ԲԱՐԴԱԿՅԱՆԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՂԵԿԸ ՎՍՏԱՀԵԼԸ ՈԳԵՎՈՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ Ինչպես տեղեկացրել ենք, օրերս բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան հանրապետության տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել ամերիկահայ փորձառու մասնագետ Կարլ Բարդակյանին, որի գլխավորությամբ անցյալ տարի Լոս Անջելեսի թիմը դարձել էր Համահայկական խաղերի չեմպիոն: Ըստ «Ազգի» ստացած հաղորդագրության, Հայաստանի հավաքականի ղեկը Բարդակյանին վստահելը մեծ ոգեւորությամբ է ընդունվել ԱՄՆ-ում, հատկապես ամերիկահայերի շրջանում: Մի շարք լրատվամիջոցներ մեկնաբանել են այդ լուրը, տեղեկություններ են հրապարակել Բարդակյանի մարզչական գործունեության մասին: Բարդակյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ամերիկահայերից: Օրինակ, ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային ընկերակցության Նյու Յորքի գրասենյակի ղեկավարներից Քրիստոֆեր Պողոսյանը հետեւյալն է նշել. «Շատ ոգեւորվեցի, տեղեկանալով, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարլ Բարդակյանը: Դա հիանալի է, նա կարող է դրական լիցքեր հաղորդել բասկետբոլիստներին եւ հաջողության հասնել: Կարլը մարզչական զգալի փորձ ունի, իր ուժերը կներդնի հայ բասկետբոլիստների հաջող ելույթների համար, ինչը հայերին հպարտանալու առիթ կտա»: Բարդակյանին շնորհավորողների թվում է նաեւ նախկին բասկետբոլիստ Ջիմի Քինգը: Բարդակյանը շատ լավ ճանաչում է ԱՄՆ-ում հանդես եկող հայազգի բասկետբոլիստներին ու մշտական կապի մեջ է նրանցից շատերի հետ: Մարզիչը հենց ԱՄՆ-ում է սկսելու նախապատրաստել ՀՀ հավաքականին ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության C խմբի մրցաշարին: Հավաքականի կազմում կընդգրկվեն նաեւ Ռուսաստանում ու Իրանում հանդես եկող հայազգի բասկետբոլիստները: |