ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻ. «ԴԻՆԱՄՈՅՈՒՄ» ԱՆՑԿԱՑՐԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՏՈՆ Է» Ռոման Բերեզովսկու նորամուտը Մոսկվայի «Դինամոյում» հաջող անցավ: Իսպանիայում Պրահայի «Սպարտայի» հետ հանդիպման 2-րդ խաղակեսից տեղ զբաղեցնելով թիմի դարպասում, Ռոման Բերեզովսկին անառիկ պահեց այն: Փորձառու դարպասապահը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադությանը: - «Դինամոյում» անցկացրած յուրաքանչյուր օր ինձ համար տոն է: Երջանկություն է խաղալ հարուստ կենսագրություն եւ ուժեղ ֆուտբոլիստներ ունեցող թիմում: - Տեղափոխությունից հետո նշել էիր, որ 110 տոկոսով ես ներդնելու ուժերդ: Արդյոք դա ավելորդ ոգեւորություն չէ՞ր, որը հետագայում կարող է աստիճանաբար մարել: - Ոչ: Սակայն ինձ համար առայժմ դժվար է, քանի որ վերջին տարիներին մի փոքր այլ կերպ եմ մարզվել: Այստեղ առաջին խմբի համեմատ ամեն ինչ ավելի արագ է կատարվում, հարվածներն էլ ուժեղ ու դիպուկ են: Կարծում եմ, որ շուտ կհարմարվեմ ու ամեն ինչ նորմալ կլինի: - Դարպասապահները 40 տարեկանում էլ բարձրակարգ խաղ են ցուցադրում: Այնուամենայնիվ զգո՞ւմ ես, որ արդեն 20 տարեկան չես: - Առանձին վարժություններ կատարելիս տեսնում եմ, որ մեր երիտասարդ դարպասապահների ցատկունակությունն ավելի բարձր է: Իսկ իմ հասակակիցներն ավելի շատ ապավինում են փորձին: Խաղերի ընթացքում այն օգնում է ճիշտ ընտրել դիրքը, հուշել խաղընկերներին, գուշակել մրցակցի գործողությունները: - Հայաստանի հավաքականում հանդես գալը հենց այն բարձր մակարդակն է, ինչ-որ պրեմիեր լիգայում: - Մի կողմից դա իրոք այդպես է: Սակայն մյուս կողմից հավաքականի խաղերը քիչ են, իսկ պրեմիեր լիգայում յուրաքանչյուր շաբաթ գերլարված մրցախաղեր են: - 37 տարեկանո՞ւմ էլ շարունակում ես մարզումներից հաճույք ստանալ: - Մեծ բավականություն եմ ստանում ոչ միայն պարապմունքներից, այլ նույնիսկ պարզապես թիմում գտնվելիս: Երեխայի պես ուրախանում եմ շուրջս կատարվողի համար: Հիշում եմ, որ նմանօրինակ զգացումներ ունեի, երբ նոր էի սկսել կարիերաս: Օրինակ, թիմով ավտոբուսով մեկնում ես ինչ-որ տեղ եւ հպարտություն ես զգում: Այժմ էլ նույն բանն է: - 18-ամյա Վանյա Սոլովյովը քո համար կարծես որդի լինի: - Վերջին տարիներին սովոր եմ, որ թիմի անդամների մի մասը 2 անգամ փոքր է ինձանից: Մի քանի տարի առաջ, երբ «Խիմկիի» կազմը կտրուկ երիտասարդացվեց, ոմանց համար իմ տարիքով նույնիսկ կարող էի նրանց մարզիչը լինել: Երիտասարդները սկզբում ինձ դուք-ով էին դիմում, հետո ընտելացան ու սկսեցին Բերյոզա անվանել: - Իսկ ինչպե՞ս էիր դրան վերաբերվում: - Խնդիր չկար: Ընդհակառակը, նույնիսկ հաճելի էր, երբ քեզ այդպես էին անվանում, քանի որ ավելի երիտասարդ ես զգում: - «Դինամոյից» հեռանալուց հետո ցավո՞ւմ էիր թիմի համար: - Այո, սկզբնական շրջանում շատ էի անհանգստանում, երբ թիմում դեռեւս ինձ ծանոթ ֆուտբոլիստներ էին խաղում: Թիմում մի խումբ ուժեղ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս: Սյոմինը հրավիրել էր այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների, ինչպիսին Սեմշովն ու Խոխլովն էին: Սակայն ինչ-որ բան չստացվեց: Բայց աստիճանաբար ամեն ինչ հարթվեց: Ես հետեւում էի, երկրպագում էի թիմին: - Հիշեցրու, թե ինչո՞ւ հեռացար թիմից: - Երբ Յուրի Սյոմինը ստանձնեց «Դինամոյի» ղեկը, միանգամից հասկացրեց, որ ավելի շատ վստահում է Սերգեյ Օվչիննիկովին: Բացի այդ ակումբի նախագահը հրավիրել էր Նունուին: Ստացվում էր, որ ես երրորդ-ավելորդն էի: Թեեւ դեռ մեկ տարվա գործող պայմանագիր ունեի «Դինամոյի» հետ, սակայն հասկացրեցին, որ ինձ հետ հույսեր չեն կապում: Առանց խաղալու հեռանկարի պահեստայինների նստարանին նստել չեմ կարող: Սովոր եմ, որ մշտապես խաղում եմ: Ուստի որոշեցի հեռանալ: - «Դինամոյում» հանդես գալու տարիներին ի՞նչն է առավել տպավորվել: - Թերեւս թիմի երկրպագուների վերաբերմունքը: Աստիճանաբար նրանք սկսեցին ինձ ավելի մեծ աջակցություն ցույց տալ: Նույնիսկ մեկ անգամ «Բերեզովսկի=Յաշին» մակագրությամբ պաստառ էին պարզել խաղի ժամանակ: Իհարկե, դա այդպես չէ, ինչ-որ մեկի հրահանգով պաստառն արագորեն հանվեց: Սակայն լեգենդար դարպասապահի հետ համեմատությունն ինձ դրական լիցք հաղորդեց: Ամենահիշարժանն այն էր, որ ֆուտբոլասերները երկնքի աստղերից մեկն անվանել էին իմ անվամբ: Ցավոք այն ժամանակ չհաջողվեց լուրջ արդյունքների հասնել: Միայն Վիկտոր Պրոկոպենկոյի օրոք էինք հավակնում մեդալների, սակայն վերջնագծում ձախողվեցինք: Ես էլ վնասվածք ստացա ու ստիպված էի մի շարք խաղեր բաց թողնել: - Երբ դու խաղում էիր «Դինամոյում», Շունինը դեռեւս պատանի էր: Կարո՞ղ էիր ենթադրել, որ Անտոնը կհավակնի Ռուսաստանի հավաքականում ընդգրկվելուն: - Այո: Շունինը դեռեւս այն ժամանակ հիանալի տվյալներ ուներՙ բարձրահասակ էր, ցատկունակ: Այնպես որ Գոնտարի ղեկավարությամբ բարձրակարգ դարպասապահ դառնալը ժամանակի հարց էր: - Քո կյանքում նոր էջ է բացվում: Ապագային լավատեսորե՞ն ես նայում: - Իհարկե: «Դինամո» տեղափոխվելն ինձ համար երեւի որդուս ծննդին հավասար իրադարձություն է: Այս մրցաշրջանի հետ մեծ հույսեր եմ կապում: |