ՄԱՐԿՈՍԸ ԵՌԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ «ԿՈՒԲԱՆԻ» ՀԵՏ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող, բրազիլացի Մարկոս Պիզելին 3 տարվա պայմանագիր է կնքել ՌԴ պրեմիեր լիգայի առաջնությունում հանդես եկող Կրասնոդարի «Կուբանի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Մարկոս Պիզելին միջազգային հանդիպումների զգալի փորձ ունեցող բարձրակարգ ֆուտբոլիստ է, որն անկասկած կուժեղացնի թիմի հարձակողական ներուժը: Նա կարող է խաղալ ինչպես առջեւի գծում, այնպես էլ որպես հարձակողական ոճի կիսապաշտպան: Թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն Մարկոսի խաղը հավանել էր դեռեւս Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների մրցավեճում: Նրա խաղը դիտելու համար Պետրեսկուն հատուկ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ: Մենք այդ ֆուտբոլիստի ելույթներին վաղուց էինք հետեւում, որպեսզի համոզվեինք, որ նա համապատասխանում է «Կուբանի» խաղաոճին: Այժմ արդեն ոչ մի կասկած չունենք նրա հարցում: Մարկոսի տեղափոխությունն արդեն կայացած փաստ է», կայքում նշել է «Կուբանի» մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն: Հիշեցնենք, որ Մարկոսը Հայաստանում էր հայտնվել 2006-ին Արկադի Անդրեասյանի ջանքերով: Նա 2006-2008-ին հանդես եկավ «Արարատում», ապա տեղափոխվեց Փարիզ: 2009-ի մրցաշրջանի կեսից Մարկոսը վերադարձավ Հայաստանՙ ընդգրկվելով «Փյունիկում»: Անցած մրցաշրջանի կեսից բրազիլացի ֆուտբոլիստը Գեւորգ Ղազարյանի հետ տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», որի կազմում եւս իրեն հիանալի դրսեւորեց: Անցկացրած 18 խաղում նա 4 գոլի հեղինակ դարձավ: |