ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ 6 ՇՐՋԱՆՈՎ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի այս տարվա առաջնությունը նախատեսվում է անցկացնել 6 շրջանով 8 թիմերի մասնակցությամբ, քանի որ հաջորդ մրցաշրջանից աշուն-գարուն մրցակարգին անցնելու կապակցությամբ մրցաշարը եզրագիծը հատելու է 2013-ի մայիսին: Այսպիսով, յուրաքանչյուր թիմ կանցկացնի 42 հանդիպում: Առաջնության մեկնարկային տուրի հանդիպումները տեղի կունենան մարտի 24-25-ին: Իսկ մինչ այդ մարտի 17-18-ին կկայանան 2012-ի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ մրցախաղերը: 42 հանդիպումներից 32-ը կանցկացվեն այս տարի, իսկ ավարտական 10 տուրերը կկայանան հաջորդ տարվա մարտ-մայիս ամիսներին: Մրցակարգի համաձայն բարձրագույն խմբում 8-րդ տեղը գրաված թիմն իր տեղը կզիջի առաջին խմբի հաղթողին: Այստեղ հանդես կգան 10 թիմեր, որոնցից 8-ը բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերն են: Փաստորեն, բարձրագույն խմբի միակ ուղեգրի համար կպայքարեն 2 նորաստեղծ թիմերըՙ «Քինգ Դելյուքսը» եւ «Մարտունի-Ալաշկերտը»: Առաջին խմբի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով: 36 հանդիպումներից 27-ը թիմերը կանցկացնեն այս տարի: Առաջնության առաջարկվող մրցակարգը պետք է քննարկվի ու հաստատվի ՀՖՖ գործկոմի նիստում: |