ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ փուլին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Երեւանում կայացած ընտրական մրցաշարում հայ ֆուտբոլիստները Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ հաջողությամբ էին լուծել հաջորդ փուլի ուղեգրի նվաճման խնդիրը: Եվ այժմ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում Հայաստանի հավաքականը մայիսի 23-28-ը Իտալիայում կայանալիք 2-րդ փուլում մրցելու է տանտերերի, Իսպանիայի եւ Բելգիայի իր հասակակիցների հետ: Ինչ խոսք, մեր հավաքականին բավականին ուժեղ մրցակիցներ են բաժին հասել, ուստի անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել մրցաշարին: Նախապատրաստության շրջանակներում պատանեկան հավաքականը ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց «Բանանցի» հետ: Հանդիպման ելքը վճռեց «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի տուգանային հարվածով խփած միակ գոլը: Հանդիպմանը հետեւում էր նաեւ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: |