ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 7-րդ եւ 8-րդ տուրերում Լեւոն Արոնյանը հաշտություն կնքեց Վասիլի Իվանչուկի եւ Վեսելին Թոփալովի հետ: Իսկ մրցաշարում նրա գլխավոր մրցակից Մագնուս Կառլսենը նախ հաղթեց Բորիս Գելֆանդին, ապա ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ: Այնպես որ մրցաշարում կրկին երկիշխանություն հաստատվեց: 5,5-ական միավորով առաջատարներն են Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը: 5 միավորով նրանց հետապնդում է Ռաջաբովը, որը 7-րդ տուրում հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ: 4,5-ական միավոր ունեն Ֆաբիանո Կարուանան, Վասիլի Իվանչուկն ու Հիկարու Նակամուրան: Կարուանան միավորը բաժանեց Վուղար Հաշիմովի եւ Վասիլի Իվանչուկի հետ մրցավեճում: Երեկ մրցաշարում հանգստյան օր էր, իսկ այսօր մասնակիցները կանցկացնեն 9-րդ տուրի մրցախաղերը: Արոնյանը սպիտակներով կխաղա Կարուանայի հետ: Կառլսենի մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը, որն ունի 3,5 միավոր: C խմբի մրցաշարում Էլինա Դանիելյանին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: Վերջին 2 պարտիաներում հայ շախմատիստուհին հաշտություն կնքեց Մեթյու Սադլերի եւ Սաչդեւ Տանիայի հետ: 8 տուրից հետո Դանիելյանը 2,5 միավորով 12-րդ տեղում է: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Մաքսիմ Տուրովն ու Հանս Տիկանենը: |