ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՆՎԱՃՈՒՄԸ ԿԳՐԱՆՑՎԻ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ Հայկական բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանին հիանալի նվեր մատուցեց ՀՀ զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը: «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում Ռուբիկը արտակորման նոր ռեկորդ սահմանեց: Նա 4 ժամ 35 րոպեում 7550 արտակորում կատարեց: Այդ ցուցանիշը գերազանցում է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին սահմանած անձնական ռեկորդը (6500 արտակորում): Ռեկորդը գրանցեց Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովը: Վերջինս տեղեկացրեց, որ սերժանտ Միքայելյանի սահմանած ռեկորդը նախ կգրանցվի Հայաստանի ռեկորդների գրքումՙ «Դյուցազնագրքում»: Իսկ հետագայում ռեկորդի սահմանած տեսանյութը կուղարկվի Լոնդոն Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին, որպեսզի հայ զինվորի ռեկորդը գրանցվի: Ի դեպ նշենք, որ նմանատիպ վարժության ռեկորդ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված չէ, այնպես որ Ռուբիկ Միքայելյանի նվաճումն առաջինն է աշխարհում: Միքայելյանը սամբիստ է, արդեն 8 ամիս ծառայում է հայկական բանակում: Նա մտադիր է մինչեւ զինծառայության ավարտը արտակորում վարժության ռեկորդը հասցնել 10.000-ի: |