«ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ» Կլոր սեղան ՌՀՄ-ումՙ նվիրված Վ. Պուտինի համանուն հոդվածի քննարկմանը Վլադիմիր Պուտինի «Ռուսաստան. ազգային հարց» հոդվածը բարձրագույն պաշտոնատար անձիՙ նախագահության թեկնածուի փաստորեն առաջին ծրագրային ելույթն է նոր Ռուսաստանի ամբողջ 20-ամյա պատմության մեջ: Վլադիմիր Պուտինը գնահատական է տալիս արդի աշխարհում միջէթնիկական եւ միջդավանանքային լարվածության աճի պատճառներին ու հետեւանքներին եւ նշում Ռուսաստանի ազգային քաղաքականության հեռանկարները: Ենթադրվում է, որ հոդվածը կդրվի Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական ծրագրի հիմքում: Հունվարի 23-ին «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված հոդվածը լայն արձագանք է գտել հասարակության մեջ, անշուշտՙ նաեւ ազգային համայնքներում եւ առիթ է դարձել Ռուսաստանի հայերի միությունում դրա քննարկման համար: ՌՀՄ կենտրոնական գրասենյակում հավաքվել էին ՌԴ բոլոր ազգային համայնքների ու մշակութային միավորումների եւ մի շարք երիտասարդական կազմակերպությունների աննախադեպ թվով ղեկավարներ, ազգամիջյան հարաբերությունների փորձագետներ: Ռուսաստանի ազգային համայնքների ներկայացուցիչները հանդես եկան ազգային քաղաքականության հարցերով զբաղվող պետկառույցի ստեղծման օգտին եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ու ներգաղթյալներին առաջարկեցին իշխանության հետ շփվել ընդհանուր ազգամիջյան կազմակերպության միջոցով: ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը , ներկաներին դիմելով, ընդգծեց. «Մենք պետք է ինքներս մասնակցենք ազգային հարցում քաղաքականության ձեւավորմանը, նման քաղաքականության մեխանիզմների մշակմանը»: Ռուսաստանի վրացիների միության փոխնախագահ Նուգզար Ջիմշիլեյշվիլին առաջարկեց ստեղծել «Ազգային խորհուրդ, որտեղ կընդգրկվեն տարբեր համայնքներից հեղինակավոր մարդիկ»: Այդ առաջարկությունը պաշտպանեց նաեւ Ռուսաստանի ներգաղթյալների դաշնության նախագահ Մաջումդեր Ամինը : Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսի երիտասարդական թեւի ղեկավար Սուլթան Տոգոնիձեն գտնում է, որ Ռուսաստանում օգտակար կլիներ Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի նման մի մարմին: Այդ կազմակերպության ղեկավարը հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է: Իսկ Ռուսաստանի ադրբեջանցիների ղեկավար Սոյուն Սադիկովը գտնում է, որ ավելի արդյունավետ կլիներ նախարարության կամ ուրիշ իշխանական կառույցի փոխարեն ստեղծել ՌԴ նախագահին առընթեր Ազգությունների խորհուրդ: ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հայտնեց, որ Պուտինի հոդվածի քննարկումը տեղի կունենա Ռուսաստանի 83 քաղաքների կլոր սեղաններում, որոնց կմասնակցեն համայնքների եւ ազգային ինքնավարությունների ներկայացուցիչներ: Նրանց առաջարկությունները այսօրվա կլոր սեղանի մասնակիցների առաջարկությունների հետ կամփոփվեն եւ կուղարկվեն վարչապետին: Կլոր սեղանի մասնակիցների կարծիքովՙ Պուտինի հոդվածում «օբյեկտիվորեն մատնանշվում են արտաքին եւ ներքին գաղթի խնդիրները, էթնիկական ծայրահեղականության պատճառները, արդարացիորեն առանձնացվում է ռուս ժողովրդի պետականաստեղծ դերը բուն Ռուսաստանի գոյության փաստի առնչությամբ»: «Կլոր սեղանի» արդյունքների հիման վրա ձեւակերպվեց ընդհանուր կարծիք, ըստ որի Պուտինն իր հոդվածում խոսում է «ոչ միայն խնդիրների, այլեւ դրանց լուծման ուղիների մասին»: Միջոցառման մասնակիցները «ընդհանուր առմամբ հավանություն տվեցին հոդվածում շարադրված առաջարկություններին եւ պատրաստակամություն հայտնեցին պաշտպանելու երկրի ղեկավարության ջանքերըՙ ուղղված Ռուսաստանի ժողովրդի միասնության ամրապնդմանը»: |