ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎԻՆ ԿՀԻՇԵՑՆԻ 1993-Ի ՄԱՐՏԸ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Աշխարհի որեւէ բանակում գրանցվում են հաջողություններ եւ անհաջողություններ: Հայկական բանակը բացառություն չէ, սակայն գլխավորն այն է, որ կարողանում է իրականացնել երկրի սահմանների ու ժողովրդի անվտանգության պաշտպանությունը: Սա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատականն է: Նախարարն այս առնչությամբ անգամ բանաձեւ է մշակել. «Հայ ժողովրդի ապագային նվիրված ջանքերը պետք է ուղիղ համեմատական լինեն մեր հարեւանների տարածքներին եւ հակադարձ համեմատական մեր տարածքներին», ասաց նա երեկ ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ: Օհանյանի ներկայացմամբ` բանակում կարգապահությունը տարեցտարի ամրապնդվում է, հրամանատարներն ու այլ ղեկավար անձինք տարաբնույթ պատահարների դեմ կանխարգելիչ աշխատանքներ են կատարում: Նա փաստում է, որ վերջին տարիներին հայկական բանակում ինժեներական սարքավորումները կատարելագործվել են, ստեղծվել են մարտական հերթապահության իրականացման համար անհրաժեշտ անվտանգության համակարգեր: «Եթե տեղի է ունենում որեւէ խախտում, եթե հակառակորդը խոցում կամ վիրավորում է, դա նշանակում է, որ տեղում զինծառայողն ինքը չի պաhպանել անվտանգության կանոնները: Շատ հազվադեպ է պատահում, երբ հակառակորդի դիպուկ կրակոցով հենց խրամատախորշի մեջ ունենանք կորուստներ: Սակայն եթե հայկական կողմը հակառակորդի պատճառով է կորուստներ ունենում, հակառակորդը պատժվում է: Չի եղել դեպք, երբ մենք առաջին գծում ունենանք կորուստներ, եւ հակառակորդը կրկնակի չպատժվի»: Գեներալ-գնդապետը հավելում է, որ հաջողություններով ուրախանում են, սակայն չեն դադարում մտածել խնդիրների լուծման ուղղությամբ ու «փորձում են դափնիների վրա չնիրհել»: «Այն սադրանքները, դիպուկահարների կրակը կամ դիվերսիոն հետախուզական գործողությունները, որոնք փորձում են իրականացնել մեր հակառակորդները, ստանում են արժանի հակահարված ու պատասխան եւ դեռ ավելին` մենք փորձում ենք պարտադրողի դերում լինել առաջին գծում», ասաց նախարարը` հավելելով, որ 2010 հայկական բանակի համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով աննախադեպ տարի էր: «Բայց մենք փորձում ենք մեր ուժերը կենտրոնացնել որակական չափանիշների ու մարտական ոգու ձեւ ավորման ուղղությամբ», նշեց նախարարը: Օհանյանի գնահատմամբ` բանակը գործում է հակառակորդի հետ լարվածության պայմաններում, սակայն դա չի ազդել, որ հայկական բանակը մի թիզ հող զիջի եւ պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Օհանյանը հիշեց, որ 1993-ի մարտին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ շտաբի պետն էր, հանդիպել է Ադրբեջանի ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին` քննարկելու ԼՂ շուրջը անվտանգության գոտու ստեղծման հարցը: Խնդիրը դրված էր շփման գծից 25 կմ հետ քաշել ծանր զինտեխնիկան: «Մենք չունենք խորություն, մեր երկիրն այնքան էլ մեծ չէ, մենք հետ կքաշենք 5 կմ, իսկ դուք` 25 կմ», ասել է Օհանյանը: Քննարկումը վերածվել է վեճի: «Ուրեմն մենք առաջ կգանք», հավելել է Օհանյանը: «Փորձե՛ք», պատասխանել է Աբիեւը, ինչին ի պատասխանը Օհանյանը հակադարձել է. «Փորձելու բան չկա, ինչպես միշտ ճողոպրելու եք հայի առջեւից»: «5-6 շրջանները հենց այդ ժամանակ ազատագրվեցին: Չգիտեմ, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այդ մասին հիշո՞ւմ է, թե՞ չէ, բայց երբ օրը գա ու հարկ լինի, ես դրա մասին նրան կհիշեցնեմ»: Մարդու իրավունքները բանակում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները բանակում» թեմայով քննարկում: Մեկօրյա քննարկման նպատակն է անդրադառնալ բանակում տիրող իրավիճակին, հուզող խնդիրներին ու արատավոր երեւույթները կանխարգելելու մեխանիզմներ առաջարկել: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ` նախարարությունում մտահոգված են բանակում մարդու իրավունքներին առնչվող հարցերով: Փոխնախարարի մեկնաբանությամբ` ուսումնասիրություններով պարզվել է, որ բանակում հանցագործություններ կատարում են հիմնականում պատշաճ կրթական մակարդակ չունեցող անձինք: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի փոխանցմամբ` ԱԺ-ում զինված ուժերի հետ կապված երեք տեսակի կարգապահական կանոնագրքի նախագիծ է քննարկվում: Մարտի 10-ին նախարարության ներկայացուցիչների ու միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի կունենան բաց լսումներ վերոնշյալ երեք նախագծերի վերաբերյալ: Կարապետյանը համոզված էՙ օրենքով պետք է ամրագրվեն հրամանատարների ու զինվորների պարտականություններն ու իրավունքները: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորեց Հայաստանում զինվորական օմբուդսմենի հաստիքի ստեղծումը: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ էլ Հայաստանի զինված ուժերը հարավային Կովկասում ամենամարտունակն են, հարգված են ու վստահելի, սակայն բանակի ուժը միայն մարտունակության եւ զենք ունենալու մեջ չէ. անհրաժեշտ է ապահովել բանակի կրթվածությունն ու հետեւել կարգապահությանը: Վերջին շրջանում բանակում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանությունները մտահոգիչ են: Հետեւաբար պետք է կարգապահական խախտումների նկատմամբ լինել անհանդուրժող: Նրա գնահատմամբ` կարգապահական կանոնագրքի ընդունումը չափազանց կարեւոր է, բայց առավել կարեւոր է, թե ինչպես է կյանքի կոչվելու: «Մարդիկ, ովքեր չպետք է լինեն զինված ուժերում, ուղղակի այնտեղ չպետք է լինեն: Սա է մեխանիզմը»: |