AZG Daily #84, 22-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#003, 2012-01-12 > #004, 2012-01-13 > #005, 2012-01-14 > #006, 2012-01-17 > #007, 2012-01-18
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 14-01-2012



Քաղաքագիտություն

Տեղադրվել է` 2012-01-14 12:42:22 (GMT +04:00)

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Քաղաքական գիտությունների թեկնածու, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի եւ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (ՔԳՀԱ) խորհրդի` 2011թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած նիստում քննարկվեց Հայաստանի քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղենիշների նախագիծը: Մշակումը կատարվում է Հայաստանի ԱՄՆ-ի շրջանավարտների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Պրոֆեսիոնալ էթիկայի ուղենիշների նախագիծը ՔԳՀԱ խորհրդի քննարկմանն էին ներկայացրել գիտություննների երիտասարդ թեկնածուներ Համազասպ Դանիելյանը եւ Բենիամին Պողոսյանը: Նախագծի հիմքում զեկուցման հեղինակները դրել էին քաղաքական գիտությունների ոլորտում կատարվող դասավանդման եւ հետազոտությունների ժամանակ կոմպետենտության, ազնվության, ակադեմիական ազատության եւ անկախության, թափանցիկության, մասնագիտական պատասխանատվության եւ հանդուրժողության սկզբունքները: Նախագծի մշակման ժամանակ հաշվի է առնվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, եւ Ֆրանսիայի քաղաքագիտական ասոցիացիաների փորձը:

Նախագծի քննարկումներին ակտիվորեն մասնակցեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, քաղաքական գիտությունների դոկտորներ` Կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը, Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը, ԱՊՀ երկրների ռուսաստանյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը, ՀՀ ԱԳՆ բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթեւոսյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների «Սինոփսիս-Հայաստան» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը, ՔԳՀԱ գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Հայաստանի պետական ծառայողների միության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Վաչե Քալաշյանը եւ ուրիշներ:

Հայաստանի քաղաքագետների պրոֆեսիոնալ էթիկայի ուղենիշների նախագիծը քննարկման արդյունքներով վերանայումից հետո կներկայացվի Հայաստանի քաղաքագետների մասնագիտական հանրության քննարկմանը:

Խորհրդի նիստը վարում էր Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի իսկական անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), հակաահաբեկչության գծով գիտնական-փորձագետ (ԱՄՆ), Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ Հայկ Քոթանջյանը:

Ներկայացնում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի անդամ, Հայաստանի քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղենիշների նախագիծի համահեղինակ Համազասպ Դանիելյանի հոդվածը:

Հայտնի փաստ է, որ քաղաքագիտությունը գիտական իմացության եւ գիտական գործունեության երիտասարդ բնագավառ է ոչ միայն Հայաստանում, այլեւ հետխորհրդային բոլոր պետություններում: Հայտնի է նաեւ, որ այսօր մեր իրականությունում քաղաքագետ են անվանում բոլոր նրանց, ովքեր հրապարակային կարծիք են հայտնում քաղաքական զարգացումների վերաբերյալ, իսկ երբեմն անգամ քաղաքական գործիչներն են հանրությանը ներկայանում որպես քաղաքագետներ: Կրկին հարկ է ընդգծել, որ թե՛ լրագրողների եւ թե՛ որպես քաղաքագետ հանդես եկող ոչ քաղաքագետների կողմից այս բառի նման գործածությունը զուտ հայաստանյան երեւույթ չէ, եւ դրան կարող ենք հանդիպել նաեւ հետխորհրդային մի շարք պետություններում:

Սակայն ակնհայտ է, որ անրաժեշտ է այս իրավիճակը փոխել, քանի որ մեր հայրենիքում այդքան անելիք ունեցող, բայց դեռեւս կայացման ճանապարհին գտնվող այս գիտությունը տուժում է նման խառնաշփոթությունիցՙ ընդհուպ այն աստիճան, որ քաղաքագիտություն սովորող ավագ կուրսի ուսանողներն երբեմն «քաղաքագետ» եւ «քաղաքական գործիչ» հասկացություններն օգտագործում են որպես հոմանիշներ` հետեւելով լրագրողների սխալ օրինակին:

Իրավիճակը ավելի լավ հասկանալու համար եկեք պատկերացնենք, թե ի՞նչ կլիներ աստղագիտության հետ, եթե, ասենք, աստղաբանությամբ զբաղվողները, օրինակ` կենդանակերպի նշանների հիման վրա գուշակություններ անողները, նույնպես հանդես գային որպես աստղագետներՙ մասնակցելով տիեզերքի ուսումնասիությանը նվիրված գիտաժողովներին, կամ օրինակ շամանությամբ զբաղվողներն իրենց ներկայացնեին որպես բժիշկներ եւ ունենային առանձին կլինիկաներ: Խոսքն այստեղ այն մասին չէ, որ երբեմն աստղաբանների որոշ գուշակությունները կարող են եւ իրականանալ, իսկ շամանների աղոթքները եւ ծիսակատարությունները դրական ազդեցություն ունենալ հիվանդի ինքնազգացողության վրա:

Այս զուգահեռները ներկայացնում եմ զուտ գիտականը ոչ գիտականից հստակորեն տարբերելու եւ սահմանազատելու համար: Քաղաքական գործիչները կամ քաղաքական մեկնաբանները կարող են ավելի տեղեկացված լինել առանձին քաղաքական գործընթացի մասին կամ ինտուիտիվ հմտությունների շնորհիվ հաջողությամբ գուշակել առանձին քաղաքական իրադարձություններ: Սակայն այս հանգամանքը նրանց դեռ քաղաքագետ չի դարձնում, քանի դեռ նրանք գիտական մեթոդի վրա հիմնված հետազոտություններ չեն իրականացնում եւ դրանց արդյունքները գիտական հանրույթի համար հասանելի դարձնում: Քաղաքագետ բառի երկրորդ` «գետ» արմատը ոչ թե գիտենալու, իմանալու իմաստն ունի, այլ գիտությամբ զբաղվելու, ուսումնասիրելու:

Եվ ուրեմն ավելորդ չէ եւս մեկ անգամ շեշտել, որ քաղաքագետ (political scientist, политолог) բառն ունի բացառապես մեկ իմաստ. հետազոտության գիտական մեթոդաբանության հիման վրա քաղաքականությանն առնչվող երեւույթների, ընդ որում` որպես կանոն շատ նեղ ոլորտի կամ առանձին հիմնախնդրի վրա կենտրոնացած ազատ եւ անկողմնակալ ուսումնասիրող, որը հետազոտության նկարագրությունը եւ արդյունքները տպագրում է գիտական հոդվածների եւ մենագրությունների տեսքով: Հարկ է ընդգծել նաեւ, որ գիտական հոդվածները որպես կանոն տպագրվում են միջազգային գրախոսվող գիտական ամսագրերում, որը միաժամանակ գիտական հանրությանը արդյունավետորեն ներկայանալու եւ տվյալ հետազոտության գիտական չափանիշների համապատասխանությունը ստուգելու լավագույն եղանակներից է: Սա է քաղաքագետ կոչվելու միակ անհրաժեշտ եւ բավարար պայմանը, իսկ քաղաքական զարգացումների հրապարակային մեկնաբանությունները, հանրային քաղաքականությանն առնչվող փորձագիտական խորհրդատվությունը, առանձին թեմաների վերաբերյալվերլուծական հոդվածների տպագրությունը ԶԼՄ-ներում բավարար չէ քաղաքագետ կոչվելու համար: Նման դեպքերում, օրինակ, ԱՄՆ-ում նույնիսկ բարձրակարգ քաղաքագիտական կրթություն ստացած անձինք առավել հաճախ հանդես են գալիս ոչ որպես քաղաքագետներ, այլ որպես քաղաքական վերլուծաբաններ, մեկնաբաններ, փորձագետներ, հրապակախոսներ, խոհրդատուներ եւ այլն:

Մասնագիտական էթիկայի կանոնների սահմանումը բնորոշ է շատ ոլորտների եւ ոչ միայն տվյալ ոլորտի կայացվածության եւ պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ է, այլ նաեւ զարգացման կարեւոր խթան: Այն ոչ միայն մասնագիտական էթիկայի ուղենիշներ է սահմանում, այլ նաեւ հնարավորություն տալիս տվյալ ոլորտի ներկայացուցիչներին սահմանելու իրենց մասնագիտական ազատությունները եւ իրավունքները, ինչպես նաեւ հասարակական պարտավորությունները եւ դրանց իրականացման ձեւերը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ կոլեկտիվ կերպով պաշտպանելու իրենց իրավունքները:

Քաղաքագետներն իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում նույնպես հաճախ կանգնում են դժվար երկընտրանքի առջեւ եւ կարիք ունեն ղեկավարվող ուղենիշների. Արդյո՞ք հրապարակել հետազոտվողի անձնական տվյալները, քաղաքական որոշակի դիրքորոշում արտահայտելիս հանդես գալ որպես քաղաքացի՞, քաղաքագե՞տ, թե՞ որպես որեւէ հաստատության ներկայացուցիչ, գիտական հետազոտությունը ֆինանսավորողի ո՞ր պայմաններին ու պահանջներին համաձայնել, իսկ որո՞նք համարել ակադեմիական ազատության եւ անկողմնակալության սահմանափակում եւ այլն:

Քաղաքագետների էթիկայի առաջին ուղեցույցը ընդունվել է Ամերիկայի քաղաքական գիտության ասոցիացիայի կողմից 1967-1968 թթ., որը մինչ օրս վերանայվել եւ թարմացվել է երկու անգամ: Այս փաստաթղթի ընդունումը նախ եւ առաջ կապված էր քաղաքագետների ակադեմիական ազատության եւ անաչառության դեմ ոտնձգությունները չեզոքացնելու, Ասոցիացիան եւ մասնագիտությունն ընդհանուր առմամբ քաղաքականացումից զերծ պահելու, ինչպես նաեւ մասնագիտական գործունեության չափանիշները հստակեցնելու անհրաժեշտության գիտակցմամբ: Այս օրինակին հետեւեցին քաղաքագետների մասնագիտական շատ ասոցիացիաներ բազմաթիվ պետություններումՙ Մեծ Բրիտանիա, Կանադա, Գերմանիա եւ այլն: Ընդ որում, այդ փաստաթղթերից շատերը բավական մանրամասն կարգավորում են մասնագիտական գործունեության ամենատարբեր ոլորտներ (դասավանդում, հետազոտություն, հրապարակային եւ քաղաքական գործունեություն)ՙ ստեղծելով էթիկայի հատուկ հանձնաժողով, որը վերահսկում է էթիկայի կանոններին հետեւելը եւ իրավասու է պատժամիջոցներ կիրառելու դրանք խախտող անհատների եւ հաստատությունների նկատմամբ: Որոշ դեպքերում (օրինակՙ Կանադա) էթիկայի նորմերին խստիվ հետեւելը սոցիալական գիտությունների որեւէ ոլորտում պետական բյուջեից հետազոտական նպատակներով միջոցներ ստանալու պարտադիր պայման է:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 14-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua