AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#007, 2012-01-18 > #008, 2012-01-19 > #009, 2012-01-20 > #010, 2012-01-21 > #011, 2012-01-24
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 20-01-2012



ԱԷԿ

Տեղադրվել է` 2012-01-20 00:10:58 (GMT +04:00)

ՔԱՆԻ՞ ՏԱՐԻ ՄՆԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՆ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանը կունենա նոր ատոմակայան, այս մասին էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը եւս մեկ անգամ նշեց տարեվերջին: Ավելին` կառուցման գործընթացն արդեն սկսվել է, սակայն դա դեռեւս ներառում է ֆինանսական աղբյուրների որոնումն ու նախագծային աշխատանքները: Իսկ շինարարությունը կավարտվի միգուցե 2016-ին կամ ավելի ուշ: Ըստ նախարարի` գուցե ավարտվի 2018-ին:

Նախարարի տարեվերջյան ասուլիսին «Ազգը» անդրադարձել է դեկտեմբերի 23-ի համարում:

Սակայն Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) ռեսուրսներն արդյոք բավարա՞ր են եւ անվտա՞նգ աշխատելու մինչեւ 2018 թիվը: Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարից հետո մտավախությունն ավելացել է, թեեւ մասնագետներն ասում են` այսօրվա դրությամբ Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը հուսալի է:

Ատոմակայանի առաջատար ճարտարագետ Արտեմ Եղիշյանը , անցկացնելով համեմատություն Չեռնոբիլի ու Ֆուկուշիմայի ատոմակայանների հետ, ասում է, որ դրանք հուսալիությամբ զիջում էին Մեծամորի ԱԷԿ-ին: Արտեմ Եղիշյանը անցկացնում է նաեւ մեկ այլ համեմատություն. հիմա մեր ատոմակայանն ավելի հուսալի է ու արդիականացված, քան 1989-ին, երբ Սպիտակի երկրաշարժից հետո դադարեցվեց դրա աշխատանքը: Հիշեցնենք, որ ատոմակայանը վերաթողարկվել է 1995-ին:

«Եթե իսկապես վտանգավոր լիներ ատոմակայանի շահագործումը, նախ մենք չէինք ցանկանա շահագործել, երկրորդն էլ` այդ մասին կբարձրաձայնեին միջազգային կազմակերպությունները», ավելացնում է զրուցակիցս:

Ինչ վերաբերում է ատոմակայանի վտանգավորության մասին Թուրքիայի ու Ադրբեջանի հայտարարություններին, մասնագետն ասում է, որ դրանք նախ սխալ են, երկրորդն էլ` եթե Թուրքիան ու Ադրբեջանը, չունենալով ատոմակայան, քննադատում են մեր ունեցածը, որը միջազգային կառույցների առաջ աշխատում է թափանցիկ, «ապա, կարծում եմ, նրանց մտահոգում է ուրիշ բան, քան տարածաշրջանի անվտանգությունը»:

Ատոմակայանի շահագործման թափանցիկությունը, սակայն, վստահություն չի ներշնչում տեղի հասարակական կազմակերպություններին: «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը դժգոհում է, որ մերժում են ՀԿ-ների այցը ատոմակայան. «Տարեկան գոնե մեկ անգամ կարելի է կազմակերպել ՀԿ-ների այց, որպեսզի անվտանգության մեջ բոլորը համոզվեն: Իսկ քանի որ փակ է, դա մեզ համար անհանգստացնող գործոն է»:

Անցյալ տարի մայիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կից OSART առաքելության մասնագետներն այցելել են Հայաստան ու շուրջ 20 օր հետազոտել ատոմակայանը, ապա հրապարակել մեր թույլ եւ ուժեղ կողմերը: Ըստ Արտեմ Եղիշյանի` արդյունքները եղել են հուսադրող: Բացի դրանից` ամեն տարի ԱԷԿ-ը կանգնում է վերանորոգման առաջ, ու կատարվում է վառելիքի վերաբեռնում:

Ճարտարագետը վստահեցնում է, որ այս պահին արդյունքները հուսադրող են, սակայն ի՞նչ վստահություն կա ապագայի հանդեպ: Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը պատասխանում է. «Ատոմակայանի շահագործման նախնական ժամկետը, ըստ նախագծի, կազմում է 30 տարի, այսինքն` մինչեւ 2016-ն անվտանգ եւ հուսալի աշխատելու համար ունի բավարար ռեսուրսներ»:

Իսկ եթե նոր ատոմակայանի (3-րդ էներգաբլոկի) կառուցումը ձգձգվի մինչեւ 2018-ը, արդյոք գործող էներգաբլոկը կշարունակի՞ աշխատանքը: Պարոն Մարտիրոսյանը չի բացառում, որ նման իրավիճակին պետք է պատրաստ լինել. «Հետեւաբար այս տարվանից սկսում ենք կոնկրետ աշխատանքներ, որոնք ուղղված են լինելու գործող էներգաբլոկը հասցնելու այնպիսի վիճակի, որպեսզի նախագծային ռեսուրսից դուրս կարողանա աշխատել եւս 2-3 տարի եւ գուցե ավելի»:

Այսօր ատոմակայանն ապահովում է հանրապետությունում սպառվող էներգիայի շուրջ 40 տոկոսը եւ հնարավորություն տալիս ունենալու որոշակի էներգետիկ անկախություն: Իսկ միջուկային վառելիքը Հայաստանը ներկրում է Ռուսաստանից:

ԱԷԿ-ի սեյսմակայունությունը

«Երբ հոկտեմբերին Վանում տեղի ունեցավ երկրաշարժ, այդ ժամանակ ատոմակայանում էի, ու աշխատակիցներս որեւէ ցնցում չենք զգացել, մինչդեռ մեզնից ընդամենը 5-6 կիլոմետր հեռավորության վրա ապրող բնակիչները զգացել էին», պատմում է Արտեմ Եղիշյանը: Ընդգծում է, որ այդ երկրաշարժը կարծես ապացուցեց` մեր ատոմակայանն, իսկապես, կառուցված է սեյսմակայուն բազալտե շերտի վրա:

Իսկ ընդհանրապես, ըստ նախագծի, ատոմակայանը նախատեսված է 9-բալանոց երկրաշարժին դիմակայելու համար:

Ճարտարագետն անդրադառնալով նաեւ հարցին` ի՞նչ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին ատոմային էներգետիկան, ասում է, որ այն համարվում է էկոլոգիապես ամենամաքուր էներգետիկան, եթե, իհարկե, վթար տեղի չի ունենում:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 20-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua