիտր հեղուկ, սա վերաբերում է եւ միզաքարային հիվանդություն չունեցողներին», խորհուրդ է տալիս ուրոլոգ Մկրտչյանը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 12-02-2011


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.