AZG Daily #33, 23-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#013, 2012-01-26 > #014, 2012-01-27 > #015, 2012-01-28 > #016, 2012-01-31 > #017, 2012-02-01
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 28-01-2012



ԱԶԱՏԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2012-01-29 20:57:25 (GMT +04:00)

ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Կարեն Մանվելյան

Այսօր, ազգովին նշում ենք Հայոց բանակի 20-ամյա անցած պանծալի ուղին եւ հպարտորեն արձանագրում, որ մեր երկրի սահմանները ամուր պաշտպան ունենՙ հանձինս հայ զինվորի եւ զինուժի: Ահա այդ առիթով «Ազգը» հյուրընկալվեց Արցախյան ազատագրական պայքարում զոհված 26-ամյա Կարեն Բախշիի Մանվելյանի մայրիկինՙ պատմաբան Ամալյա Գեւորգյանին: Հյուրընկալ օջախում, գողտրիկ մի անկյունից տուն մտնողներին կարծես բարեւում ու ժպտում է երիտասարդ Կարենի լուսանկարն ու ջերմագին ներս հրավիրում:

Այդ հուշ-անկյունում բոլոր այն փաստաթղթերն ու լուսանկարներն են, պատվոգրերն ու մեդալները, որոնք Ամալյա մայրիկը խնամքով մեկիկ-մեկիկ հավաքել է, դասավորել ու գեղեցիկ գրություններով իր սիրասուն որդու անցած ուղին ներկայացրել: Տան այդ հատվածը մոր ամենանվիրական վայրն է դարձել արդեն 20 տարի շարունակ, երբ որդու կորստի լուրը ստացվեց: Ամեն բացվող օրվա հետ Ամալյա մայրիկի հուշերը թարմանում են ու նա այդ բոլորը սիրով ու հպարտությամբ պատմում է իր Կարեն, Կարինե եւ Արմինե թոռներին:

Կարենը հաճախել է թիվ 165 դպրոցը, որտեղ գերազանց առաջադիմությամբ 10 տարի եղել է ողջ ուսուցչական կոլեկտիվի կողմից սիրված օրինակելի աշակերտ: Դպրոցական տարիներից Կարենը առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում հայ ժողովրդի պատմությանը ու խնդրում էր մորըՙ ավելի մանրամասն պատմել հայ ժողովրդին պայքարի, հայկական զենքի հաղթանակների մասին: Հայրենասիրությամբ տոգորված Կարենը մեկնում է խորհրդային բանակ, որպեսզի տիրապետի զինվորական հմտություններին: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ այդ գիտելիքներն ընդամենը 1,5 տարի հետո իրեն շատ են պետք գալու: Իսկ երբ սկսվում է Արցախյան շարժումը, Կարենն իր գաղափարակիր ընկերների հետ զինվորագրվում է հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարին:

Արմենը, Վահագնը, Սամվելը, Կարենը, ահա այս երիտասարդներն էին, որոնք ՀՌԱԿ «Արմենական» ուսանողական ակումբի առաջին ծիծեռնակներն էին եւ, ցավոք, այդ անբաժան չորս ընկերները հայրենիքի սահմանների պաշտպանության զոհասեղանին դրեցին ամենաթանկ բանըՙ կյանքը:

Ամալյա մայրիկը հուզված պատմում էր, թե ինչպես էր մինչ այդ Կարենին ցնցել Սպիտակի երկրաշարժի բոթը եւ նա շտապել էր փրկարար ջոկատների կազմում օգնության ձեռք մեկնելու աղետից տուժածներին: Սակայն ուսման ծարավը հանգիստ չէր տալիս երիտասարդին եւ նա մեկ տարի անց ընդունվում է ԵՊՏՀ-ի (այն ժամանակՙ ժողտնտեսության ինստիտուտ) ապրանքագիտական ֆակուլտետ: Հենց այդ ժամանակ էլ ալեկոծվեց ժողովուրդը եւ Թատերական հրապարակը դարձավ բոլոր հայերի հավաքատեղին, որտեղ հազարավորների հետ օրեր ու գիշերներ էր լուսացնում նաեւ Կարենը: Չորրորդ կուրսի ուսանող էր, երբ լուր տարածվեց, որ Կրասնոսելսկի Վահան գյուղի շրջակայքը պաշտպանության կարիք ունի, եւ Կարենը անմիջապես միացավ երկրապահ կամավորականների խմբին, մեկնեցին այդ ուղղությամբ ու մասնակցեցին Վահան գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին: Հենց այդտեղ էլ Կարենը աչքի ընկավ իր հստակ ու արագ կողմնորոշումով ու շահեց մարտական ընկերների վստահությունը: Այդ ճիշտ կեցվածքի, պատերազմական գոտում արագ կողմնորոշվելու հատկությունների համար Կարենին վստահվեց մասնակցել զուգահեռ ընթացող Գորիս-Լաչին ճանապարհի ու միջանցքի ազատագրման մարտական գործողություններին: Ամիսներ անց, հերթական գյուղի ազատագրման թեժ մարտի ժամանակ, Կարենը մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու կրակահերթը իր վրա վերցրեցՙ փրկելով մարտական ընկերներին: Գնդակը խոցեց Կարենի սիրտը ու զրկեց երիտասարդ քաջազունին կյանքից: Կարենն ընդամենը 26 տարեկան էր 1992-ին, զոհվեց կյանքի քաղցրությունը չճաշակած: Ահա անցել է այդ օրվանից 20 տարի, սակայն Կարենի սխրանքների մասին դեռ պատմում են մարտական ընկերները, նրա հիշատակին ցերեկույթներ ու հուշ-երեկոներ կազմակերպում դպրոցում: Կարեն Մանվելյանի կիսանդրին եւ լուսանկարները այսօր «Փառքի թանգարանի» պատերից մեկն է զարդարում եւ ամեն այցելու, կամա թե ակամա, կանգ է առնում այդ ժպտադեմ երիտասարդի նկարների առջեւ ու արտաբերում. ափսոս, հազար ափսոս, քաջ հայորդի, դու անմահացար, որ մենք ապրենք ու վայելենք կյանքը... Այսպիսի տողեր են գրառված նաեւ հուշամատյանում:

Կարեն Մանվելյանի անձնուրաց նվիրումը հայրենիքին ՀՀ նախագահի կողմից գնահատվել է նրան հետմահու արժանացնելով «Արիության մեդալի», իսկ Հայաստանի Երկրապահ կամավորականների վարչության նախագահի կողմից պարգեւատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: Կարենի հերոսությունները հիշում ու գնահատում են նաեւ Արցախում: Դրա վառ վկան է Լաչինի Բերձոր հուշահամալիրի պատին փորագրված «Լաչինում զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակին» գրության տակ Կարեն Մանվելյանի անունը զոհվածների առաջին շարքում:

Այժմ Կարենը կլիներ 45 տարեկան, եթե չընդհատվեր նրա կյանքը հայրենիքի զոհասեղանին եւ երազանքները չմնային անկատար: Իսկ Ամալյա մայրիկի համար իր սիրասուն զավակըՙ միշտ կենդանի է. «Ինձ թվում է հիմա դուռը կբացվի ու ներս կմտնի, կգրկախառնվի ինձ հետ ու կասիՙ մամ ջան, ինչպես ես, ես եկա, ու կհամբուրի այտերս», հույսով ու սպասումով, թաց աչքերով դեռ որդու վերադարձին է սպասում սեւազգեստ մայրը:

Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Մխիթարանք ու խոնարհում բոլոր որդեկորույս մայրերին, քույրերին, հայրերին...

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 28-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua