ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 45-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով առաջադիմել է ու զբաղեցնում է 45-րդ տեղը: Ցուցակում մեր ընտրանու հարեւաններն են Իրանի եւ Նիգերիայի հավաքականները: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Իտալիայի ընտրանին, որը 9-րդ տեղում է: Դանիացիներն էլ պահպանել են դիրքերը 11-րդ հորիզոնականում: Իսկ ահա չեխերը 2 հորիզոնականով առաջադիմել են ու զբաղեցնում են 31-րդ տեղը: Մեկ հորիզոնականով բարձրացել են բուլղարացիներըՙ զբաղեցնելով 83-րդ տեղը: Մալթայի հավաքականը պահպանել է 156-րդ տեղը: Լավագույն տասնյակում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Ցուցակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Հոլանդիայի, Գերմանիայի, Ուրուգվայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Խորվաթիայի, Իտալիայի եւ Արգենտինայի ընտրանիները: Դասակարգման հաջորդ ցուցակը կհրապարակվի փետրվարի 15-ին: |