ԹԱՏՐՈՆ ԵՎ ԹՇՎԱՌՆԵՐ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովը, որ նաեւ «Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարն է», ասել է, թե իրենք «պատրաստ են հանդիպելու ԼՂ «հայկական համայնքի ներկայացուցիչների» հետ»: Մինչ այդ թշվառության թատրոնի մենակատարի դերն ստանձնել էր Ֆարհադ Բադալբեյլին: Քանի որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը Սաֆարովին ձայնի իրավունքից զրկել էր` գտնելով, որ «այդ մարդը խոսել չգիտի»: Ամիսներ անց, պարզվում է, Սաֆարովը «վերագտել է» խոսելու կարողությունը: Դրանում, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն էր ակնարկել, մեծ է Փաշաեւների` Մեհրիբան Ալիեւայի հորենական ընտանիքի դերակատարությունը: Բայրամովը Փաշաեւների հետ բիզնես-համկալ է: Ըստ երեւույթին հենց դա էլ Սաֆարովին առիթ է տվել լրագրողներին «հավաստիացնելու, որ համայնքը կշարունակի իր ջանքերը»: Այսինքն` կշարունակի խեղկատակի դեր խաղալ Իլհամ Ալիեւի բեմադրած թշվառության թատերախաղում: Քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, Բայրամ Սաֆարովն իր մեծ ականջների հետեւը գուցե եւ տեսնի, բայց երբեք` «միջհամայնքային հանդիպում»: Դա բացառված է: «ԼՂ ադրբեջանական համայնք» պարզապես գոյություն չունի: Խոսքը իրավական բնութագրի մասին է: Կարգավորման հիմքում ընկած է ոչ թե «միջհամայնքային հաշտության», այլ` Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակի հայեցակարգը: Մինչդեռ խեղկատակի դեր ստանձնած Սաֆարովը երազում է «բանակցությունների սեղանի շուրջը նստել Լեռնային Ղարաբաղի որեւէ ներկայացուցչի հետ, որ ճանաչում է ադրբեջանական օրենքները»: Նա, ըստ երեւույթին, նման ծամածռություններ անում է, որպեսզի զվարճացնի Իլհամ Ալիեւին: Ի՞նչ արած, ստիպված է: Հակառակ դեպքում կկորցնի շահավետ բիզնեսը, որ, ինչպես «չար լեզուներն» են ասում, նրա տնօրինության տակ է անցել «ԼՂ ադրբեջանական համայնքի նախկին ղեկավար» Նիզամի Բայրամովի «հանկարծամահությունից» հետո: Եթե հրաժարվի, մեկ էլ տեսար հայտնի մարմինները բացահայտեցին, որ «խեղճ Նիզամին բոլորովին էլ հոժար կամքով չէ այն աշխարհ գնացել»: Շուշիում չէ՞ որ մեկ անգամ «գործադիր իշխանության ղեկավար» արդեն սպանել են` Գյոզալովին, երբ քաղաքը դեռեւս ազատագրված չէր: Մի խոսքով, այդ «իշխանության» հետ կապված շատ խառը հարցեր կան: Նաեւ` Վագիֆ Ջաֆարովի «պատահական» ներկայությունը 1991թ. նոյեմբերի 21-ին Աղդամի մերձակայքում խորտակված ուղղաթիռում, որ, ասում են, այն էլ ոչ այլ ոք, քան նույն օրերին Լեռնային Ղարաբաղում գործած ադրբեջանական հատուկ ջոկատների հրամանատար, հետագայում Բաքվում սպանված Ռովշան Ջավադովի վտարանդի եղբոր` Մահիր Ջավադովի անձնական բլոգի իրազեկ այցելուները, կազմակերպել է Աղդամում «Ալա Յագուբ» մականունով հայտնի Յագուբ Ռզաեւը: Սա էլ, ի դեպ, ըստ 2003թ. «Բակինսկի ռաբոչի» թերթում լույս տեսած մի հոդվածի, «ձերբակալվել եւ Բայիլի բանտում հանկարծամահ է եղել, որովհետեւ Խոջալուի դեպքերի մասին շատ բան գիտեր»: Ահա այսպիսի «թատրոն» եւ այս կարգի «թշվառներ», որոնցից մեկը` Բայրամ Սաֆարով անունով, ոչ միայն հավակնում է «բանակցել ԼՂ «հայկական համայնքի որեւէ ներկայացուցչի» հետ, այլեւ «նախապայման դնել` եթե նա ընդունում է ադրբեջանական օրենքները»: Ո՛չ, այ դուքանչի՛, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական «օրենք» ճանաչող մարդ չկա: Ոչ թե` որ դրանք լավն են կամ վատը, Աստծու սիրուն` դա իլհամահպատակների որոշելիքն է: Պարզապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի իր ե՛ւ սահմանադրությունը, ե՛ւ օրենքները: Սաֆարովների համար խեղկատակության պարտադրանքից ազատվելու, մարդկային կերպի գալու մի ճանապարհ կա` ընդունել ԼՂՀ սահմանադրությունն ու օրենքները, ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով անհատապես դիմել Արցախի նախագահին: Եվ այդ դեպքում ԼՂՀ պատկան մարմինները, համապատասխան ուսումնասիրություններից հետո` պարզելու համար, թե «սաֆարով»-ներից ով եւ ինչ հանցանք է գործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ նրա անկախ պետության հանդեպ կամ որքանով է անմեղ, յուրաքանչյուր դիմումատուի խնդրանքին կտան արժանի պատասխան: |