AZG Daily #86, 24-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#040, 2012-03-03 > #041, 2012-03-06 > #042, 2012-03-07 > #043, 2012-03-08 > #044, 2012-03-13
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 07-03-2012



Դիմանկար

Տեղադրվել է` 2012-03-07 23:08:46 (GMT +04:00)

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ՄԵՐ ՄԻԱԿ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Գոհար Բոտոյան

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի գործարար, տնտեսագիտության դոկտոր Սամվել Կարապետյանի մոտ հյուրընկալվելը, գոնե շատ կարճ ժամանակով, լրագրողներիս համար այնքան էլ դյուրին գործ չէ: Ո՛չ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն ամենեւին էլ անառիկ ամրոցներով իրեն պատսպարած անձնավորություններից չէ, պարզապես նրա ամեն ժամն ու րոպեն հաշվարկված եւ համաձայնեցված են իր գրասենյակի աշխատակազմի հետ: Իսկ եթե բախտդ բերում է, ու արժանանում ես ցանկալի հանդիպմանը, ապա կարճ ժամանակ անց արդեն հասկանում ես, որ քո առջեւ նստած է չափից ավելի անկեղծ եւ վերին աստիճանի կիրթ ու սիրալիր մի անձնավորություն, ում կրծքի տակ բաբախում է մեծ ու անսահման սերը իր ընտանիքի, հարազատների, Հայաստանի եւ մանավանդ հայրենի եզերք Տաշիրի հանդեպ: Նաեւ զարմանում ու ապշում ես, որ համատարած նախանձի ու չարության մեր այս ժամանակներում Սամվել Կարապետյանն իրեն համարում է հումանիստ եւ անսահման սիրով է խոսում մարդկանց մասին` ընդգծելով, որ միայն բարությունը կփրկի աշխարհը, եւ ընդհակառակը, համոզված է, որ կյանքի հիմնասյուները խարխլող եւ անհաջողությունների պատճառը մարդկային նախանձն ու չարությունն են: Եվ որպես զորեղ ապացույց` այսօր արդեն 47-ամյա Կարապետյանը բերում է իր անցած ճանապարհը, որը փայլուն օրինակ է, թե ինչպես կարելի է զրոյից հասնել աննախադեպ հաջողությունների: Բայց մինչ այդ` համառոտ այցեքարտ.

Ծնվել է 1965 թվականին ՀՀ Կալինինոյի շրջանում (վերանվանվել է Տաշիրՙ հենց իր ջանքերով): 1986 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը: 90-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստան եւ հաստատվել Կալուգայում: Բացել է սկզբում մեկ խանութ, ապա երկրորդը, երրորդը... տասներորդը եւ այդպես տարիների ընթացքում զարգացրել ու հզորացրել է իր բիզնեսը: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Օտար երկրում, առանց կապերի, առանց սկզբնական կապիտալիՙ Սամվել Կարապետյանին հաջողվեց դառնալ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Այն դժվարին 90-ականներին, երբ ռուսական շուկայում գործող բիզնեսների մեծամասնությունը շլացած էր նավթի եւ մնացած արտահանվող հումքի բարձր գներով, նա հեռատեսորեն պահում էր իր միջոցները «սեւ օրվա» համար: Եվ ահա, երբ շատերը չկարողացան փակել նախկինում բավական բարձր տոկոսներով վերցված վարկերը, ինչի հետեւանքով անշարժ գույքի, հատկապես կիսակառույց նախագծերի, գները կտրուկ իջան, Սամվել Կարապետյանն օգտագործեց այդ հնարավորությունը եւ ճիշտ ժամանակին ընդլայնեց իր բիզնեսը` մեծ հետաքրքրություն ցուցաբերելով ճգնաժամի հետեւանքով արժեզրկված անշարժ գույքի ձեռքբերման վրա, գնելով նաեւ մասնաբաժիններ տարբեր նախագծերում, այդ թվումՙ «Մոսկվա սիթի» երկնաքերների թաղամասում գտնվող հյուրանոցում: 2011 թվականին անշարժ գույքի գները կրկին սկսեցին վերականգնվել, եւ Սամվել Կարապետյանը համալրեց միլիարդատերերի էլիտար ակումբը:

Նախորդ մեկ տարվա ընթացքում «Տաշիր» առեւտրաարդյունաբերական խումբն իրականացրել է սեփական առեւտրային կենտրոններում մանրածախ առեւտրի նոր սրահների բացման ներդրումային մի շարք ծրագրեր, մասնավորապես «Տաշիր» առեւտրի եւ զվարճանքի կենտրոններում բացվել են դեղատների ցանց, հուշանվերների համար նախատեսված խանութների եւ մուլտիբրենդային խանութների ցանց, ինչպես նաեւ օծանելիքի ու կոսմետիկայի խանութներ:

«Տաշիր» ընկերությունների խումբը ստեղծվել է 1999 թվականին, այսօր ընկերությունն ունի շուրջ 200 ձեռնարկություն` ավելի քան 30.000 աշխատատեղով, որոնցում առավելապես ներգրավված են հայեր` իր հայրենակիցները:

2011թ. տվյալներով` «Տաշիր գրուպը» Ռուսաստանի մեծ քաղաքներում ունի 65 առեւտրային ձեռնարկություններ: Ականատեսներին պարզապես հիացմունք են պատճառում ՌԴ մայրաքաղաքում Սամվել Կարապետյանի մտահղացմամբ կառուցված էլիտար շենքերը, որոնք միայն բիզնես կարգի են եւ աչքի են ընկնում հարմարավետությամբ, բարձր որակով ու ճաշակով: Նույն հիացմունքն ես ապրում նաեւ Մոսկվայի «Տուլսկայա» մետրոյի հարեւանությամբ հպարտորեն վեր խոյացող «Երեւան-պլազա» առեւտրի կենտրոն այցելելով. այստեղ նույնպես ամեն ինչ կատարյալ է, նպատակային, կոլորիտով ու ճաշակով:

Ըստ ուսական «Финанс» ամսագրի հրապարակած տեղեկությունների` 2011 թ. Ռուսաստանի 500 ամենահարուստ մարդկանց վարկանշային պատկերն այսպիսին է. 2010 թ. համեմատությամբ ցուցակում հայտնված հայերի թիվն աճել է 4-ով եւ կազմել 13: Ռուսաստանաբնակ հայազգի գործարարների ընդհանուր կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 2,71 միլիարդ դոլարով կամ 56,5%-ով եւ կազմել 7,51 միլիարդ դոլար: Ըստ «Финанс»-ի` Ռուսաստանի ամենահարուստ հայ գործարարը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է: Նրա կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 502 միլիոն դոլարով, եւ ներկայումս նրա կարողությունը գնահատվում է 1,4 միլիարդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ հայերի տասնյակի մեջ է, իսկ ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է մեծ բարերար Քըրք Քըրքորյանը: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց շարքում Սամվել Կարապետյանը 73-րդն է, աշխարհում` 879-րդը: Անշարժ գույքով զբաղվող գործարարների ցուցակում նա 3-րդ տեղում է:

«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը տաղանդավոր գործարար լինելուց բացիՙ նաեւ արվեստ սիրող ու գնահատող անձնավորություն է, հարուստ ներաշխարհով լի ստեղծագործ մարդ: Ամենավառ վկայությունը արդեն հինգ տարի շարունակ մեծ շուքով անցկացվող «Տաշիր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն է, որը մտահղացել է հենց ինքը: Նպատակը դարձյալ սերն է հայրենիքի ու Հայաստան աշխարհի մշակույթի հանդեպ, նա ցանկանում է, որ հայ մշակույթը մշտապես լսելի ու տեսանելի լինի մեծ բեմերում, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ ճանաչեն մեզ, ցանկանում է, որ այդ մրցանակաբաշխությունների ընթացքում մեծարվեն բոլոր այն արտիստները, ովքեր իրենց կյանքի ընթացքում հայկական մշակույթը զարգացնելու եւ ամբողջ աշխարհում ներկայացնելու մեջ ներդրում են ունեցել: «Տաշիր»-ի փառատոներին մասնակցում են նաեւ համաշխարհային աստղեր, որը նույնպես Կարապետյանի մտահղացումներից է:

Արվեստասեր լինելուց բացիՙ Սամվել Կարապետյանը նաեւ հումորով օժտված, լավ հումորը գնահատող եւ կյանքի որոշակի իրավիճակներում իրեն առնչվող դեպքերին հումորով վերաբերվող անձնավորություն է: Այդպես է վարվում նաեւ ռուսաստանյան եւ հայաստանյան մամուլի որոշ միջոցներում իր անվան շուրջը պտտվող անվերջանալի բամբասանքների, ասեկոսեների, անգամ զրպարտությունների եւ չարախոսությունների նկատմամբ` քաջ գիտակցելով, որ եթե ինքը լրջորեն եւ սրտին մոտիկ ընդունի չարախոսությունը, ուրեմն դրանց հեղինակները կմտածեն, որ կարողացել են հասնել իրենց նպատակին եւ Կարապետյանին հաղթել են: Իսկ շրջանառվող լուրերի այդ հորձանուտում լինում են նաեւ «առողջ բամբասանքներ»: Օրինակՙ վերջերս մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է 500 միլիոն եվրոյով գնել աշխարհահռչակ իտալական Roberto Cavalli նորաձեւության տունը: Իսկ ռուսական ԶԼՄ-ներն էլ, հղում անելով իտալական առաջատար Il Sole 24 Ore պարբերականին, գրում են, որ մի քանի տարի առաջ Սամվել Կարապետյանի ընկերությունը գործարկել է Casa Italia նախագիծը, որով նախատեսվում է Մոսկվայի Կարմիր հրապարակի եւ Կրեմլի հարեւանությամբ բացել իտալական ամենահայտնի բրենդների բուտիկներ, եւ հենց այդ շրջանակներում էլ նա ցանկանում է գնել նորաձեւության տունը:

Կամ էլ վերջերս լրատվամիջոցներում մի շարք հրապարակումներ եղան, որ ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան կազմակերպել էր բարեգործական երեկո, որի նպատակն էր դրամական միջոցներ հավաքել մայրաքաղաք Մոսկվայում եկեղեցու կառուցման համար: Այս ծրագրին իր մասնակցությունն է ունեցել նաեւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը` Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, եկեղեցու կառուցմանը հատկացնելով 5 միլիոն ԱՄՆ դոլար: Նշվում էր նաեւ, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Ռուսաստանի Դաշնությունում մասնակցելով այս տեսակ ակցիաների, ցանկանում է առավել ապահով եւ կայուն դարձնել այն միջավայրը, որտեղ բնակվում են մեր բազմաթիվ հայրենակիցները: Լրատվամիջոցները նաեւ նշում են, որ վերջերս Մոսկվայում կազմակերպված «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործական ճաշկերույթին Սամվել Կարապետյանը մեկ միլիոն դոլարի նվիրատվություն է արել:

Իրողությունը մեկն է` Սամվել Կարապետյանը բարեգործություններ եւ նվիրատվություններ իրոք սիրում է անել, սակայն անում է սրտի կանչով, առանց պարտադրանքի, անում է անաղմուկ եւ առանց ավելորդ թմբկահարումների:

Հավատարիմ նախնյաց կանչին եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատգամներին` Սամվել Կարապետյան հայորդին 10 միլիոն դոլար է նվիրաբերել Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցման գործին, իսկ վերջերս էլ 15 միլիոն դոլար փոխանցեց Սուրբ էջմիածին մայր տաճարին...

Լինելով չափազանց պատրաստակամ անհատ, նա, ապրելով Ռուսաստանում, չի կարող անտարբեր մնալ Հայաստանի մտահոգությունների նկատմամբ, ուստի մշտապես ակտիվ ու նախաձեռնող է հայրենիքի շենացման նախաձեռնություններում եւ ցանկանում է իր ներդրումն ունենալ հայրենիքը բարենորոգելու գործում:

Ըստ Սամվել Կարապետյանի դավանանքի` «Հայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ անկախ աշխարհագրական հեռավորությունից, յուրաքանչյուրիս հոգու ու սրտի մի մասը մշտապես հայրենիքում է, ապրում է մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր եղբայրների ու քույրերի ցավով ու մտահոգությամբ»: Նա համոզված է նաեւ, որ «Անկախ որեւէ մեկի ֆինանսական կարողության չափից, մեր միակ հարստությունը մեր հայրենիքն է, մեր միակ հպարտությունը մեր արմատներն են, ու մենք բոլորս` ազգովին, հարուստ կլինենք միայն այն ժամանակ, երբ շեն ու ծաղկող տեսնենք մեր երկիրը»:

Ահա այս համոզման տեր, մայր հայրենիքի սիրասուն որդին բազմիցս ձեռք է մեկնել իր երկրին, մի շարք անգամներ սիրահոժար արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանին ձեռք մեկնելու կոչերին` լուրջ եւ ծանրակշիռ ներդրումներ է կատարել, աջակցել հայրենիքի ամենատարբեր ձեռնարկումներին` համոզված լինելով, որ կօժանդակի մեր պետականությանն ու կծառայի գալիք սերունդներին:

Իսկ օրերս էլ ուրախությամբ տեղեկացանք, որ բարեգործական հուշագիր է ստորագրվել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ «Տաշիր» հիմնադրամի միջեւ: Հուշագրով նախատեսվում է, որ հինադրամը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի հայազգի քաղաքացիներին: Այն նաեւ ֆինանսական աջակցություն է նախատեսում է ՀՀ, ԼՂՀ եւ Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն ուսուցիչների համար: Հուշագիրը ստորագրելուց հետո կողմերը հավաստիացրին, որ շատ թափանցիկ եւ օբյեկտիվ կերպով կընտրվեն կրթաթոշակառուները, այն նոր համագործակցությունների հիմքեր է ստեղծում եւ այս նախաձեռնության մեջ չկա ոչ մի քաղաքական քայլ:

Համառոտակի` ինձ համար այսպիսին էր Սամվել Կարապետյան մարդու, հայրենասերի եւ գործարարի դիմապատկերը, որը, համոզված եմ, փայլուն օրինակ կհանդիսանա նաեւ մյուսների, մանավանդ` գալիքի մեր հայորդիների համար: Արժե նաեւ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, խորհի նրա արտաբերած այս խոսքերի շուրջը` անկախ մեր ֆինանսական կարողության չափից. մեր միակ իրական հարստությունը մեր հայրենիքն է, մեր միակ հպարտությունը մեր արմատներն են ու մենք բոլորս հարուտ կլինենք այն ժամանակ, երբ շեն ու ծաղկող տեսնենք մեր երկիրը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 07-03-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua